«Անկեղծությունը լավագույն գրավականն է հաճախորդի հետ վստահության կառուցման գործում». Հակոբ Ջորջես

«Անկեղծությունը լավագույն գրավականն է հաճախորդի հետ վստահության կառուցման գործում». Հակոբ Ջորջես

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

«Ճանաչե՛նք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը «Ջորջես» իրավախորհրդատվական միջազգային կենտրոնի տնօրեն Հակոբ Ջորջեսն է:

Պարո՛ն Ջորջես, ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը:

-Միշտ սիրել եմ իմանալ իմ իրավունքների մասին՝ դեռևս դպրոցական վաղ տարիքից: Իրավաբանի՝ հասարակության մեջ ունեցած դիրքը, կոչումն ինձ տարավ դեպի իրավագիտություն: Ամենաշատը ցանկացել եմ իրավաբան դառնալ՝ առաջին հերթին, մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Ի՞նչն է կարևոր իրավաբանի աշխատանքում հաջողության հասնելու համար:

-Իրավաբանը պետք է լինի ճշտապահ, աշխատասեր և առաջին իսկ պահից վստահություն ներշնչի իրեն դիմած անձի մոտ: Իրավաբանը պետք է իր մասնագիտական գիտելիքների մեջ լինի լավագույնը, անընդհատ ուսումնասիրի օրենքների փոփոխությունները: Եվ, ամենակարևորը, իրավաբանը պետք է սիրի իր մասնագիտությունը և լսելու ունակություն ունենա: Միայն այս դեպքում կարող է լինել հաջողակ:

Հաճախորդի հետ վստահության կառուցումն ի՞նչ հիմքեր պետք է ունենա:

-Անկեղծությունը լավագույն գրավականն է հաճախորդի հետ վստահության կառուցման գործում: Հաճախորդը, եթե մեկ տոկոս կասկածի անկեղծությանդ վրա, շփումը հաջողությամբ չի ավարտվի:

Դժվար չէ՞ կառավարել էմոցիաները:

-Հենց էմոցիայի կառավարման մեջ է իրավաբանի մասնագիտական հմտությունը: էմոցիայի կառավարումով հանդարտություն ես փոխանցում նաև քեզ դիմած հաճախորդին: Այլապես, եթե հուզվես, քեզ մոտ եկած անձն ավելի վատ վիճակի մեջ կհայտնվի, տագնապն ավելի կմեծանա: Դրա համար պետք է հաճախորդին, հնարավորինս, դրական էմոցիաներ հաղորդել:

Եղե՞լ են դեպքեր, որ անվճար օգնեք Ձեր հաճախորդներին, սկզբնական շրջանում իրավաբանի Ձեր կարիերան կառուցելու համար:

-Այո՛, եղել են դեպքեր և այժմ էլ, եթե տեսնում եմ անձն անվճար օգնության կարիք ունի, անպայման օգնում եմ. դա է իրավաբանի կոչումը: Ինձ ճանաչողները գիտեն, որ ցանկացած իրավական խնդրով օգնություն ունեցող անձի, ով կարիքավոր է և վճարունակ չէ, անպայման օգնում եմ:

Ի՞նչ խնդիրներ են հանդիպում Ձեր ոլորտում, որոնք համընդհանուր են:

-Երբեմն, ում ներկայացնում ես, հակառակ կողմը քեզ նույնացնում է ներկայացվող անձի հետ, կարծում եմ՝ մարդկանց իրավական գիտելիքների բարձրացման արդյունքում կլուծվի այս խնդիրը: Շատ են հանդիպում դեպքեր՝ կապված  պաշտոնատար անձանց վերաբերմունքի հետ, օրինակ, երբ ներդնողի հետ գնում ես որևէ պետական կառույց, և նա տեսնում է վատ վերաբերմունքով պետական պաշտոնյա, արդեն տվյալ երկրի մասին վատ կարծիք է կազմում: Հիասթափության նմանօրինակ դեպքերի շատ եմ հանդիպել: Պետական պաշտոնյաների շրջանում, ովքեր անմիջապես քաղաքացիների հետ շփում ունեն, պետք է վերահսկվի բարեվարքության մակարդակը:

Ի՞նչ հեռանկար ունի իրավաբանը Հայաստանում:

-Լավ իրավաբանը միշտ էլ պահանջված է բոլոր ժամանակներում, և, կարծում եմ, որ մասնագիտական բարձր գիտելիքներ ունեցող իրավաբաններին է բաժին հասնելու ապագա իրավաբանական ծառայությունների ոլորտը և ցածրակարգ իրավաբաններն ուղղակի դուրս են մղվելու ոլորտից:

Արդյո՞ք տարիքը դեր ունի Ձեր մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար: Ո՞ւմ են նախընտրում՝ երիտասարդ, եռանդուն իրավաբանին, թե՞ կարևոր է աշխատանքային փորձը:

-Անշուշտ, մասնագիտական փորձը շատ կարևոր է իրավաբանի համար: Հաճախորդը, երբ այցելում է,  արդեն քո պատասխաններից հասկանում է մասնագիտական ունակություններդ: Ես՝ ինքս, այժմ ունեմ ինձնից քսան-երեսուն տարի մեծ իրավաբան աշխատողներ և նրանց հետ աշխատելով՝ սովորում ու սովորեցնում եմ:

GPnews.am

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով