«Բժշկի համար ամենադժվար պահը հիվանդին այլևս օգնելու կարողության բացակայությունն է». ի՞նչ է պատմում արդեն 3 ամիս հիվանդանոցում գտնվող բժիշկը

«Բժշկի համար ամենադժվար պահը հիվանդին այլևս օգնելու կարողության բացակայությունն է». ի՞նչ է պատմում արդեն 3 ամիս հիվանդանոցում գտնվող բժիշկը

«Մեր առօրյայում դժվար պահեր շատ են լինում և այդ պահերին շատ կարևոր է չկորցնել ինքնատիրապետումը և չհանձնվել հույզերին, հոգեկան ապրումներին, սակայն կարծում եմ՝ յուրաքանչյուր բժշկի համար ամենադժվար պահը հիվանդին այլևս օգնելու կարողության բացակայությունն է։

Բժիշկը իր ամբողջ կյանքում չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ տվյալ պահին հիվանդի կյանքը փրկել չհաջողվեց։

Մեր զրուցակիցը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Պավել Մատինյանն է։

— Պարո՛ն Մատինյան, քանի՞ օր է, ինչ հիվանդանոցում եք։

— 90 օր և ավել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերապրոֆիլավորման առաջին իսկ օրվանից։

— Պատմեք այնտեղ անցկացրած առաջին օրերի և այժմյան իրավիճակի տարբերության մասին:

— Առաջին օրերին, իհարկե, կար անորոշության զգացում։
Մարտահրավերը, որն ընդունել էինք անծանոթ էր, չուսումնասիրված, լի որոշակի անակնկալներով և հարցերով։ Փորձում էինք ուսումնասիրել այն երկրների փորձն ու խորհուրդները, որոնք արդեն անցել էին այս աղետի միջով։ Այժմ՝ արդեն երեք ամիս անց, մենք ունենք կորոնավիրուսով վարակված հիվանդների վարման և բուժման մեր փորձը և, ի տարբերություն առաջին օրերի, ավելի ինքնավստահ ենք, ավելի տեղեկացված՝ չնայած բազմաթիվ հարցերի, որոնք, իհարկե, հետագա հետազոտությունների կարիք ունեն։

— Երբևէ կպատկերացնեի՞ք, որ մենք էլ ենք հայտնվելու համավարակի կիզակետում։

— Իհարկե, մեզ անհաղորդ չէր այն միտքը, որ համաշխարհային այս աղետը թակելու է նաև մեր դարպասները, բայց կարծում եմ, որ մեր ազգաբնակչությունը, որի զգալի մասը ուղղակի զուրկ է տարրական հիգիենայի կանոնները պահպանելու կուլտուրայից, պատրաստ չէր դրան։
Հիվանդության տարածման պատճառներից մեկը այդ կանոնները չպահպանելն է։

— Շփում ունե՞ք արդյոք դրսից մեզ օգնության եկած բժիշկների հետ, նրա՞նք էլ են նույն սրտացավությամբ վերաբերվում հիվանդներին:

— Այո, Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ունենք բժիշկներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից՝ օգնելու իրենց կոլեգաներին։
Հիմնականում բուժման սխեմաներում մեծ տարբերություններ չկան, նրանք սիրով կիսվում են իրենց փորձով, գիտելիքներով, օգնում են այն ամենով, ինչով կարող են։
Ինչ վերաբերում է նրան՝ սրտացավ են, թե՝ ոչ, բժիշկը միշտ սրտացավ է՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից։

Ո՞րն է բժշկի առօրյայի ամենադժվար պահը։

— Մեր առօրյայում դժվար պահեր շատ են լինում և այդ պահերին շատ կարևոր է չկորցնել ինքնատիրապետումը և չհանձնվել հույզերին, հոգեկան ապրումներին, սակայն կարծում եմ՝ յուրաքանչյուր բժշկի համար ամենադժվար պահը հիվանդին այլևս օգնելու կարողության բացակայությունն է։ Բժիշկը իր ամբողջ կյանքում չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ տվյալ պահին հիվանդի կյանքը փրկել չհաջողվեց։

— Երբ հոգեբանորեն ճնշված են հիվանդները զրուցո՞ւմ եք նրանց հետ, ինչի՞ մասին եք խոսում։

— Covid 19 կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման գործընթացում շատ կարևոր է հոգեբանական գործոնի դերը։ Հիվանդների մեծ մասի մոտ առկա է հոգեբանական տարբեր բնույթի խնդիրներ, ավելի հաճախ վախի, տագնապի զգացում, ինչն ավելի է դժվարացնում բուժման պրոցեսը։ Նշեմ, որ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ունի հոգեբանական ծառայություն, որն անհրաժեշտ պահին կարող է օգնություն ցուցաբերել բացառապես բոլոր հիվանդներին, սակայն մենք՝ ինքներս, փորձում ենք օգնել այնքանով, ինչքանով, օրինակ, ռեանիմատոլոգը, վիրաբույժը կամ սրտաբանը կարող են լինել հոգեբան։

— Բուժվելուց հետո ի՞նչն են վերագնահատում հիվանդները:

— Հիվանդների մեծ մասը կլինիկա ընդունվելիս չեն հավատում, որ իրենց մոտ առկա է այդ հիվանդությունը։ Տեսնում են բժիշկների, բուժքույրերի ողջ անձնակազմի անձնվեր աշխատանքը, տեսնում են կողքի հիվանդների տառապանքները, տեսնում են՝ ինչպես է իր ոտքով կլինիկա դիմած հիվանդը ժամերի ընթացքում հայտնվում ծայրահեղ ծանր վիճակում, տեսնում են մահվան դեպքեր և նոր միայն հասկանում (շատերը այդպես էլ չեն հասկանում), որ այդ հիվանդի վիճակում կարող են հայտնվել հենց իրենք։ Սկսում են գնահատել ամեն մի մանրուք, գնահատել բժիշկների աշխատանքը, գնահատել կյանքը։
Ի՞նչ կարող է վերագնահատել մահն աչքերի առջև տեսած մարդը, իհարկե, ամեն ինչ։

— Ո՞ր դեպքից եք առավել շատ տպավորվել։

— Դեռևս ազատ ժամանակ չունենք դեպքերը վերհիշելու, վերագնահատելու, տպավորություններով ապրելու համար։ Շատ ենք ուրախանում, երբ հիվանդությունը հաղթահարում և հիվանդանոցից դուրս են գրվում ռիսկային բարձր խմբում գտնվող և երկարատև բուժում ստացող ծայրահեղ ծանր հիվանդները։

— Նույնիսկ այս իրավիճակում շատերը թերահավատորեն են մոտենում վիրուսին՝ ասելով, որ կորոնավիրուս չկա, սուտ է, Դուք՝ որպես բժիշկ, ի՞նչ կասեք, ինչու՞մարդիկ չեն հավատում և Ձեր խորհուրդը նրանց։

— Ես ուղղակի ցավում եմ այդ մարդկանց համար և համարում դա անձնական վիրավորանք այն մարդկանց հանդեպ, ովքեր ամիսներ շարունակ՝ գիշեր-ցերեկ, անձնվեր պայքարում են այդ հիվանդության դեմ՝ վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը։
Ինչպե՞ս կարելի է չգնահատել այդ մարդկանց աշխատանքը, ինչպե՞ս կարելի է չգնահատել բժշկին, ում շնորհիվ փրկվում է իրենց՝այդ չհավատացողի մոտիկ կամ հեռավոր ազգականը։
Անհասկանալի և աններելի երևույթ է։ Մեր ազգաբնակչության զգալի մասը, հարցի բուն իմաստը դեռևս չհասկանալով, սկսում է այն քննարկել իրեն շահավետ տեսանկյունից, և դա, պարզապես, ցավալի է։ Սոցիալական պատասխանատվության կուլտուրան որոշ մարդկանց մոտ իսպառ բացակայում է։ Հիվանդներից շատերը, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, նշում են, որ եթե հավատային վիրուսի գոյությանը, պահպանեին մի քանի հասարակ կանոն, նման իրավիճակում չէին հայտնվի։

— Կհաղթահարե՞նք, արդյոք, այս ճգնաժամը, ի՞նչ է մեզ պետք դրա համար։

— Եթե մենք ունենայինք մեր և մեր շրջապատի հանդեպ գեթ մի փոքր պատասխանատվության զգացում, մենք վաղուց հաղթանակած կլինեինք այս պատերազմում։ Այո՛, սա պատերազմ է և հաղթանակի ուղին միասնականության, սոցիալական պատասխանատվության, դիմացինի հանդեպ հոգատարության, թերահավատություն իսպառ վերացման, ընդունելու, իրականացնելու մեջ է։ Դժվար չէ չէ՞ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը և փրկել կյանքեր։ Իհարկե, դժվար չէ։

Գայանե Հարոյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով