Վարչապետի հայտարարությունը շփոթություն է առաջացրել. տնտեսագետը պարզաբանում է

Վարչապետի հայտարարությունը շփոթություն է առաջացրել. տնտեսագետը պարզաբանում է

Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հուլիսին մոտ 20 հազար գրանցված աշխատող աշխատավարձ չի ստացել, այսինքն գտնվել է հարկադիր պարապուրդում: Ապրիլին պարապուրդում եղած աշխատողների թիվն ավելի մեծ է եղել՝ 37 հազար (գրանցված աշխատողների 6.4%-ը):

Լրատվամիջոցներում շփոթություն էր տարածվել կապված վարչապետի հնչեցրած 70 հազար աշխատատեղի կրճատման ու հետագայում 50 հազար աշխատատեղի վերականգնման հետ, քանի որ այդ թվերը չէին համընկնում Վիճակագրական կոմիտեի տվյալներին: Շփոթության պատճառն այն էր, որ վարչապետը հրապարակել էր «եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը», իսկ Վիճկոմը հրապարակում է «գրանցված աշխատողների թիվը»: Այս ցուցանիշներն իրարից միանշանակ տարբեր են ու շատ հազվադեպ կարող են համընկնել:

Օրինակ՝ մինչև 2020 թիվը եկամուտ ապահոված աշխատատեղերը (գրաֆիկի կարմիր գիծը) մշտապես ավելի շատ են եղել, քան պաշտոնապես գրանցված աշխատողները (կապույտ գիծը): Սրա պատճառն այն է, որ մեկ անձը կարող է գրանցված լինել մեկից ավել աշխատատեղերում և դրանցից եկամուտ ստանալ:

Մարտ ամսվա լոքդաունից հետո աշխատողների թիվը նվազել է 33.4 հազարով (այդքան մարդ գործից ազատվել է), մինչդեռ եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը նվազել է շատ ավելի մեծ չափով՝ 70.8 հազարով: Այսինքն ավելի քան 37 հազար քաղաքացի (70.8-33.4=37.4) չնայած շարունակել է ֆորմալ աշխատող մնալ, բայց այդ ամսվա ընթացքում աշխատավարձ չի ստացել: Հետագայում՝ մայիս ամսին այդ 70 հազարից 50 հազարը կրկին աշխատավարձ են ստացել: Սա ամենևին չի ենթադրում, որ 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, պարզապես գործատուն ապրիլին աշխատավարձ չի վճարել, իսկ մայիսին վճարել է:

Համաճարակը ու դրա արդյունքում վրա հասած տնտեսական ճգնաժամը Հայաստանի աշխատանքի շուկայում դրսևորվեցին հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին աշխատավարձ (կամ գոնե դրա մի մասը) չվճարելով: Սա նախևառաջ սոցիալական խնդիր է ու առնչվում է վարձու աշխատողների իրավունքների պաշտպանությանը»:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով