Հերթական քրեական պատմությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվան շուրջ

Հերթական քրեական պատմությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվան շուրջ

«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանին:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սամվել Սահակյանը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պաշտոնական փաստաթղթերով ցույց է տվել իրականությանը չհամապատասխանող ներդրումներ, որ վերջինս իբր կատարել է 2009 և 2010 թվականներին, և որոնք պետք է ուղղված լինեին ենթակառուցվածքների զարգացմանը:

«Աուդիտորական եզրակացությամբ ուղղակիորեն արձանագրվել է, որ կազմակերպության կողմից ակտիվների վաճառքից ստացած գումարներից առանձնապես խոշոր չափի գումար չի ներդրվել ենթակառուցվածքների զարգացմանը՝ այդպիսով ենթադրաբար կատարելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և կեղծ փաստաղթղթերի օգտագործում:

Ենթադրվում է, որ հիշյալ հաշվարկների իսկության համար պատասխանատվություն կրում են գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը, որը պաշտոնավարել է 2008-2012 թվականներին, գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը, քանի որ որ ֆինանսական բնույթի հաշվետվությունները ներկայացվում են գլխավոր հաշվապահի և տնօրենի կողմից»,-ասաց Սամվել Սահակյանը:

Սամվել Սահակյանի խոսքով՝ քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվների սեփականատերը ՀՀ-ն է, կոնցեսիոն ակտիվների վաճառքից ստացված եկամուտները պատկանում են ՀՀ-ին, սակայն ՀՀ-ի համաձայնությամբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն իրավունք ուներ վաճառել այդ ակտիվները և ներդնել դրանք ենթակառուցվածքների զարգացմանը: Ցանկացած այլ ուղղությամբ ներդրումն ապօրինի է:

«Ըստ հիշյալ աուդիտորական եզրակացության՝  ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող առանձնապես խոշոր չափերով ավել գումարներ, որ իբր ներդրվել են ենթակառուցվածքների զարգացման մեջ, որով էական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետության օրինական շահերին և առաջացրել ծանր հետևանքներ»,-ասաց նա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով:

 

 

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *