«Փաստաբանն իր գործում պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և անկախ…»

«Փաստաբանն իր գործում պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և անկախ…»

«Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի հաջորդ հյուրը փաստաբան Դիանա Ղազարյանն է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, վստահորդ-փաստաբան հարաբերություններից մինչև այն ոլորտների մասին, որտեղ անպաշտպան են հենց իրենք՝ փաստաբանները

-Ձեզ համար իրավաբանությունն աշխատա՞նք է, թե՞ ապրելակերպ:

 Իրավագիտությունն իմ արյան մեջ է, առանց որի կյանքն ինձ համար փոքր-ինչ անհետաքրքիր կլիներ: Մանկուց հայրիկիս օրինակը տեսնելով՝ միշտ երազել եմ իրավաբան դառնալ և ուրախ եմ, որ ընտրել եմ հենց քրեաիրավական ուղղվածությունը:

 -Ինչո՞վ էր Ձեզ գրավում իրավաբանի մասնագիտությունը:

 -Իրավաբանի աշխատանքը շատ ծանր է, սակայն անսահման  հետաքրքիր  և ադրենալինով լի: Չեմ կարող նկարագրել, թե որքան հաճելի  զգացողություն է այն, երբ դատարանում արդարացվում է պաշտպանյալդ կամ դատարանը որոշում է կայացնում  դատական նիստերի դահլիճից կալանավորված պաշտպանյալիդ ազատ արձակել:

 -Ձեր աշխատանքի ամենահետաքրքիր և դժվար կողմը:

 -Յուրաքանչյուր գործ ունի իր հետաքրքիր և դժվար կողմերը: Սիրում եմ այն գործերը, երբ նախաքննությունից ի վեր ես եմ մշակում գործի մարտավարությունը: Պատասխանատու իրավիճակներում շատ հաճախ պետք է կայացնել ճիշտ որոշում, որից կարող է կախված լինել ամբողջ գործի հետագա ընթացքը: Մասնագիտությունը պահանջում է շատ հաճախ լինել ռիսկային և ունենալ ճկուն տրամաբանություն: Որպես իգական սեռի ներկայացուցիչ պետք է նշեմ, որ այս աշխատանքում դժվար կողմ է ինձ համար այն, որ պետք է գործում լինել միշտ սթափ, չտրվել զգացմունքներին, նայել իրականությանը այնպես, ինչպես այն կա:

 -Ի՞նչ սկզբունք ունեք, որը երբեք չեք խախտի:

-Փաստաբանը իր գործում պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և, ամենակարևորը՝ անկախ, նշածս սկզբունքների խախտումը բացառում եմ:

 -Ո՞ւմ երբեք չեք պաշտպանի:

 —Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանական գործունություն եմ իրականացնում որպես հանրային պաշտպան և  ինքս չեմ ընտրում քրեական գործերը, այլ դրանք մակագրվում են համակարգի միջոցով՝ ըստ զբաղվածության գրաֆիկի: Ուստի, ունեմ ոչ մեծ ծանրության հանցագործություններից մինչև առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրվող անձինք, որոնց պաշտպանությունն իրականացնում եմ: Շատ դեպքերում փաստաբանի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ նա պետք է իրողությանը նայի առաջին հերթին պաշտպանի և ոչ մեղադրողի աչքերով, քանի որ պատժի նպատակը մարդուն հոգեպես կամ ֆիզիկապես ճնշելը չէ, այլ ուղղիչ նշանակություն ունի, հետևաբար ցանկացած պաշտպանություն, որն ուղղված է անձի ուղղվելուն, կարելի է իրականացնել:

 -Ի՞նչ խնդիրներ են հանդիպում-փաստաբան հասարակություն հարաբերություններում, Ձեզ նույնացնո՞ւմ են վստահորդի հետ:

-Փաստաբանության ինստիտուտը թեև վաղուց է գործում,սակայն հասարակության և փաստաբանության միջև առկա խնդիրների մեծ մասը բոլորովին վերջերս են գտել իրենց լուծումերը: ՀՀ փաստաբանների պալատը մշտապես համակարգված աշխատանքներ է տանում այս ոլորտում առկա խնդիրների լուծման կապակցությամբ, որի արդյունքում արդեն մեր սերունդը զերծ է մնացել հասարակության հետ խնդիրների հետ կապված բախումներից, սակայն սա դեռ չի նշանակում, որ դրանք ամբողջապես վերացել են: Վստահ եմ, որ դրանք ևս ժամանակի ընթացքում ենքակա են լուծման: Ինչ վերաբերում է, այն հարցին, թե արդյոք ինձ նույնացրել են իմ վստահորդի հետ, նման դեպք իմ պրակտիկայում չի հանդիպել:

 -Ի՞նչ պետք է իմանա փաստաբանն աշխատանքում հաջողությունների հասնելու համար:

 Փաստաբանն աշխատանքում հաջողությունների հասնելու համար պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները և միշտ հիշի, որ դատական նիստերի դահլիճից դուրս կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, որտեղ գործում են ոչ միայն  օրենքները, այլև բարոյական նորմերը:

 -Ինչպիսի՞ն եք առօրյայում, ունե՞ք հետաքրքիր զբաղմունքներ:

Առօրյայում  ինձ բնութագրում են որպես կենսուրախ անձնավորություն: Ես նույնպես ինձ այդպիսին եմ համարում: Առօրյայում հետաքրքրությունների շրջանակը լայն է, ազատ ժամանակ ունենալու դեպքում ընտանիքիս կամ ընկերներիս հետ միասին փորձում եմ այն լրացնել տարբեր հետաքրքրություներով: Սիրում եմ նաև ճամփորդել:

 -Ի՞նչ խնդիրներ են հանդիպում Ձեր ոլորտում, որոնք կարելի է համընդհանուր համարել:

-Որպես քրեական գործերով փաստաբան կառանձնացնեմ մի խնդիր, որը վերաբերվում է կալանավայրերում պաշտպանյալների հետ տեսակցություններին և նրանց հետ շփմանը, որտեղ մեծ է բոլորիս հայտնի օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների փոխանցման ռիսկը: Պաշտպանյալի խախտված իրավունքները չպիտի պաշտպանվի՝ մեր առողջությունը վտանգելով: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի կրում հիվանդությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն մեզ հայտնելու պարտականություն, իսկ վերջինս կամ կհայտնի կամ չէ: Շատ վատ ու բարդ խնդիր է, որին անհապաղ լուծում է անհրաժեշտ:

 -Ձեր խորհուրդը քաղաքացիներին առավել պաշտպանված լինելու համար:

-Քաղաքացիներին առավել պաշտպանված լինելու համար խորհուրդ եմ տալիս լինել իրազեկ և պայքարել իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով:

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով