Երբ է անձը համարվում դատարանի կողմից տուգանքի ձևով նշանակված պատիժը կրած

Երբ է անձը համարվում դատարանի կողմից տուգանքի ձևով նշանակված պատիժը կրած

ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0501/01/18 գործով Համաներման մասին օրենքի կիրառման իրավաչափության խնդրին անդրադառնալիս, վերլուծության է ենթարկել նաև տուգանքի ձևով պատժատեսակի կրման հետ կապված ընթացակարգերը և դիրքորոշում արտահայտել այն մասին, որ.

«Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքերի)` այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»:

Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ համաներումն իրենից ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ է ներկայացնում, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության (6):

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` «1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (…) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (…):

2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (…) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: (…)

3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:
(…)

5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:
(…)

8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է»:

ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի. (…)»:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 395-Ն որոշման հավելվածի համաձայն` «(…) Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` պրոբացիայի շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (…):

(…) Դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի հիման վրա պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, (…), նրան պատշաճ կերպով ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ (…), կազմում է անձնական գործ (…), լրացնում հաշվառման քարտ (…):

(…) Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը`(…)

(…) Տուգանքի գումարի ամբողջությամբ վճարումից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին (…), և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (…) ինֆորմացիոն կենտրոնին:

(…) Պրոբացիայի շահառուն հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`
1) (…) տուգանքի դեպքում` գումարն ամբողջությամբ վճարելիս. (…)»:

Մեջբերված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման հիմքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն է, քանի որ դատապարտյալը, ըստ առկա կարգավորումների, պարտավոր է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տուգանք պատժատեսակի կատարումն ապահովող՝ դատապարտյալի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմին: Մասնավորապես՝ տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո, պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է պարզել դատապարտյալի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցել տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ դատապարտյալի՝ տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանել տուգանք պատժատեսակը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանված պատասխանատվությունը: Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է պատիժը կրած լինելու վերաբերյալ տեղեկանք` այդ մասին հայտնելով դատական ակտը կայացրած դատարանին և ՀՀ ոստիկանությանը:

Վերոգրյալ վերլուծությունից բխում է, որ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման ընթացքը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ այն դեպքում, երբ դատապարտյալն ամբողջությամբ վճարում է որպես տուգանք նշանակված գումարը և վճարման անդորրագիրը ներկայացնում տարածքային մարմին, հանվում է հաշվառումից: Միաժամանակ, անձին տեղեկանք է տրվում պատիժը կրած լինելու մասին:

Այսինքն` տուգանք պատժատեսակի կրումից անձն ազատվում է գումարն ամբողջությամբ վճարելուց հետո, իսկ քանի դեռ այն չի վճարվել ամբողջությամբ, դատապարտյալը շարունակում է գտնվել պատժի կրման ընթացքում»:

 

Երեմ Դավթյան
«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով