Լրագրության սկզբունքներին չդավաճանած լրագրողները հիմա ավելի ազատ են, բայց՝ աղքատ. Արթուր Սահակյան

Լրագրության սկզբունքներին չդավաճանած լրագրողները հիմա ավելի ազատ են, բայց՝ աղքատ. Արթուր Սահակյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

«Ճանաչենք հետաքննող լրագրողներին» խորագրի այսօրվա հյուրը լրագրող Արթուր Սահակյանն է:

-Պարո՛ն Սահակյան, արդեն տարիներ է, ինչ հայկական մեդիադաշտում Ձեր անունը չի շոշափվում, սակայն, ինչքանով, որ տեղյակ եմ, լրագրողական գործունեություն եք իրականացնում ԱՄՆ-ում: Կպատմե՞ք այդ մասին, այժմ ինչո՞վ եք զբաղվում:

— Շարունակում եմ զբաղվել լրագրությամբ, հեռուստատեսային եւ ռադիո ծրագրերի արտադրությամբ։ Մասնավորապես՝ երեք տարի առաջ հիմնադրել եմ ANN (Armenian News Network) ընկերությունը, հայերեն թարգմանաբար՝ «Համահայկական լուրերի ցանց»: Ինքս վարում եմ  «30 Minutes» հեռուստածրագիրը, ինչպես նաեւ՝ «Հայաստանի Ձայն»-ը ռադիոծրագիրը, որը եթեր է հեռարձակվում Լոս Անջելեսում եւ հարակից շրջաններում սփռվող ռադիոկայանով։ Բացի լրագրությունից՝     զբաղվում եմ նաեւ հասարակական գործունեությամբ. մոտ չորս տարի առաջ հիմնադրել ու ղեկավարում եմ «Հայ-ամերիկյան քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Ի՞նչ սահմանափակումների եք հանդիպում ԱՄՆ-ում. լրատվամիջոց ստեղծել, վարելը հե՞շտ է:

— Անձամբ ինքս որեւէ սահմանափակման երբեք չեմ հանդիպել։ Եթե սահմանափակումներ կան, ապա դրանք գործող օրենքներն են։ Եթե դու օրենքները խախտելու կոչ չես անում, թշնամություն ու ռասսայական խտրականություն չես քարոզում՝ դու պաշտպանված ես, ունես խոսքի ազատության եւ կարծիք հայտնելու լիակատար իրավունք։ Կարող ես քննադատել յուրաքանչյուրին ու բոլորին՝ անկախ դիրքից ու զբաղեցրած պաշտոնից։ Իսկ լրատվամիջոց ստեղծելու եւ գործունեություն ծավալելու համար հարկավոր է ընդամենը ցանկություն։ Ամեն ինչ շատ պարզ է, չկա բյուրոկրատիա, թղթաբանություն, գրաքննություն եւ այլն։ Լրատվամիջոցը դա բիզնես է, եւ ինչպես ցանկացած բիզնես, պարզապես պետք է հարգի գործող օրենքները եւ ազատ է լիովին օգտվելու սահմանադրական իր բոլոր իրավունքներից։

-Հայաստանում հեղափոխությունից հետո լրագրողների գործունեության ազատությո՞ւն, թե՞ ամենաթողություն եք նկատում:

-Կարծում եմ՝ այդ հարցին ավելի ստույգ կարող են պատասխանել այն լրագրողները, որոնք ապրում եւ գործում են Հայաստանում։ Ինքս՝ որպես հեռվից հայաստանյան գործընթացներին հետեւող լրագրող, կասեմ, որ օբյեկտիվ գնահատական տալու համար նախ պետք է տարանջատենք լրատվամիջոցը՝ քարոզչամիջոցից։ Հայաստանում եղել են ու հիմա էլ կան լրատվամիջոցներ եւ՝ քարոզչամիջոցներ։ Այսինքն՝ կան լրագրողներ եւ կան դիրքավորված քաղաքական քարոզիչներ՝ պրոպագանդիստներ։ Այս կամ այն քաղաքական ուժի կամ իշխանության շուրջ քարոզչամիջոցների ու քարոզիչների դիրքավորումներն ավելի են խորացել, նրանք ունեն կոնկրետ ֆինանսավորողներ եւ կոնկրետ քաղաքական խնդիրներ են լուծում։ Ինչ վերաբերվում է լրագրության սկզբունքներին չդավաճանած լրատվամիջոցներին ու լրագրողներին, ապա կարծում եմ, որ նրանք հիմա շատ ավելի ազատ են, սակայն՝ շատ ավելի աղքատ։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եք Ձեր երազանքի մասին և նշել, որ ցանկանում եք Հետաքննական լրագրության դպրոց հիմնել, այդ երազանքն այժմ էլ ակտուա՞լ է:

-Միանշանակ։ Հետաքննական լրագրությունը, կարծում եմ, լրագրության ամենակարեւոր, ամենապատասխանատու եւ, միաժամանակ, ամենավտանգավոր տեսակն է։ Այն պահանջում է ոչ միայն լրագրողական հմտություններ, այլեւ՝ լինել հետաքննիչ, դետեկտիվ, վերլուծաբան եւ այլն։ Անհրաժեշտ է ունենալ համբերություն՝ ընկղմվելու խնդրի ամենախոր ծալքերը եւ համարձակություն՝ այն վեր հանելու, այլ փաստերի հետ համադրելու, օբյեկտիվ եզրահանգումներ անելու եւ հանրության դատին ներկայացնելու համար։

Երբ կողքի աչքով նայում եք, ինչպիսի՞ն է հետաքննական լրագրության վիճակը Հայաստանում, զարգացում ապրե՞լ է:

-Իհարկե, կան առանձին լրագրողներ, ովքեր երբեմն-երբեմն փորձում են հետաքննել այս կամ այն խնդիրը, բացահայտումներ անել։ Սակայն, բացառությամբ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, ես չգիտեմ որեւէ այլ լրատվամիջոց, որը կզբաղվեր հենց լրագրողական հետաքննությամբ։ Ինչպես տարիներ առաջ, երբ ես Հայաստանում էի, այնպես էլ հիմա «Հետք»-ը առանձնանում է իր բացահայտումների որակով։ Իհարկե ցանկալի կլիներ, որ շատ լրատվամիջոցներ ունենային իրենց լրագրողական հետաքննության բաժինները, լինեին լրագրողներ, որոնք կզբաղվեին միայն լրագրողական հետաքննությամբ։ Կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա։

Ձեր գործունեության տարիներին ի՞նչ կարևոր փորձ, հմտություն, դաս եք քաղել, որ կփոխանցեք նրանց, ովքեր այժմ հետաքննական լրագրությամբ են զբաղվում:

-Ե՛վ այն տարիներին, ե՛վ հիմա, թե՛ Հայաստանում, եւ թե՛ ամբողջ աշխարհում կոռուպցիոներները միշտ զգուշացել են հետաքննող լրագրողներից։ Լրագրողական հետաքննության կիզակետում հայտնվելիս նույն այդ կոռուպցիոներները նախ փորձում են մոլորեցնել լրագրողին, հետո՝ կաշառել, հետո՝ վախեցնել եւ այդպես շարունակ։ Այնպես, որ շատ կարեւոր է հետեւողականությունը, համարձակությունը, ինչպես նաեւ՝ կեղծ տեղեկությունն ու իրականը իրարից տարանջատելու սթափ գիտակցությունը։

Ի՞նչ կարևորագույն հատկանիշներ պետք է ունենա հետաքննող լրագրողը:

-Եթե կարճ, ապա՝ պրպտելու, քչփորելու, խնդրի ետեւից մինչեւ վերջ գնալու համառություն, հետեւողականություն եւ համբերություն։ Չպետք է շտապել եզրահանգումներ անել, որը հիմնվում է ձեռք բերված առաջին իսկ փաստի վրա։ Չի կարելի դա անել, անգամ, մի քանի փաստերի հիման վրա։ Պետք է անընդհատ ստուգել, օգտվել տարբեր աղբյուրներից, տարբեր խողովակներով։ Եվ եզրահանգումներ անել այն ժամանակ միայն, երբ բոլոր հնարավոր ու անհնար աղբյուրներն արդեն սպառվել են։ Մի բան էլ՝ երբեք չկատարել պատվեր, անգամ, եթե այդ պատվերը խմբագրինն է։ Միակ պատվիրատուն, որ կարող է այս գործում լինել, դա լրագրողի խիղճն է՝ ճշմարտության հանդեպ իր մասնագիտական պատասխանատվությունը։

-Հայաստան վերադարձի մասին մտածո՞ւմ եք:

-Միշտ եւ հետեւողականորեն։ Կարծում եմ՝ մի օր վերադառնալու եմ։ Պարզապես հիմնավոր ու լուրջ պատճառ է հարկավոր այդ կարեւոր որոշումն ընդունելու համար։ Օրինակ՝ ինչո՞վ եմ զբաղվելու վերադառնալուց հետո։ Եթե պիտի զբաղվեմ այն նույն գործով, ինչով հիմա եմ զբաղվում, ապա իմաստ չունի, դա անում եմ նաեւ այստեղ՝ Լոս Անջելեսում։ Ինտերնետային եւ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում հեռուստատեսային արտադրությամբ զբաղվելու համար իմ գտնվելու վայրը ամենեւին կարեւոր չէ։ Ավելին՝ այստեղ, օրինակ, ֆինանսական անկախության հարցն ավելի հեշտ է լուծել, քան՝ Հայաստանում։ Բայց եթե գա պահը, երբ զգամ, որ իմ ֆիզիկապես Հայաստանում գտնվելը օգտակար կլինի մեր երկրին, մեր հանրությանը, հաստատ կընդունեմ այդ կարեւոր որոշումը՝ վերադառնալ հայրենիք։

-Հայաստանում ամենաշատն ինչի՞ն եք կարոտում:

-Երբ կարոտում եմ, ապա կարոտում եմ ամեն ինչին ու բոլորին։ Բայց ասեմ, որ իմ հաճախակի այցերը Հայաստան, նաեւ՝ անընդհատ Հայաստանի հետ կապված լինելը չի թողնում շատ կարոտել։

Հրաչուհի Ալմաստյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով