«Առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»

«Առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»

Սաթենիկ Խաչատրյանը դեռևս փոքրուց է հասկացել, որ առողջ սնունդն ու առողջ ապրելակերպն իր կյանքի անբաժանելի մասն են: «Առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է». Սոկրատեսի հենց այս խոսքերն էլ կյանքի ընթացքում նրա նշանաբանն են դարձել:

GPnews.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Ֆդտ և մեթոդիկա» ամբիոնի ասիստենտ և Երևանի Շենգավիթի սպորտային ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սպ. ակրոբատիկայի մարզիչ Սաթենիկ Խաչատրյանը կիսվել է առողջ ապրելակերպի, ակտիվության իր բանաձևով:

-Առողջ ապրելակերպի վերաբերյալ տարբեր տեսակետների ենք հանդիպում, ո՞րն է առողջ ապրելակերպի Ձեր բանաձևը:

– Իհարկե, սա իմ խոսքերը չեն, սակայն հին Հունաստանի հայտնի փիլիսոփա Սոկրատեսի այս խոսքերը համարում եմ որպես իմ՝ առողջ ապրելակերպի նշանաբան. «Առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»:

-Ի՞նչ պարտադիր գործողություններ եք կատարում օրվա ընթացքում։

-Փորձում եմ ռացիոնալ կազմակերպել իմ օրակարգը: Հետևում եմ աշխատանքի, հանգստի, սննդի և շարժողական ռեժիմներին: Պարտադիր եմ համարում օրվա ընթացքում ֆիզկուլտդադարների և ինքնուրույն ֆիզկուլտուրային պարապմունքների կատարումը:

Օրվա Ձեր ճաշացանկի պարտադիր բաղադրիչները որո՞նք են:

-Առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ պահպանել սննդի ընդունման ռեժիմ, ունենալ չափի զգացում և, հնարավորինս, ընդունել բազմատեսակ սնունդ (կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, մսամթերք)՝ բացառելով կոնցետրատներ և սննդային հավելումներ պարունակող սննդամթերքները՝ արագ սնունդ, չիփսեր, գազավորված ըմպելիքներ, ապխտած մթերք, ինչպես նաև բացառում եմ ալկոհոլը:

Ձեր օրինակին հետևու՞մ են ընտանիքի անդամները։

-Այլընտրանքային տարբերակ չունեն, սակայն լինում են նաև բացառություններ:

Նկատել եմ, որ «Ֆեյսբուք»ում «Ես ակտիվ եմ» էջ ունեք, ո՞րն էր Ձեր կողմից էջը գործարկելու նպատակը, ի՞նչ պետք է անի մարդը, որ համարվի ակտիվ։

-Նախ ուզում եմ շեշտել, որ «Ես ակտիվ եմ» էջի հիմնադրման գործում մեծ դեր ունի իմ կամավոր թիմի ուսանողԱրգիշտի Թամոյանը: Մինչ այդ մենք գործել ենք առանց պաշտոնական էջի: Էջի միջոցով փորձում ենք գիտելիքներ փոխանցել հետևորդներին, սովորեցնել վարել առողջ կենսակերպ՝ նպատակ ունենալով բարելավել ու ամրապնդել մարդկանց առողջությունը, ներգրավել նրանց շարժողական ակտիվության մեջ, քանի որ շարժումը կյանք է:

Հաշվի առնելով ներկայիս կարանտինային վիճակը, այսօր այն առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջության համար: Առողջ լինելու համար մարդը պետք է ունենա օպտիմալ շարժողական ռեժիմ, սնվի ռացիոնալ, պահպանի աշխատանքի և հանգստի ռեժիմը և զերծ մնա վնասակար սովորություններից:

-Ի՞նչ աշխատանքներ եք կատարում կամավոր թիմի հետ:

-Այցելում ենք ՀՀ հանրակրթական դպրոցներ, եղել ենք Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, Նորքի մեծահասակների տուն-ինտերնատում և նմանօրինակ տարբեր հաստատություններում: Կազմակերպելով ակտիվ ժամանց, սովորեցնում ենք՝ ինչպես լինել ակտիվ և վարել առողջ կենսակերպ:

Բացի այդ՝ մեր բուհի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանի նախաձեռնությամբ և ակտիվ ուսանողների մասնակցությամբ կազմակերպել ենք մի շարք արշավներ՝ Հատիս, Գութանասար, Արագած, Արմաղան և այլն, որոնց իրականացման համար մեծ օգնություն է ցուցաբերել Ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:  Հարկ եմ համարում նշել, որ մեր հասարակական բազմապրոֆիլ աշխատանքների համար իր աջակցությունն է ցուցաբերել բուհի նախկին ռեկտոր Վահրամ Առաքելյանը, իսկ հիմա արդեն մեզ բոլոր հարցերում օժանդակում է ներկայիս ժ/պ ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր փորձում են առաջին քայլերն անել առողջ ապրելակերպ վարելու հարցում, սակայն, դեռևս չի ստացվում:

-Եթե կա ցանկություն, ապա կարող է հաջողության հասնել յուրաքանչյուր ոք, սակայն ճիշտ կողմնորոշվելու և արդյունավետ գործելու համար խորհուրդ կտամ դիմել մասնագետի: Ի դեպ, ՀՖԿՍՊ ինստիտուտի գործառույթներից մեկն էլ առողջ ապրելակերպի հմտություններին վարժ տիրապետող կադրերի պատրաստումն է:

Մերի Մանուկյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով