Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված փողոցը չնախատեսված վայրով անցնող քաղաքացիների համար. տուգա՞նք, թե՞ զգուշացում

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված փողոցը չնախատեսված վայրով անցնող քաղաքացիների համար. տուգա՞նք, թե՞ զգուշացում

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ քաղաքացիների համար փողոցներն օրենքով չնախատեսված վայրերով անցնելը, ո՞րն է օրենք խախտելու պատճառը, այս ամենի մասին ենք զրուցել փաստաբան Արամազդ Կիվիրյանի և ավտովարման դասընթացների վարորդ-հրահանգիչ Երվանդ Խաչատրյանի հետ:

Նշենք, որ հետիոտնների՝ փողոցն անցնելու մասին հիմնական պարտականությունները սահմանվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված այդ կանոնները խախտած անձանց համար:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշում է, որ հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով (3.000 ՀՀ դրամ),  կան դեպքեր, որ տուգանվում են հնգապատիկի, տասնապատիկի չափով և այլն: Օրինակ, եթե հետիոտնի պատճառով ստեղծվել է վթարային իրադրություն, վերջինս տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000  ՀՀ դրամ):

Սակայն, ըստ փաստաբանի, իր աշխատանքային պրակտիկայում չեն հանդիպել դեպքեր, երբ հետիոտնը կատարած խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվի.

«Ոստիկանները շատ անգամ չեն տուգանում մարդկանց, հասկանալով, որ տվյալ վայրում չկա հարմարավետ անցումային հատված, դա է պատճառը, որ շատ անգամ մարդիկ զգուշացվում են ընդամենը սուլիչի միջոցով։ Այդպիսի զգուշացնող գործողություններ տեղի են ունենում հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում, այն էլ օրվա այն ժամերին, երբ փողոցները խցանված են,-ասաց Արամազդ Կիվիրյանը և հավելեց,-սա համապետական խնդիր է, որին պետք է լուծում տրվի՝ մարդկանց օրինական դաշտ բերելով և, որքան հնարավոր է, հեշտ և հասանելի ճանապարհով»:

Փաստաբանի խոսքով՝ իրավախախտ հետիոտները մեր երկրում չեն պատժվում նաև ոստիկանների ոչ բավարար ռեսուրսի պատճառով. «Գուցե, չկան բավական թվով ոստիկաններ, որոնք ի  վիճակի են հսկել հետիոտններին, ընդ որում, դա պետք է կատարվի անմիջականորեն տեսնելով, որովհետև տեսախցիկի պարագայում անձին նույնականացնելը շատ դժվար է»,-ասաց փաստաբանը:

Հետիոտններն էլ, ըստ Արամազդ Կիվիրյանի, կարող են ունենալ իրենց արդարացումները.

«Քաղաքի տարբեր հատվածներում ուղղակի չկան համապատասխան անցումային հատվածներ կամ այնպիսին են, որ դրանցից օգտվելը, գրեթե, անհնար է։ Բոլորս ծանոթ ենք, թե մեր քաղաքի տարբեր հատվածներում գետնանցումներն ինչ վիճակում են, և ստիպել  քաղաքացուն, որ նա անցնի այնպիսի տեղով, որտեղ կարող է, օրինակ, գարշահոտություն տիրել՝ այդքան էլ իրավաչափ չէ: Հայաստանի գետնանցումներում առկա պայմաններից հաճախ անհնար է օգտվել, օրինակ, այնտեղ առկա են տարածքներ, որոնք նախատեսված են սայլակների համար, սակայն այդ թեքության պարագայում դժվար է պատկերացնել՝ ինչպես օգտվել դրանցից»,-ասաց նա:

Ավտովարման դասընթացների վարորդ-հրահանգիչ Երվանդ Խաչատրյանը նշում է. «Մարդիկ, փողոցը սխալ անցնելով, ոչ միայն իրենց են վտանգում, այլև վարորդին, կամ, գուցե, պատահարի դեպքում՝ ականատեսներին, օրինակ՝ նյարդերից թույլ մարդկանց։ Ինչի՞ համար է այս ամենը, եթե կարելի է ընդամենը անցնել այն վայրերով, որոնք նախատեսված են անցում կատարելու համար»:

Երվանդ Խաչատրյանի խոսքով՝ մարդիկ պետք է փողոցն անցնելու կանոններն իմանան դեռևս փոքր տարիքից, ընտանիքներում պետք է խոսվի այդ մասին. «Այդպես են անում արտասահմանում, իսկ մեզ մոտ մայրը, երեխայի ձեռքից քաշելով, սխալ հատվածով կարող է անցնել»,-ասաց նա:

Լիլիթ Խանոյան

 

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *