«Իրավագիտությունը հենց այն ուժն է, որը զսպում և հակակշիռներ է ստեղծում անարդար երևույթների հանդեպ»․ Մհեր Հայրապետյան

«Իրավագիտությունը հենց այն ուժն է, որը զսպում և հակակշիռներ է ստեղծում անարդար երևույթների հանդեպ»․ Մհեր Հայրապետյան

«Այն իրավաբանը, որը կմտածի, որ ունեցածը բավարար է և կդադարի ինքնազարգացմամբ զբաղվել, ժամանակի ընթացքում կկորցնի տարիների ընթացքում ձեռքբերածը»:

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի շրջանակում զրուցել ենք  «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-Ի Իրավաբանական վարչության պետի տեղակալ, իրավաբան, փաստաբան Մհեր Հայրապետյանի հետ։

Ինչու՞ ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը։

— Դեռևս վաղ տարիքում իմ առջև խնդիր էի դրել. պետք է մասնագիտանայի հնագույն 3 մասնագիտություններից մեկի ոլորտում` իրավագիտություն, բժշկություն և տնտեսագիտություն: Ընտրությունս կանգ առավ հենց իրավաբանության վրա, որովհետև տանել չեմ կարողանում անարդարության դրսևորումները, իսկ իրավագիտությունը, իմ կարծիքով, հենց այն ուժն է, որը զսպում և հակակշիռներ է ստեղծում անարդար երևույթներին:

Կա՞ օրենք, որը կուզեիք փոխել։

-Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հանդիպել եմ մի շարք իրավական խնդիրների, որոնք, բնականաբար, ամրագրված են եղել օրենքներում, բայց դրանք բավականին շատ են և չեն սահմանափակվում միայն խորը մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումներին, ուստի բոլորին անդրադառնալ չեմ կարող, սակայն կա մի խնդիր, որն ամենից շատ է ուշադրությունս գրավել. դա Գրավի իրավունքի պաշտպանությանն ուղղված գործիքակազմերն են, որոնք թեև ձևականորեն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում, սակայն խաչվելով քրեաիրավական նորմերի հետ, դադարում են արդյունավետ լինել, ուստի այստեղ ամենաշատն եմ փոփոխությունների կարիք տեսնում:

-Ո՞րն է լավագույն փաստաբանի բնութագիրը Ձեզ համար:

— Հաշվի առնելով հարցի խիստ սուբյեկտիվ բնույթը ես կպատասխանեմ, որ ինձ համար լավագույն փաստաբանն իր վստահորդի շահերի համար անմնացորդ պայքարող և օրենքին չհակասող ցանկացած ճանապարհով վերջինիս շահերը պաշտպանելուն պատրաստ փաստաբանն է:

Ի՞նչ է անհրաժեշտ մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար:

— Ամենակարևոր նախապայմանը իմ կարծիքով այն է, որ իրավաբանը չպետք է դադարի սովորել, անընդհատ պետք է ուսումնասիրի օրենսդրական փոփոխությունները, անընդհատ պետք է մի քայլ առաջ լինի իր մրցակիցներից: Այն իրավաբանը, որը կմտածի, որ ունեցածը բավարար է և կդադարի ինքնազարգացմամբ զբաղվել` ժամանակի ընթացքում կկորցնի տարիների ընթացքում ձեռքբերածը:

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ունե՞ք այլ հետաքրքրություններ:

— Աշխատանքից դուրս ամենամեծ հետաքրքրությունս ֆուտբոլն է. ազատ ժամանակիս այն հատվածը, որը չեմ նվիրում ընտանիքիս, նվիրում եմ ֆուտբոլին:

-Իրավաբա՞ն եք, արդյոք, տանը, ընկերական միջավայրում, թե՞ պարզապես Մհերը։

-Եթե շրջապատում չկա այլ իրավաբան, ես պարզապես Մհերն եմ:

-Իրավաբանի մասնագիտությունը խանգարու՞մ, թե՞ օգնում է ընտանիքում:

— Աշխատում եմ չխառնել մեկը մյուսի հետ, ուստի կարող եմ ասել, որ ոչ օգնում, և ոչ էլ՝ խանգարում:

-Կուզեի՞ք Ձեր երեխաները ևս ընտրեին իրավաբանի մասնագիտությունը:

— Անշո՛ւշտ, կուզեի, բայց, ամեն դեպքում, կթողնեմ երեխաներիս հայեցողությանը:

Արշալույս Ադամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով