Անկեղծ ասեմ՝ հոգնել էի. Արծրուն Հովհաննիսյան

Անկեղծ ասեմ՝ հոգնել էի. Արծրուն Հովհաննիսյան

GPnews.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն տևական ժամանակ է, ինչ դադարել եք զբաղեցնել ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը, այժմ ինչո՞վ եք զբաղվում:

-Զբաղվում եմ այն գործով, ինչը շատ եմ սիրում՝ ռազմական կրթությամբ։ Մամուլի խոսնակի պաշտոնը լքելուն պես անմիջապես նշանակվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ։

Անսովոր չէ՞ արդյոք, որ բանակի վերաբերյալ տեղեկություններն առաջին ձեռքից չեք լսում ու առաջինը չեք  հայտնում տեղեկատվությունը հասարակությանը:

-Կապս շատ ինտենսիվ պահում եմ մամուլի ծառայության, բանակի հետ. ի վերջո, ես բանակից չեմ հեռացել՝ բանակի մեջ եմ։ Մի փոքր անսովոր է, իհարկե, բայց կյանքում ցանկացած փոփոխության հետ պետք է հարմարվել և դրական կողմը տեսնել:

Մամուլի խոսնակ աշխատելիս ամենադժվար օրը, որ ունեցել եք, ո՞րն է եղել ու ի՞նչ դասեր եք քաղել։

-Դժվար է մեկ օր նշելը։ 8 տարվա մեջ այնքան դժվար օրեր են եղել՝ մեկը մյուսից դաժան ու ծանր։ Սկզբից թվում էր՝ 2014 թվականի ամառվա դեպքերն են դժվար, հետո 2015 թվականի սեպտեմբերը,  2016 թվականի ապրիլյան դեպքերը։

Ինչու՞ թողեցիք  մամուլի խոսնակի պաշտոնը:

-Անկեղծ ասեմ՝ հոգնել էի։ Ամեն մարդ իր կյանքում պետք է հնարավորություն ունենա մի փոքր ավելի առաջ գնալու, զբաղմունքը փոփոխի, նոր բան մտցնի իր կյանք։Ես ծառայությունը, բանակը շատ եմ սիրում և ուզում եմ նորանոր հաջողություններ գրանցել այլ ոլորտներում ևս։

-20 տարի անց նորից վերադարձել եք համալսարան, ինչպես եք պատկերացնում Ձեր ներդրումն այնտեղ։

-Նախ նշեմ, որ ահռելի փոփոխություններ է կատարվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այս տարիների ընթացքում,  և ես՝ ինքս, ունեմ շատ ու շատ մեծ պլաններ 21-րդ դարի չափորոշիչներին  համապատասխան ռազմական կրթության ոլորտ զարգացնելու։

Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ  այդքան ժամանակ անց ոտք դրեցիք համալսարան։

-Հակասական զգացողություններ ունեի՝ հպարտության, հուզմունքի։

Ի՞նչն ավելի լավը կդարձնի մեր բանակը։

-Մենք՝ բոլորս, մի փոքր ավելի պետք է սիրենք մեր երկիրը, բանակը և մեր սերը մի քիչ ավելի առարկայական պետք է ցույց տանք՝ գործով ապացուցենք, ոչ թե զուտ պարտականություն ընդունենք, դա մի փոքր ավելին է, քան՝ պարտականությունը, այդ դեպքում հաջողություններն ավելի մեծ կլինեն։

Մերի Մանուկյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով