Ինձ ամենաշատը տպավորած գործն այժմ գտնվում է դատարանում. Էդգար Պետրոսյան

Ինձ ամենաշատը տպավորած գործն այժմ գտնվում է դատարանում. Էդգար Պետրոսյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

«Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի այսօրվա հյուրը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանն է: Նրա հետ զրուցել ենք դատախազի աշխատանքի, սկզբունքների, իրեն տպավորած գործերի մասին:

Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք Ձեզ՝ որպես դատախազ, առաջին անգամ դատարանում, ի՞նչ զգացողություններ ունեիք:

-Իհարկե, շատ լավ եմ հիշում, դա դեռևս 2010 թվականն էր, իսկ զգացողությունները… եթե անկեղծ, փոքր-ինչ լարվածություն կար։

Մասնագիտության ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Դեռ դպրոցական տարիներից սիրել եմ իրավաբանի մասնագիտությունը։

Ինչո՞ւ ընտրեցիք հենց դատախազի աշխատանքը:

-Ուսանողական տարիներից հետաքրքրել է հենց դատախազի աշխատանքը։

Հոգեբանական առումով հե՞շտ է մարդուն մեղադրելը:

-Ոչ, բնականաբար, պարզապես պետք է հասնել նրան, որ մեղադրյալը կամ ամբաստանյալն ինքը գիտակցի, որ իր կատարած արարքը հանցագործություն է, որի համար ինքը պետք է պատասխանատվություն կրի, և դա անխուսափելի է։

Լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեր մեջ բախվեն մարդ և դատախազ Էդգար Պետրոսյանները:

-Այո, լինում են, այդպիսի բախումների ժամանակ, բոլոր դեպքերում, հաղթում է օրենքի գերակայության սկզբունքը։

Եղե՞լ են դեպքեր, որ պաշտպանեք մեղադրանքը, բայց ներքուստ կասկածներ ունենաք՝ տվյալ անձը, իսկապես, մեղավո՞ր է, թե՝ ոչ:

-Այդպիսի դեպքերում քրեական գործը չի հասնում դատական քննության փուլ։ Այլ կերպ՝ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։

Կյանքում ի՞նչ երբեք չեք անի:

— Ակնհայտ անմեղ անձին երբևէ չեմ մեղադրի, դա հակասում է և՛ երկրային, և՛ երկնային բոլոր օրենքներին։

Առօրյա կյանքում ինչպիսի՞ն եք՝ կրկին դատախազի մտածողությամբ, թե՞ Ձեր կերպարը մնում է դատարանում:

-Անկեղծ ասած՝ աշխատանքը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել առօրյայի վրա, սակայն, կարծում եմ, այդ հարցի պատասխանը կարող են տալ ինձ հետ շփում ունեցող անձինք։

Ո՞րն է աշխատանքային տարիներին Ձեզ ամենաշատը տպավորած գործը:

-Բազմաթիվ տպավորիչ գործեր են եղել, իսկ ամենատպավորիչը ներկայումս գտնվում է դատարանում՝ Վարդան Սիմոնյանի գործն է (խմբ. «Դատալեքս» կայքից տեղեկանում ենք, որ Վարդան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ․ սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փող․63 տանը քննությամբ դեռևս չպարզված հանագամանքներում ձեռքերով պարանոցից խեղդելու եղանակով ապօրինաբար Նինա Յաղուտյանին դիտավորությամբ զրկել է կյանքից՝ դին թաքցնելով նույն հասցեի նկուղում՝ իր կողմից փորված փոսի մեջ)։

Երբ նայում եք դատախազների աշխատանքին կողքի աչքով, ի՞նչ թերացումներ եք նկատում:

-Կարծում եմ՝ կոռեկտ չէ գնահատական տալ գործընկերներիս աշխատանքին հատկապես՝ այն պարագայում, երբ ես դրա իրավունքը չունեմ։

Աշխատանքի մեջ hիասթափություններ լինո՞ւմ են:

-Առայժմ` ոչ։ Իմ աշխատանքին վերաբերում եմ՝ որպես ՀՀ֊ում օրինականության և իրավակարգի ապահովմանն ուղղված ծառայություն:

Ի՞նչ կարևոր հատկանիշներ պետք է ունենա լավ դատախազը:

-Պետք է բավարարի դատախազության մասին ՀՀ օրենքով դատախազին ներկայացվող պահանջներին, կավելացնեի նաև՝ պետք է լինի արդար, մարդասեր, սկզբունքային, անկողմնակալ և ուժեղ։

Հրաչուհի Ալմաստյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով