Գործում կարևոր է սերը, նվիրվածությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը. Ալլա Սարգսյան

Գործում կարևոր է սերը, նվիրվածությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը.  Ալլա Սարգսյան

GPnews.am«Երազանքից իրականություն» շարքի շրջանակում զրուցել է մասնագիտությամբ մանկավարժ Ալլա Սարգսյանի հետ: Ինչպե՞ս ստացվեց, որ Ալլա Սարգսյանը մանկավարժությունից անցում կատարեց ֆիանսների աշխարհ, ինչպե՞ս ստեղծեց սեփական բիզնեսն ու արդյունավետ օգտագործեց կարանտինային ռեժիմը…Այս մասին և ոչ միայն, կպատմի ինքը՝ Ալլան:

Մասնագիտական ուղու մեկնարկ. մանկավարժությունից անցում ֆինանսների աշխարհ…

Արդեն դպրոցական տարիներից պարզ էր, որ ես պետք է մաթեմատիկայի աշխարհում լինեմ: Մաթեմատիկան սեր է… խնդիր լուծելը գերագույն հաճույք: Սակայն ծնողներս շատ էին ցանկանում, որպեսզի ընտրեմ մանկավարժի մասնագիտությունը, աշխատեմ դպրոցում: Նրանց հորդորով ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ Ֆիզմաթ ֆակուլտետ: Ի զարմանս ինձ՝ սկսեցի սիրել մանկավարժի մասնագիտությունը: Պետք է խոստովանեմ, որ այդ հարցում մեծ էր նաև դասախոսներիս դերը: Բայց այնպես ստացվեց, որ համալսարանն ավարտելը համընկավ 2001թ.-ի դպրոցների օպտիմալացման հետ, ուստի դժվարացավ նորավարտ մանկավարժի աշխատանք գտնելը:

Աշխատանք փնտրելուն զուգահեռ, իմ բնավորությանը հավատարիմ, սկսեցի ինքնակրթվել: Նախ բանկային գործ սովորեցի, հետո աուդիտորական ընկերությունում անցա հաշվապահական կուրսեր, որոնք հիմք դրեցին աշխատանքային առաջին քայլերիս. նույն ընկերությունում անցա աշխատանքի և աշխատեցի ֆինանսների ոլորտում շուրջ 10 տարի:

Եթե անկեղծ, ուրախ եմ, որ նման կերպ դասավորվեց ամեն ինչ և դպրոցում չաշխատեցի: Կարելի է ասել՝ ամբողջությամբ տարվեցի ֆինանսական հաշվարկներով ու հայտնվեցի իմ սիրելի թվերի աշխարհում:

Հայկական առաջին բիզնես դպրոց…

2016-2017թթ սովորել եմ Հայկական առաջին բիզնես դպրոցում, եղել եմ առաջին շրջանավարտներից: Այդ ընթացքը շատ եմ կարևորում կյանքումս, քանի որ ձեռք եմ բերել ոչ միայն պրակտիկ գիտելիքներ, փորձ, այլ նաև մեծ կապեր և ծանոթություններ:

 Ծնվեց հայրիկ-մայրիկների օգնականը՝ Mapa.am-ը

Ես առհասարակ մշտապես աշխատանքի մեջ եմ. անգործ մնալն ինձ համար չէ: Անգամ, երբ երկրորդ երեխայիս խնամքի արձակուրդում էի գտնվում, աշխատում էի: Այդ ընթացքում քանի որ զբաղվածությունս մեծ էր՝ ժամանակս խնայելու ու փնտրտուքներս հեշտացնելու նպատակով կյանքը հեշտացնող հավելվածներ ու կայքեր գտա:

Փնտրտուքների արդյունքում հասկացա, որ չկա մի հարթակ, որը ծնողներին կդրամադրի ամբողջական տեղեկատվություն՝ այս կամ այն մանկական ապրանք, արտադրանք վաճառող կամ ծառայություն մատուցող ընկերությունների մասին: Միտք ծագեց ստեղծել պորտալ, որն ինձ պես գերզբաղված ծնողների համար կլինի ժամանակը խնայելու, մատչելի և անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու հարթակ:

Անվանումը ստեղծվեց պատահական. աղջկաս միտքն էր: Անվանումն արդեն իսկ ոգևորիչ էր և մոտիվացնող: Մինչ կայքը կպատրաստվեր, ես ժամանակ չկորցրեցի. սկսեցի մշակել բիզնես պլան ու կատարվելիք գործողությունների ցանկը…

Mapa.am մանկական տեղեկատվական պորտալում հնարավոր է գտնել մանկական ապրանք, արտադրանք վաճառող ընկերություններից մինչև բուժական հաստատությունների  մասին մանրամասն ինֆորմացիա: Կայքում գրանցվելուց հետո «մապաներ»-ը (մամաներ, պապաներ) հնարավորություն ունեն թողնելու կարծիք  և գնահատական հաստատությունների մասին՝ դրանով իսկ օգնել մյուս ծնողներին ընտրություն անելու հարցում:

Mapa.am թիմը կազմակերպում է նաև ուսուցողական սեմինարներ մայրիկների և ինտելեկտուալ ու ժամանցային միջոցառումներ՝  երեխաների համար: Սեմինարները շատ լավ հնարավորություն են ստեղծում ծնողների համար, որոնք կարողանում են իրենց հուզող հարցերը հղել հենց մասնագետներին:

Mapa.am-ի մի տարեկանին նվիրված կազմակերպել էինք #mapaforkids բացօթյա միջոցառումը, որը լավ հնարավորություն ստեղծեց ծնողներին ծանոթանալու մանկական ընկերությունների հետ տեղում:

Mapa.am-ը համարում եմ իմ երրորդ բալիկը, որը ոչ մի րոպե անուշադրության չի մատնվում: Աշխատանքս կատարելիս միշտ դիտարկում եմ որպես ծնող, մայր: Մտածում եմ՝ արդյոք ինձ բավարա՞ր է այն ինֆորմացիան, որն առկա է: Կարևորում եմ մապաների կարծիքը ևս:

Ցավոք, այս պահին պասիվացել ենք, քանի որ արտակարգ դրություն է, իրավիճակի բարելավումից հետո նախատեսում ենք առավել ակտիվ գործունեություն ծավալել՝ լրացնելով այս ամիսների բացը:

«Գունավորիկ»-ի ծնունդը գունավորեց կարանտինի անգույն օրերը…

Իրականում կարանտինային ռեժիմը բացասականի հետ մեկտեղ ունեցավ նաև դրական կողմ: Երեխաներիս հետ սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել: Միասին խաղում էինք, մեզ համար զբաղմունք հորինում: Մի օր էլ որոշեցինք կավիճ պատրաստել:

Կավճի պատրաստման համար վերցրեցինք խմորեղենի համար նախատեսված ֆորմաներ, պատրաստեցինք գունավոր, գեղեցիկ, կերպարային կավիճներ: Ինչից հետո՝ որոշեցինք փորձարկում իրականացնել բակում:

Զբոսայգում գտնվող երեխաների ուրախությունն ու ծնողների հետաքրքրությունը մեր կավիճների նկատմամբ տեսնելով՝ հասկացա, որ պետք է անցնել գործի:

Գաղափարը զարգացրինք ամուսիններով. ընտրեցինք անվանում՝ «Գունավորիկ», լոգո և առանց ժամանակ կորցնելու սկսեցինք արտադրությունը:

Անկեղծ ասած՝ աննախադեպ էր: Կերապարային «Գունավորիկ»-ները կարճ ժամանակում մեծ ճանաչում ունեցան: Արդեն 700 տուփ սպառել ենք: Եթե այս տեմպերով շարունակենք սպառումը, ապա մյուս տարի նախատեսում ենք նաև արտահանել:

Սիրելի զբաղմունքները…

Ճամփորդել շատ եմ սիրում. այն իմ տարերքն է: Այս տարի հնարավորություն ունեցանք ընտանիքով բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը: Ընտանիքիս հետ անցկացրած ժամանակն առհասարակ շատ եմ կարևորում: Մենք ունենք այսպես կոչված՝ «սուրբ կիրակիներ». դրանք ընտանեկան օրեր են մեզ համար:

Իմ մյուս տարերքը՝ խոհանոցն է: Սիրում եմ համով ուտել ու հետևաբար՝ պատրաստել, իմպրովիզներ անել խոհանոցում: Համեղ ուտեստների պակաս չենք ունենում:

Աշխատանքում հաջողության հասնելու համար կարևոր է…

Կարևոր է ունենալ մեծ սեր և ցանկություն արածդ աշխատանքի նկատմամբ: Ես սա իմ փորձով եմ ասում: Ինչ անում եմ՝ սիրով եմ անում: Հավատացեք՝ ցանկացած գործում հաջողության հասնելու գրավականը սիրով աշխատելն է: Գուցե հենց սերն է, որ ստիպում է աշխատել՝ առանց ժամացույցին նայելու:

Եթե անգամ լինում են դժվարություններ, խոչընդոտներ, անկումներ, ապա չպետք է վախենալ ու խուսափել դրանցից, քանի որ դրանք միայն օգնում են: Օգնում են գնահատել իրավիճակը, ժամանակը, շտկել սխալները, անգամ նոր գաղափարներ են ծնվում: Երբեք չպետք է հուսահատվել:

Այս պասիվ կարանտինային վիճակը կարծում եմ շատերի համար էր բարդ շրջան, ինձ համար ևս: Ես փորձեցի իսկապես պահը ճիշտ գնահատել և օգտագործել այն արդյունավետ:

Շարունակական ինքնակրթություն, որը ծնում է նոր գաղափարներ…

Ինքնակրթվելն ինձ մոտ շարունակական բնույթ է կրում: Մենք այնպիսի դարում ենք ապրում, որ ամեն բան փոխվում է, նորանում, ընդ որում՝ շատ արագ, ուստի պետք է ժամանակին համահունչ քայլել:

Ինքնակրթվելու ընթացքում նոր գաղափարներ են ծնվում և հասկանում ես, որ ունեցածդ գիտելիքների պաշարն ու փորձը կարող են թույլ տալ իրականություն դարձնել գաղափարներդ և ավելիին հասնել:

Երազա՞նք, թե՞ նպատակ…

Եթե անկեղծ՝ որպես այդպիսին, երազանքներ չեմ ունեցել, այլ՝ հստակ նպատակներ: Ընդ որում՝ դրանք եղել են մտածված, գծված, պլանավորված: Հիմնականում իմ օրվա 24 ժամը պլանավորված է: Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես. գուցե մասնագիտական է:

Երազանքից իրականություն տանող կարևոր հատկանիշները…

Սեր, նվիրվածություն, աշխատասիրություն, արդարություն, ազնվություն արածդ գործում և գործիդ հանդեպ:

 

Գայանե Մելիքյան

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով