Գևորգ Մկրտչյան. «Ինձ ոչինչ չի զարմացնում, միայն ուրախացնում է»

Գևորգ Մկրտչյան. «Ինձ ոչինչ չի զարմացնում, միայն ուրախացնում է»

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը «Էթիկայի դպրոցի» տնօրեն Գևորգ Մկրտչյանն է: Թերևս, շատերը կզարմանան՝ ինչու է հարցազրույցն այս խորագրի ներքո, քանի որ Գևորգ Մկրտչյանին որպես իրավաբան քչերն են ճանաչում. նա հայտնի է հասարակական գործունեության ոլորտում, նույնիսկ, երկրորդ մասնագիտությամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում ասպիրանտուրան է շարունակում:

–Պարո՛ն Մկրտչյան հազվադեպ է հանդիպում, երբ համատեղվում են իրավաբանի և աստվածաբանի մասնագիտությունները, Ձեզ մոտ ինչո՞վ էր այն պայմանավորված:

-Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ: Այն ավելի շատ ընտանեկան ավանդույթ կարելի է համարել. հայրս իրավաբան է, և ինչպես լինում է հայկական ավանդական ընտանիքներում, շատ դեպքերում, երեխաները շարունակում են ծնողի մասնագիտական ուղղությունը: Կարելի է ասել, որ այս հանգամանքը իր դերակատարությունը նույնպես ունեցավ մասնագիտության ընտրության հարցում։

-Աստվածաբանության ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Ուսումս ավարտելուց հետո իմ գործունեությունը հասարակական շեշտադրում ստացավ և այդ փուլում մասնագիտությամբ այդպես էլ չաշխատեցի. ավելի շատ կազմակերպչական, հասարակական գործունեությամբ էի զբաղվում: Այդ ժամանակահատվածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքի անցա՝ որպես երիտասարդական բաժնի տնօրեն: Մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքի անցնելն էլ՝  ինձ համար առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, որում մեծ դրակատարություն ունի Հայոց եկեղեցին, ինչպես պատմական, այնպես էլ՝ ժամանակակից տեսանկյունից։ Հետագայում կարիք եղավ շարունակելու կրթությունս, ինձ հետաքրքիր էր եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները և որոշեցի սովորել ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետում:

-Ի՞նչ տվեց Ձեզ իրավաբանությունը:

-Լայն մտածելու, խնդիրները տարբեր տեսանկյունից դիտարկելու հնարավորություն։

-Ինչո՞վ են օգնում, լրացնում միմյանց այս երկու ոլորտները:

-Իրավական նորմերի հիմքում ընկած են բարոյական սկզբունքներ, իրավական և բարոյական նորմերը շատ սերտ կապվածություն ունեն. յուրաքանչյուր իրավական նորմ պետք է բարոյական հիմք ունենա, բարոյական յուրաքանչյուր նորմ պետք է պաշտպանված լինի իրավական տեսանկյունից: Ստացվում է, որ սրանք փոխլրացնում են միմյանց:

-Ո՞վ եք դուք, ինքներդ Ձեզ, ինչպե՞ս կբնութագրեք:

-Գևորգ Մկրտչյան, որը գործունեության տարբեր ոլորտներ ունի՝ կրթական, հասարակական, հոգևոր, իրավական, մշակութային և ասել, թե դրանցից մեկը կառանձնացնեմ, չեմ կարող, որովհետև գործունեությանս հիմքում բոլորը տեղ ունեն և դրանք Գևորգ Մկրտչյանին ձևավորող կարևոր հատկանիշներն են: Ինչպես նաև մարդ, ով ունի ձգտում, իր հաջողության բանաձևը, իրականությունից չկտրվելով՝ տեսնում է բարին, դրականը և սիրում է կյանքը։ Մարդ, ով ունի իր երկրի զարգացման հստակ տեսլական և հավատ:

-Ի՞նչն է Ձեզ զայրացնում:

-Չէի ասի զայրացնել, կասեի մտահոգել: Վերջին շրջանում հասարակության մեջ գեներացվող չարությունը, մեծամտությունը, դատավորի ֆունկցիա ունենալը, ոլորտային գիտելիքների պակասով, բայց փորձագետի և քննադատի դերակատարություն ունենալը: Խնդիրների մասին վերացական խոսելու, բայց իրականության հետ բացարձակ կապ չունենալու խնդիրը: Նաև հանդուրժողականության և սիրո մթնոլորտի պակասը: Սրանք այն հարցերն են, որոնք ինձ, իսկապես, մտահոգում են:

-Ի՞նչն է Ձեզ զարմացնում:

-Մի փիլիսոփա ասում էր՝ ինձ ոչինչ չի զարմացնում, ինձ ուրախացնում է: Երևի այդ տերմինը կօգտագործեմ: Ես ուրախանում եմ ազնվության, մարդկային ջերմ փոխհարաբերությունների, մեր հասարակության մեջ դրական տեղաշարժերի համար, որոնք միտված են զարգացմանն ու փոփոխությանը, նորարարությանը: Ուրախ եմ, երբ տեսնում եմ մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում և համեստորեն ծառայում են։

-Ի՞նչ երբեք չէիք անի:

-Ասում են՝ երբեք մի՛ ասեք երբեք… Պատասխանելով հարցին՝ չէի ուզի երբեք Հայաստանից դուրս ապրել: Թեև շատ եմ ճամփորդում, բայց իմ գործունեությունը Հայաստանում եմ պատկերացնում:

-Էթիկայի դպրոցը այսօր մեծ պահանջարկ ունի, ինչո՞ւ հիմնեցիք էթիկայի դպրոց:

-Դպրոցն արդեն 9 տարի է, ինչ գործում է: Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում՝ ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ ենք ուզում ունենալ՝ որպես պետություն, որպես քաղաքացի, հասարակություն, և այդ «ինչու»-ին ձգտելու ճանապարհին ի՞նչ քայլեր պետք է իրականացնենք:

Էթիկայի դպրոցը իր գործունեության հիմքում կարևորում է ՀՀ բարեկիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացու գաղափարը: Ես համոզված եմ, որ համաշխարհային փոփոխություններին և զարգացումներին համընթաց լինելու համար, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ են բարեկիրթ, զարգացած, մրցունակ և նպատակասլաց մասնագետներ և կառավարիչներ: Ահա այս գաղափարով որոշեցի հիմնել մի դպրոց, որտեղ էթիկան, բարոյական նորմերը դիտարկվում են հաջողության կարևորագույն բաղադրամաս: Իմ նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ կբարելավեն հաղորդակցման հմտությունները և կլինեն ավելի մրցունակ:

-Պատկերացնո՞ւմ էիք, որ կունենայիք այն, ինչ հիմա ունեք:

-Երբ սկսում էի հիմնել դպրոցը, շատերն ասում էին՝ մի ծաղկով գարուն չի գա և արդյոք դրա կարիքը կա մեր հասարակության մեջ: Բայց ես գիտեի՝ ինչ եմ ուզում, ուր էինք գնում և հստակ պատկերացնում էի առաջիկա տարիներին ինչ է լինելու:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Ընտանիքը, ճիշտ ընտրված աշխատանքը, որը սիրով եմ անում: Հստակ նպատակներ դնելը և հասնելը դրանց, ինչպես նաև գոհունակության զգացողությունն իմ ապրած օրերից:

Հրաչուհի Ալմաստյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով