Հանձնվելու իրավունք չունենք. մեզանից կյանքեր են կախված. Գայանե Պապոյան

Հանձնվելու իրավունք չունենք. մեզանից կյանքեր են կախված. Գայանե Պապոյան

Երևանի պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Պապոյանը, իմանալով, որ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար բուժաշխատողների կամավորագրում է կատարում, վերադարձավ հայրենի գյուղից՝ աշխատանքի անցնելով Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում։ Այդ օրվանից տուն չի վերադարձել:

– Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդների հետ։

-Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող եմ, Երևանում չեմ բնակվում, քանի որ դասերը դադարեցվել էին, որոշեցի գյուղ գնալ: Ապրում եմ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Հենց գյուղ գնալու ճանապարհին իմացա, որ Առողջապահության նախարարությունը բժիշկների կամավորագրում է կատարում, տվյալներս հենց նույն պահին ուղարկել եմ մի քանի տեղ ու սրտիս խորքում շատ էի տխրում, որ, հնարավոր է, չկարողանամ վերադառնալ գյուղից, փաստորեն, այդպես էլ եղավ: Արտակարգ դրություն հայտարարվեց, ավտոմեքենայի մեջ 2 անձից ավել չէր թույլատրվում, միջմարզային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր: Երկար տանջանքներից հետո մարտի 31-ին՝ ծանոթներիցս մեկի հետ եկա Երևան, հենց հաջորդ օրը գնացի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն  արդեն տվյալներս փոխանցել էր հիվանդանոցին, և այնպես ստացվեց, որ հենց այդ օրը մնացի հիվանդանոցում ու հանդիպեցի կորոնավիրուսով հիվանդների հետ: Այդ օրվանից սկսվեց աշխատանքս:

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում աշխատանքի ընթացքում։

-Ծանր պահեր շատ են լինում՝ հոգեբանական ճնշվածություն, ֆիզիկական հոգնածություն, բայց այն զգացումը, որ դու մարդկանց օգտակար ես, որ մարդկանց օգնում ես ոտքի կանգնել, նախկինի նման տեսնել կյանքի գույները, մոռացնել են տալիս ամեն ինչ։ Բացի այդ՝ հանձնվելու իրավունք չունես, քեզնից կյանքեր են կախված: Ամեն դրական փոփոխություն հիվանդի մոտ, կարծես մի նոր կյանք է ինձ տալիս:

– Ձեր կյանքը կորոնավիրուսից առաջ և հիմա, ի՞նչպիսին է։

-Կորոնավիրուսից առաջ իր հունով գնում էր ու մտքովս չէր անցնում, որ կլինեմ պանդեմիայի կարմիր գոտում, իսկ հիմա արդեն գիտեմ, որ նման բան հնարավոր է։ Գրեթե, 3 ամիս չեմ տեսել ընտանիքիս անդամներին, Լոռի աշխարհը, ազգային պարեր չեմ պարել: Երկար ժամանակ ընտանիքիս չտեսնելուց հետո հասկացա, որ պետք է հնարավորինս շատ լինել սիրելի մարդկանց կողքին. չես իմանա ինչեր են քեզ ապագայում սպասվում։ Սկսեցի ավելի սիրել մասնագիտությունս, որովհետև առաջին անգամ կարողացա սովորածս նաև օգտագործել գործնականում ու օգնել շատ մարդկանց:

Կորոնավիրուսից հետո կյանք կա՞։

Այո՛, կորոնավիրուսից հետո կյանք կա՝ սիրուն ու գունավոր՝ լցված մեր հարազատ մարդկանց ժպիտներով ու խոսքերով, շենքի բակում նարդի խաղացող պապիկների բարձր ձայներով, հարևանների՝ միմյանց սուրճի հրավիրելու բացականչություններով: Բայց այդ՝ կյանքին վերադառնալու համար պետք է գիտակցել, որ մենք միայն մեզ համար չենք պատասխանատու, այլ մեր մտերիմների, մեր շրջապատի: Պետք է զգոն և ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին. դա միակ ուղին է նախկին կյանքին վերադառնալու համար:

– Կպատմե՞ք Ձեր զգացողութունների մասին, չե՞ք վախենում, որ փրկելով ուրիշի կյանքը, կարող եք վնասել Ձեզ:

-Բոլորի մոտ էլ թեկուզ մի փոքր վախ կա, ճիշտն ասած, ավելի շատ վախենում էի ընտանիքիս, հարազատներիս համար, քան՝ ինձ համար, բայց, այնուամենայնիվ, չէի կարող չգնալ. բժշկի մասնագիտությունն է այդպիսին, բժիշկը միշտ էլ վտանգում է իր կյանքը՝ ուրիշների կյանքը փրկելու համար:

– Ընտանիքի անդամները ի՞նչ մտահոգություններ ունեն, դեմ չե՞ն եղել։

-Տանը այդքան էլ համաձայն չէին. հայրս միշտ հասկացել է ինձ, գիտեր ինչքան եմ սիրում մասնագիտությունս, ասաց՝ գնա, բայց շատ զգույշ կլինես, մայրս ասաց, եթե իմացել եմ հիվանդանոց ես գնացել, չնեղանաս ինձանից։ Նոր էր տարածվում վիրուսը, շատ ինֆորմացված չէինք, շատ էին անհանգստանում, բայց գիտեին՝ եթե մտքովս անցել է, հաստատ պետք է անեմ, ժամանակի ընթացքում արդեն հարմարվեցին:

– Որո՞նք են այս ընթացքում տարածված ամենամեծ սխալները մարդկանց կողմից։

-Երևի մեր ամենամեծ սխալը  հարցին լուրջ չմոտենալն ու չգիտակցելն է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր անտարբերությունը: Համոզված եմ՝ այս օրերից հետո բոլորս էլ մի պահ կանգ ենք առնելու, ծանր ու թեթև ենք անելու ու ավելի ենք արժևորելու մեր կյանքը, ասելու ու անելու ենք բաներ, որոնք միշտ ուզել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չենք արել, իմանալու ենք, որ ամեն պահի կարող է մի նոր արհավիրք գալ, միգուցե, հետո ուշանանք:

– Կորոնավիրուսի մասին ի՞նչ միֆեր կան, որոնց պետք չէ հավատալ։

-Կորոնավիրուսի մասին ամենամեծ միֆը, որ լավ մարդիկ չեն հիվանդանում։ Ցավոք, վիրուսը ընտրություն չի կատարում ու բոլորն էլ կարող են վարակվել:

– Ձեզ ամենաշատ տպավորած դեպքը ո՞րն է եղել, եղե՞լ է, արդյոք, մի դեպք, որը ձեզ առանձնակի հուզել է։

-Ամենատպավորածը առաջին շփումն էր հիվանդների հետ. երբ արդեն դուրսգրման օրերն էին, զգում էինք, որ շատ ենք կապվել միմյանց, կարծես նույն շենքի բնակիչներ, հարևաններ լինեինք։ Եթե մի համեղ ուտելիք էինք ունենում, կիսում էինք, բաժանում միմյանց միջև:

Հիվանդներից մեկն էլ ծեր կին էր, մասնագիտությամբ օպերատոր, կատակով ասում էի, որ դուրս գրվեք մեր մասին ֆիլմ եք չէ՞ նկարելու։ Միշտ էլ առանձնակի հուզել են հիվանդների ու նրանց հարազատների լավ, շնորհակալական խոսքերը, բժիշկը միշտ էլ արել է ու անելու իր ինքնազոհ գործը, բայց երբ գնահատված ես քեզ զգում, դա անփոխարինելի զգացում է:

– Ի՞նչ հոգեվիճակում էին հիվանդների հարազատները, կապ եղե՞լ է նրանց հետ։

-Առանձնապես կապ չեմ ունեցել, եղել է, որ իմ հեռախոսով զանգել եմ, խոսել են, ինձ էլ շնորհակալություն են հայտնել, բայց հիշարժան դեպքեր չեմ հիշում:

Ձեր խորհուրդը մարդկանց, ի՞նչ անել և ի՞նչ չանել։

-Խնդրում եմ եկեք միասին պայքարենք այս արհավիրքի դեմ, հաճախ լվանանք ձեռքերը, նվազագույնի հասցնենք շփումները, կրենք դիմակ ու հետևենք պարետի ցուցումներին, որ ես և իմ նման հարյուրավոր մարդիկ շուտ վերադառնան իրենց ընտանիքներ: Բարձր գիտակցություն դրսևորելով՝ ցույց տվեք, թե ինչպես եք գնահատում մեր աշխատանքը: Զգոն եղե՛ք, զգույշ եղեք, մենք միասին, համախմբված կարող ենք շուտ դուրս գալ այս վիճակից:

Գայանե Հարոյան

Լուսանկարները՝ Գայանե Պապոյանի անձնական արխիվից:

 

 

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով