«Կյանքում ամեն ինչ սիրելով եմ անում. դա ամենակարեւոր բանն է, որով կարող եմ հպարտանալ». Անահիտ Մանասյան

«Կյանքում ամեն ինչ սիրելով եմ անում. դա ամենակարեւոր բանն է, որով կարող եմ հպարտանալ». Անահիտ Մանասյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտական ձեռքբերումների, երիտասարդ տարիքում հաջողության հասնելու և հետագա ծրագրերի մասին:

Նշենք, որ օրերս Անահիտ Մանասյանն ընտրվել է նաև Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ ստանալով դատավոր չհանդիսացող թեկնածուներից թվով ամենաշատ ձայները։

-Իրավագիտության ոլորտում այժմ հենց այն տեղո՞ւմ եք, որտեղ պատկերացրել եք:

-Անկեղծ ասած՝ կյանքում երբեք նյութականացված նպատակներ չեմ ունեցել։ Իրավագիտության բնագավառում էլ երբեք չեմ երազել որեւէ կոնկրետ գործունեության, աշխատանքի կամ պաշտոնի մասին։ Իմ հիմնական ձգտումը կյանքում ներդաշնակ ապրելու հնարավորություն ունենալն է, եւ աշխատանքային բնագավառը նշյալ վիճակում գտնվելու միջոցներից սոսկ մեկն է։ Ավելին, ինձ համար ապրել նշանակում է սիրել, սիրել լայն առումով՝ ինձ շրջապատող միջավայրը, մարդկանց, իրերը, աշխատանքը, վերջիններիս հետ կապված ցանկացած մանրուք։ Հետեւաբար, երբեք չեմ երազել մասնագիտական բնագավառում որեւէ կոնկրետ կետում գտնվելու մասին, այլ պարզապես ձգտել եմ այնպիսի աշխատանքային գործունեության, որն ինձ համար կարող է ներդաշնակության զգացողություն ապահովել։ Ավելին, երբեք չեմ շարունակել գտնվել այնպիսի միջավայրերում եւ իրավիճակներում, որոնք կարող են որեւէ կերպ խաթարել նշված զգացողությունս։ Ուստի, այս պահին էլ ներդաշնակության զգացողություն ապահով մասնագիտական նման կետում եմ գտնվում։

-Բոլորն էլ մանկության երազանքներ ունենում են, որ պետք է աշխատեն այս կամ այն մասնագիտությամբ, Դուք Ձեզ ինչ մասնագետ եք պատկերացրել:

-Մանկության տարիներին երբեք չեմ երազել իրավաբան դառնալու մասին։ Երբ փոքր էի, կարծում էի, որ երաժիշտ եմ դառնալու։ Նույնիսկ կոնսերվատորիա էի հաճախում՝ պարապմունքների։ Պատճառը հավանաբար այն էր, որ մշտապես երազել եմ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու մասին։ Իրավաբանի մասնագիտության մասին մտածել եմ՝ սկսած ութերորդ դասարանից։ Արդյունքում կայացրել եմ իմ կյանքում ճակատագրական նշանակություն ձեռք բերած այս որոշումը։ Ամեն դեպքում վստահ եմ, որ նաեւ մանկական երազանքս եմ իրականացրել, քանզի մասնագիտական գործունեությանս համատեքստում էլ մշտապես առանցքային դերակատարություն եմ տվել հենց ստեղծագործական աշխատանքին։ Այո, ստեղծագործական աշխատանքը եղել է եւ շարունակում է մնալ իմ մասնագիտական կենսագրության առանցքային չափաբաժին ունեցող հատվածը։

-Ինչո՞վ էր գրավում իրավագիտությունը:

Իրավագիտությունն ինձ համար մի անսահման ու անբացատրելի աշխարհ է։ Չափազանց շատ եմ սիրում մասնագիտությունս։ Այն իր մեջ ներառում է կյանքի համար նշանակություն ունեցող գրեթե ամեն ինչ։ Իրականում կյանքի մի որոշակի փուլում հասկացա, որ ունեմ բնավորության մի շարք գծեր ու հետաքրքրություններ, որոնք լիարժեքորեն կկարողանամ դրսեւորել՝ հենց իրավաբանի մասնագիտությունն ընտրելով։ Մասնավորապես, արդարության ընդգծված զգացում ունեմ, մարդկանց պաշտպանելու ձգտում, ստեղծագործելու անընդհատ ցանկություն, փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, հռետորաբանությամբ եմ մշտապես հետաքրքրված եղել։ Այդ ամենը զգալով՝ ընտրեցի լիարժեք ինքնադրսեւորման համար այդ պահին ինձ լավագույնը թվացող մասնագիտությունը ձեռք բերելու ճանապարհը։ Երջանիկ եմ, որ տարիներ առաջ այս անսահման ու անբացատրելի աշխարհի մասը կազմելու որոշում եմ կայացրել։

-Այժմ նաև դասավանդում եք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ամենակարևոր բանը, որ փոխանցում եք Ձեր ուսանողներին:

Ուսանողների հետ շփումն ինչպես գիտակցական, այնպես էլ էմոցիոնալ ասպեկտ ունեցող հարթություն է։ Այդ տեսանկյունից շատ եմ կարեւորում դասավանդման բնագավառում փորձառությունս եւ կարծում եմ, որ ուսանողներին իրականում հնարավոր է փոխանցել սոսկ այն, ինչն ինքդ քեզ համար ես առանցքային համարում։ Այդ առումով կարեւորում եմ մի քանի առանցքային նշանակություն ունեցող հանգամանք, որոնք պետք է բնորոշ լինեն ցանկացած լավ մասնագետի՝ պրոֆեսիոնալիզմ, նպատակասլացություն, պատասխանատվության ընդգծված զգացում, ինքդ քո խղճի առջեւ ազնիվ լինելու անհրաժեշտություն։ Այս առանցքային որակներն էլ առաջին հերթին փորձում եմ փոխանցել ուսանողներին։

-Դուք ի՞նչ եք սովորում Ձեր ուսանողներից:

-Կյանքում անընդհատ սովորելու պրոցեսում եմ գտնվում։ Ուսանողներից էլ սովորում եմ այն ամենն, ինչ կարելի է սովորել քեզ շրջապատող մարդկանցից։ Բայց ամենակարեւոր զգացողությունը, որը ստանում եմ նրանցից, հիշողությունն է։ Ուսանողները թույլ չեն տալիս, որպեսզի մոռանամ ինձ իրենց կարգավիճակում՝ կյանքիս այն փուլում, երբ ինքս էլ ուսանող էի։ Կյանքիս բոլոր փուլերն եմ կարեւորում, բայց ուսանողական տարիներն ինձ համար շատ առանձնահատուկ նշանակություն ունեն։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում, որոնք կարելի է համընդհանուր համարել:

-Ոլորտում առկա հիմնական խնդիրը, կարծում եմ՝ պրոֆեսիոնալիզմի եւ մշակույթի (բոլոր հարթությունների տեսանկյունից՝ կենցաղային, իրավական, քաղաքական եւ այլն) ոչ բավարար մակարդակն է։ Հուսով եմ, որ մեր բոլորի քայլերը նպատակաուղղված կլինեն նշված խնդիրների հաղթահարմանն ու այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որտեղ մարդն իրեն իրապես կզգա որպես բարձրագույն արժեք՝ ունենալով ինքնադրսեւորման եւ ինքնարտահայտման լիարժեք հնարավորություններ։

-Արդարադատության ակադեմիայում նաև զբաղեցնում եք պրոռեկտորի պաշտոնը, իրավաբանները, որոնք դատավորի, քննիչի աշխատանքն են ընտրում ամենակարևորն ինչ պետք է իմանան ակադեմիան ավարտելիս:

-Ինչպես արդեն նշեցի, լավ մասնագետ դառնալու տեսանկյունից կարեւորում եմ առանցքային նշանակություն ունեցող մի քանի հանգամանք։ Կարծում եմ, որ Արդարադատության ակադեմիան ավարտող դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուները եւս պետք է առաջին հերթին ձեռք բերեն առանցքային նշանակություն ունեցող նշված որակները՝ պրոֆեսիոնալիզմ, նպատակասլացություն, պատասխանատվության, արդարության ընդգծված զգացում, ինքդ քո խղճի առջեւ ազնիվ լինելու անհրաժեշտություն։

-Դուք՝ ինքներդ, կուզե՞իք երբևէ քննիչ կամ դատավոր աշխատել:

-Արդեն նշեցի, որ կյանքում երբեւէ նյութականացված նպատակներ չեմ ունեցել, չեմ երազել որեւէ կոնկրետ գործունեության, աշխատանքի կամ պաշտոնի մասին։ Կյանքի կոնկրետ փուլում պատրաստ կլինեմ ստանձնելու սոսկ այնպիսի պատասխանատվություն եւ կատարելու այնպիսի աշխատանք, որն ինձ համար կարող է ներդաշնակության զգացողություն ապահովել։

-Ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է, որ ունեցել եք աշխատանքային վերջին տարիների ընթացքում:

-Բազմիցս եմ նշել, որ կյանքում ամեն ինչ էլ սիրելով եմ անում։ Դա թերեւս ամենակարեւոր բանն է, որով կարող եմ հպարտանալ։ Այդ է պատճառը, որը մշտապես զբաղվել եմ սոսկ այն գործունեությամբ, որն իրականում սիրել եմ։ Արդյունքում՝ բոլոր ձեռքբերումներս էլ ինձ համար առանձնահատուկ կարեւորություն են ունեցել։ Միեւնույն ժամանակ, վերջին տարիների ձեռքբերումների առումով կուզենայի առանձնացնել մասնագիտական ստեղծագործական երկարատեւ աշխատանքիս՝ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող արդյունքը՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարեւորագույն գրավական» մենագրությանս հրատարակումը 2019 թվականին։ Ինձ համար առավել քան ուրախալի էր, երբ մենագրությանս անգլերեն տարբերակը եւս լույս տեսավ 2020 թվականին՝ Լատվիայի նախագահի իրավական հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Յանիս Պլեպսի ու Վարշավայի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Յացեկ Զալեսնիի գրախոսությամբ։

-Մասնագիտությունից ելնելով՝ հիասթափություններ եղե՞լ են:

Կարծում եմ՝ կյանքում որեւէ բան չի կարող հիասթափության առիթ լինել։ Սովորել անհրաժեշտ է միշտ, բայց հիասթափվել՝ երբեք։ Ինչպես բոլորի, այնպես էլ իմ մասնագիտական կյանքում եղել են իրավիճակներ եւ երեւույթներ, որոնք ամբողջությամբ չէ, որ համապատասխանել են իմ պատկերացումներին կամ ցանկություններին։ Բայց ես դրանցից երբեք չեմ հիասթափվել։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ նման իրավիճակների եւ երեւույթների առկայության համար, քանզի դրանք ինձ համար մշտապես եղել են նորը սովորելու, նոր հորիզոններ բացահայտելու եւ կատարելագործվելու սպասված կամ անսպասելի առիթ։

-Հետագայում Ձեզ որտե՞ղ եք պատկերացնում:

Հետագայում ինձ պատկերացնում եմ մի կետում, որտեղ կա սեր, պրոֆեսիոնալիզմ, ներդաշնակություն, մշակույթ եւ անհատի արժեւորում։

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

1 Comment

  • Mar , 7 Օգոստոսի, 2020 @ 20:51

    Мотивация в чистом виде👌մեզ պարզապես բախտ է վիճակվել սովորել ու մեր աչքի առջև տեսնել կատարելության ձգտելու լավագույն օրինակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով