Իրավաբանությունը դարձել է գործող իշխանությանը խանգարող մի բան, որից հարկ է ազատվել.  Երվանդ Վարոսյան

Իրավաբանությունը դարձել է գործող իշխանությանը խանգարող մի բան, որից հարկ է ազատվել.  Երվանդ Վարոսյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը փաստաբան Երվանդ Վարոսյանն է:

-Պարո՛ն Վարոսյան, աշխատանքային պրակտիկայում, ո՞րն է եղել Ձեզ հանդիպած ամենաբարդ գործը, երբ մասնագիտական հմտությունների կիրառման գերլարում է պահանջվել:

-Ես քրեական գործերով եմ զբաղվում, և կոնկրետ գործ մատնանշելը կամ առանձնացնելը, չեմ կարծում, կոռեկտ կլինի: Մտաբերում եմ մի քանի դեպք, երբ գործով որպես պաշտպան ներգրավվելուս գրեթե զուգահեռ դրանք կարճվել են, մնացած բոլոր դեպքերում քրեական գործը պահանջում է հմտությունների ամբողջ ծավալով լարում: Քրեական գործերը, դրանց շրջանակում քննվող դեպքերը շատ տարբեր են, նույնական հանգամանքներ չեն լինում, ու յուրաքանչյուր գործով հաջողությունն առանց ամբողջական նվիրումի անհնար է:

Կարող եմ այդ առումով առանձնացնել քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական կամ անձնական հետապնդումների գործերը: Դրանցով աշխատելը, երևի թե, առավել դժվար է, քանի որ պատվերի առկայության պարագայում, պաշտպանությունը նմանվում է բետոնե պատի հետ կռիվ տալուն: 12 տարիների ընթացքում նման շատ գործերով եմ մասնակցել, հիմա էլ մասնակցում եմ: Այս պարագայում մշտապես ստիպված ես լինում աշխատել՝ հեռանկարում ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու նպատակը, ինչը բարդացնում է աշխատանքը, քանի որ ստիպված ես ոչ միայն վեր հանել իրավունքի խախտման փաստը, այլև պատշաճ կերպով սպառել ներպետական հնարավոր բոլոր ատյանները:

-Ո՞րն է եղել ամենասպասված հաղթանակը:

-Իմ կարծիքով փաստաբանի համար արդարության հասնելու յուրաքանչյուր դեպք ամենասպասված հաղթանակն է:

-Ասում են՝ փորձառու փաստաբանը կստիպի հավատալ, որ մարդը կծում է շանը, Դուք ի՞նչ տեսակետ ունեք հմուտ փաստաբանների մասին:

-Հմուտ փաստաբանը հարուստ փորձ ու իրավաբանին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների պաշար ունեցող, չնահանջող, չվախեցող, երբեմն նաև ըմբոստ մարդն է: Այս հատկանիշների պարագայում, բացարձակ կարիք չկա իրականությունը շրջել գլխիվայր: Հայկական իրականության մեջ իրական փաստերի հաստատմանը հասնելն արդեն հաջողություն է, և բացարձակ կարիք չկա որևէ մեկին հեքիաթներ հրամցնել:

-Փաստաբանի ո՞ր տեսակն է ենթակա ձախողման:

Երբեք չեմ հանդիպել ինքնահավան, ինքնավստահ, «ես ամեն ինչ գիտեմ» խորագրի ներքո գործող փաստաբանի, ով հաջողած լինի: Ասեմ ավելին, գուցե գաղտնիք բացեմ, հմուտ փաստաբանի համբավ արդարացիորեն ունեցող մեր գործընկերները  անգամ միմյանց հետ են խորհրդակցում չսխալվելու համար, իհարկե չխախտելով փաստաբանական գաղտնիքը:

Հատուկ չեմ ցանկանում անդրադառնալ վստահորդներին ակնհայտ խաբող, կամ նրանց շահերին հակառակ գործող, փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց, քանի որ նրանց փաստաբան առհասարակ չեմ համարում: Այդ տեսակը ձախողված է ի սկզբանե:

-Ներկա իրավիճակում ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացնում և զայրացնում:

-Ներկա իրավիճակում ամենից շատ զայրացնում է հուսախաբությունը, երբ ժողովրդավարական լոզունգների ներքո տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ թե առաջ տարավ Հայաստանը իբրև իրավական պետություն, այլ դեռ նահանջ ենք ապրում: Իրավաբանությունը, մի տեսակ, դարձել է գործող իշխանությանը  խանգարող մի բան, որից հարկ է ազատվել: Ոստիկանության բաժիններ է վերադառնում խոշտանգումը, որի մասին գրեթե մոռացել էինք: Քրեական օրենսգրքի նորմերը երբեմն մեկնաբանվում են այնպես, որ տպավորություն է, թե մեկնաբանողը ֆանտաստ գրող է: Դատական համակարգը բարեփոխելու անվան տակ ակնհայտ թիրախավորվում են դատավորներ, ովքեր իրենց ուսերի վրա են մեկ տասնամյակ առհասարակ պահել մեր դատական համակարգը: Սահմանադրական դատարանից ազատվելու ճանապարհին, իշխանությունները չեն կանգնում որևէ իրավական սահմանափակման առաջ, պատրաստ են փորձել հակասահմանադրական փոփոխություններ կատարել ԱԺ-ի միջոցով, հետո նշանակել ոչ պակաս հակասահմանադրական հանրաքվե, հետո կրկին այդ հարցը բերել ԱԺ: Տպավորություն է, որ օրենքը շրջանցելը հանուն իրական կամ ենթադրյալ գաղափարի դիտարկվում է որպես նորմալ մի բան: Իսկ սա վերջնականապես կարող է մեզ հասցնել իրավական նիհիլիզմի, երբ օրենքն այլևս արժեք չի ունենա, և որից վերադարձը կարող է շատ երկարատև լինել ու դժվար:

-Փաստաբանությամբ զբաղվելը Ձեր մանկության երազա՞նքն է, թե՞ այլ աշխատանքի մեջ Ձեզ պատկերացրել եք:

-Սովորական երեխա եմ եղել, երազել եմ դառնալ տիեզերագնաց, հետո՝ բժիշկ: Փաստաբան դառնալու ցանկությունն ինձ ամբողջությամբ կլանեց ուսանողական առաջին տարիներին, ու դա կապված էր այդ տարիներին սկսվող քաղաքական հետապնդումների հետ (առաջին ալիքն ուղղված էր ՀՅ Դաշնակցությանը): Փաստաբանությունն ինձ համար արդարության հասնելու միջոց է, կոնկրետ անձի խախտված իրավունքի վերականգնմամբ, հանիրավի հետապնդվողին պաշտպանելու միջոցով հասնել բոլորի իրավունքների պաշտպանությանը:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում, ունեք խնդիրների լուծման հավաքական բանաձև, որ կիրառում եք միշտ:

Սիրում եմ Հայրենիքս, ցանկանում եմ այն երբևէ տեսնել իրավական պետություն, ուր բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, հավասարապես պաշտպանված կլինեն բոլորի իրավունքները, իսկ օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենա թիրախավորել իր համար անցանկալի որևէ անհատի կամ խմբի: Ինչ վերաբերում է խնդիրների լուծման բանաձևին, ապա դա երևի նվիրվածությունն է այն գործին, որն անում ես, այն գաղափարին, որին հավատում ես:

-Դատարանում ո՞ր իրավիճակներն են Ձեզ ամենաշատը նյարդայնացնում:

-Ցավոք, ունենք դատավորներ, որոնց նախագահությամբ նիստերի գնում ես ստիպված, կանխավ իմանալով արդյունքը: Գիտես, որ ոչ լսելու է ասածդ, ոչ փորձելու է ընկալել, առավել ևս արդարադատություն իրականացնել: Թերևս նյարդայնացնողը դա է: Ու, ցավոք սրտի, այն, որ իշխանությունների համար կարծես թե հենց դատավորի այդ կերպն է ընդունելին:

-Ի՞նչ սկզբունք ունեք, որ երբեք չեք խախտի:

-Երբեք չեմ դավաճանի ինձ, իմ պետությանը, գաղափարին, որին հավատում եմ, ընկերներիս, վստահորդներիս:

-Մասնագիտությունից դուրս ի՞նչ հետաքրքիր զբաղմունքներ ունեք:

-Շատ եմ սիրում ընթերցել գիտական գրականություն, հեռուստատեսությամբ էլ դիտում եմ միայն գիտական ուղղվածություն ունեցող ալիքները: Դա հավանաբար օգնում է կտրվել բացասական տեղեկատվական հոսքերից, մի փոքր հանգստանալ՝ մոռանալով իրականությունն ու հարստացնելով գիտելիքների պաշարը: Շատ սիրում եմ ճամփորդել, ինչն անում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում: Առանձին տեղ է զբաղեցնում նաև կայացած, ինտելեկտուալ առումով հարուստ ու բազմակողմանի զարգացած մարդկանց հետ տարատեսակ թեմաներով շփումը:

Հրաչուհի Ալմաստյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով