Ինձ համար անընդունելի են սահմանված կանոններից դուրս բոլոր երևույթները. Գագիկ Մելիքյան

Ինձ համար անընդունելի են սահմանված կանոններից դուրս բոլոր երևույթները. Գագիկ Մելիքյան

«Ցանկացած ծանր իրավիճակում մտքումս կրկնում եմ՝ կյանքը շարունակվում է, և դա ինձ օգնում է ավելի շուտ կազդուրվել, ավելի հեշտ հաղթահարել կյանքի առաջադրած խոչընդոտները…»

«ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի շրջանակում GPnews.am-ը զրուցել է փաստաբան Գագիկ Մելիքյանի հետ, ով մեզ հետ կիսվել է ճակատագրի իր մասնագիտության, հաջողության հասնելու ճանապարհների, արևելագիտությունից իրավաբանություն անցնելու և մասնագիտական այլ հետաքրքիր հարցերի մասին:

-Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը:

-Միշտ սիրել եմ կարգուկանոնը, և ինձ համար անընդունելի էին սահմանաված կանոններից դուրս բոլոր երևույթները։ Սիրել եմ իրավահավասարությունը, միշտ եղել եմ թույլի, պաշտպանվողի կողքին։ Բացի այդ՝ ինձ հետաքրքրել են ամենատարբեր իրավիճակներում օրենքից բխող իրավակարգավորումները։ Սկզբնական շրջանում շատ տարված էի Սահմանադրական իրավունքով։

-Ձեզ համար ո՞րն է մարդու ամենակարևոր իրավունքը:

-Մարդու ամենակարևոր իրավունքը կյանքի իրավունքն է, առանց որի մնացածներն անիմաստ կլինեն։

-Ունե՞ք սկզբունքներ, որոնք երբեք չեք խախտի:

Նախ՝ եթե սկզբունք է, ուրեմն՝ անխախտելի է, չեմ պատկերացնում որևէ սկզբունք, որն ինչ-որ հանգամանքների բերումով կարելի է խախտել։ Սկզբունքների սկզբունքն է՝ չխախտել սկզբունքները:

-Ի՞նչ է սովորեցրել ձեզ Ձեր աշխատանքը:

Սովորեցրել է խնդրին մոտենալ տարբեր տեսանկյուններից, այն ուսումնասիրել նաև հակառակորդի դիրքերից։ Սովորեցրել է համբերատարություն, նյարդերի կառավարում, հստակություն խոսքում և գործում:

-Լինելով իրավաբան՝ ինչու՞ որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցիք արևելագիտությունը, որքանո՞վ է Ձեզ օգնում արևելագետի մասնագիտությունը իրաբանության մեջ:

-Արաբերեն սկսեցի սովորել 26 տարեկանում։ Այն իմ երկրորդ մասնագիտությունն է և, ի պատիվ առաջին մասնագիտության, կարողացա գտնել այդ մասնագիտության և հատկապես լեզվում հաջողության հասնելու բանալին։

Արաբագիտությունը ես չեմ ընտրել, այն ինձ համար ճակատագիրն է ընտրել։ Իրավաբանի կրթություն ստացել եմ ոչ պետական համակարգի բուհում։

Ժամկետային զինծառայությունից հետո պայքարում էի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար։ 3 տարի մասնակցել եմ ընդունելության քննություններին, բայց, գիտեք, որ անգամ զորացրվածների արտոնությամբ, մրցակցությունը շատ բարձր է Իրավագիտության ֆակուլտետում։ 3-րդ տարում, շատ անսպասելի ընդունվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժինը, որը նշել էի երկրորդ հայտով։ Մտածեցի՝ եթե ճակատագիրն ինձ համար արաբերենն է նախատեսել, ուրեմն պետք է լինեմ լավագույնների մեջ. կա՛մ սովորում եմ ամենալավը, կա՛մ անիմաստ է շարունակել։

Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

-Երբեք չընկճվել, գիտակցել, որ ցանկացած դժվար իրավիճակից ելք կա, և եթե չես գտնում այն, ուրեմն քիչ ես ջանում, քիչ ես փնտրում։ Ցանկացած ծանր իրավիճակում մտքումս կրկնում եմ՝ կյանքը շարունակվում է, և դա ինձ օգնում է ավելի շուտ կազդուրվել, ավելի հեշտ հաղթահարել կյանքի առաջադրած խոչընդոտները։ Չեմ ընկճվում նաև պարտությունների ժամանակ. սովորում եմ դրանցից, փորձում եմ հասկանալ՝ ի՞նչն այնպես չեմ արել։

Նկատեցի, որ հետաքրքրված եք ֆուտբոլով, կարելի՞ է այն համարել Ձեր հոբբին:

-Ֆուտբոլ սիրել եմ միշտ, երկրպագել եմ մեր հավաքականին՝ անկախ ձախողումներից։ Կարելի է նաև համարել իմ հոբբին:

Մասնագիտությունը չի՞ խանգարում ընտանեկան հարցերում։

-Երբեք։ Մասնագիտությունը ոչ մի բանում չի խանգարում ինձ, այլ միշտ օգնում է, քանի որ ցանկացած իրավիճակում «դատապարտված ես» մտածել և գործել որպես իրավաբան։

-Ելնելով ֆեյսբուքյան Ձեր գրառումներից՝ կարելի է եզրակացնել, որ համաձայն չեք այժմյան մի շարք իրավակարգավորումների հետ՝ հատկապես կորոնավիրուսի հետ կապված: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ զայրացնում է նաև ներկա իշխանությունների գործելաոճը:

-Այնքան էլ համաձայն չեմ Ձեզ հետ այդ հարցում։ Ես այդ ոլորտի մասնագետը չեմ։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է ներկա իշխանությունների պատկերացումները դատական իշխանության, արդարադատության և ընդհանրապես պետական կառավարման մասին։ Անընդունելի եմ համարում իշխանությունների կողմից դատական իշխանությանը հրապարակավ նսեմացնելու փորձերը։ Ականատես ենք լինում անթույլատրելի դրսևորումների, որոնք անգամ չեն եղել նախկին իշխանությունների ժամանակ։ Իշխանությունը պետք է գնահատի դատարանի անկախությունը և գիտակցի դրա կարևորությունը, քանի որ գալու է ժամանակը, երբ ներկա իշխանությունն է բողոքելու դատարանների անկախության մակարդակից։ Հատկանշական է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ներկայում բողոքում են հենց դրանից։

-Ձեր վերջին գրառումներից մեկում անդրադարձել էիք դպրոցներում դիմակ չկրելու պատճառով երեխաններին տուգանելու խնդրին։ Իրավական տեսանկյունից ճի՞շտ է անչափահասին տուգանել դիմակ չկրելու համար:

-Այդ գրառմամբ ես փորձել եմ ցույց տալ, թե որքան անգիտակցաբար են մոտենում իշխանություններն այդ հարցին։ Հրապարակված կարգավորումները փայլուն մտքեր են պարունակում՝ համավարակը տեսականորեն բացառելու համար։ Բայց միևնույն ժամանակ բոլորս հասկանում ենք, որ հրապարակված կանոնների ճնշող մեծամասնությունը պրակտիկայում անկիրառելի են։ Կարծես այդ կանոնները սահմանված են ոչ թե դպրոցահասակ երեխաների, այլ հասուն մարդկանց համար։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի պարունակում իրավակարգավորում, թե սահմանված կանոնների պահպանման խախտումն ինչ հետևանքներ է առաջ բերելու։ Եթե գրում են միայն գրելու համար, դա հասկանալի է։ Փորձել եմ այդ խնդիրը վեր հանել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք հասարակությանն իրավական առումով պաշտպանված լինելու համար։

-Խորհուրդ եմ տալիս հնարավորինս պահպանել սահմանված կանոնները։ Իհարկե, դրանք երբեն շատ անտրամաբանական են, անգամ հասնում են աբսուրդի, սակայն գտնում եմ, որ համավարակի դեմ հնարավոր է պայքարել նաև կարգապահությամբ։

Արշալույս Ադամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով