Համաձայնագրի քննարկման հիմնական ֆորմատը լինելու է Կառավարության ներսում, որովհետև արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է. Նիկոլ Փաշինյան

Համաձայնագրի քննարկման հիմնական ֆորմատը լինելու է Կառավարության ներսում, որովհետև արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է. Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին թե Արցախի վերաբերյալ հայտարարությունը ստորագրելուց առաջ ինչո՞ւ չի քննարկվել ընդդիմության հետ, նշեց, որ որոշումը մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել, ըստ նրա, դա նույնն է, որ ասեն, եթե մեր ստորաբաժանումը ետ է քաշվել կամ որոշել է գրոհել, ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում ընդդիմության հետ:

«Այն ժամանակ ռազմական գործողություններն շատ կրիտիկական էին: Շատ քննարկվում է, թե ի՞նչ հանձնվեց այս ստորագրությամբ, բայց իրականությունը այն է, որ այս փաստաթուղթը ոչ այնքան հանձնելու, այլ պահպանելու մասին է, որովհետև դա ստեղծվել է մի իրավիճակում, որ կանխատեսելի կորուստները ռազմական գնահատականով անխուսափելիորեն պետք է տեղի ունենային, որպեսզի խնայվեր շուրջ 30 հազար զինվորների կյանքեր: Հիմա երբ ռազմական գործողությունները կանգնած են, այստեղ արդեն քննարկելու և չքննարկելու տրամաբանությունը գործում է, պետք է հասկանալ ի՞նչ են ուզում անել՝ վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ սցենարով գնալ»,- նշեց նա:

Հարցին, թե ընդդիմությունը ցույց է անում, առաջնորդներին բռնում են, ասում են՝ ռազմական դրություն է իրավունք չունեք ակցիա անելու, ստացվում է, որ ընդդիմությունը այդ պրոցեսից կտրված է և քաղաքական ազդեցության հնարավորություն չունի, Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումները նոր պետք է սկսվեն, և դա դիվանագիտական քննարկում է և այն, իր կարծիքով, տեղի կունենա շատ երկար. «Քննարկումները դեռ նոր են սկսվելու,ես ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է․ և ռազմական, զինվորական բնույթի խնդիրներ և առաջադրանքներ են: Սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն, դառնան քաղաքական մեկնաբանություններ, և այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան, բայց այդ դեպքում էլ բնականաբար քննարկման հիմնական ֆորմատը լինելու է Կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է»:

Դիտարկմանը, թե, երբ ընդդիմությունը ասում է՝ համաձայնագրի ժամկետներ կան, որը կարող ենք չեղարկել, փոխել, ինչի՞ նրանց չեք լսում, հնարավոր է փոխելու ձևեր գիտեն, պատասխանեց, որ դեռևս չի լսել չեղարկելու որևէ տարբերակ, ըստ նրա, կարող ենք այդ թուղթը պատռել գցել մի կողմ, բայց պետք է դրա հետևանքների պատկերացումը ունենալ:

Պատասխանելով հարցին, ինչո՞ւ չկայացավ Ազգային ժողովի նիստը, խորհրդարանական երկիր ենք, ընդդիմադիրները եկել էին ԱԺ և սպասում էին ձեր կուսակիցներին, որ հարցը քննարկվի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով այդ հարցը չպետք է քննարկվեր այդ հուզական վիճակում:

«Երբ ասում են ինչո՞ւ նախապես քննարկումներ չի եղել, ըստ էության, ԱԺ-ի և ընդդիմությանն հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես կամ պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա, իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ -ինչ հանգամանքներով տեղի են ունեցել շատ արագ և մի պայմանում, երբ զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը»:

Հարցին, թե մարդիկ ընկճված ու կոտրված են, ցավ են զգում, մարդկանց անհրաժեշտ է միասնություն, և բոլոր նրան ովքեր ապաքաղաքական են, ասում են՝ նախկին, ներկա ամեն ինչ գիտենք, բայց ձեր ժամանակ է Շուշին ընկել և դուք չեք կարող լինել այդ միավորողը, արդյո՞ք ճի՞շտ չէ արտահերթ ընտրությունները, վարչապետը նշեց, «Մենք ծանր ժամանակներ ենք ապրում և սա մեր բեռն է՝ անկախ նրանից, ով ինչ դերակատարում է ունեցել: Սա մեր բեռն է, և պետք է ազգովի կրենք և մտածենք մեր ապագայի մասին:

Կարևոր է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի տեսլականը տեսնենք: Մենք հստակ ուղերձներ պետք է հղենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տներն ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը չի ավարտվել: Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում չի ստացել»:

Վարչապետի խոսքով՝ կարևոր հարց է նաև, թե մենք շարունակո՞ւմ ենք պայքարել Ղարաբաղի և նրա ժողովրդի իրավունքի համար, թե ոչ. «Իմ համար պատասխանը միանշանակ է: Առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցները պետք է գնան և ապրեն իրենց տներում: Ավերածությունները պետք է վերականգնվեն, ներդրումներ արվեն, ստեղծվի բնական միջավայր՝ խաղաղ կյանքի համար:

Հիմա կան խաղաղապահներ, որոնք ԼՂ-ի մի մասի անվտանգությունը ապահովում են, մյուս հատվածի մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է և պետք է աշխատենք նրանց անվտանգությունը ապահովելու համար:

Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև ճանապարհային կապի պրոբլեմ չի լինելու, մարդիկ կարողանալու են գնալ և գալ, այսինքն Արցախի այն հատվածում, որ գտնվում է Արցախի իշխանությունների վերհասկողության ներքո, պետք է օր առաջ բնականոն կյանքը վերականգնվի:

Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգությունը ապահովելն է, սա է այն միջավայրը, որում պետք է վերածնվի Արցախը»:

Նրա կարծիքով՝ պետք է մտածել պետական ներդրումներ անելու մասին։

«Այս փուլում կարևոր է ներքին կայունությունը և անվտանգությունը ապահովելը: Պետք է երաշխավորել ՀՀ-ի ժողովրդի անձեռմխելիությունը, պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպես, որ քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը, այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է»,- նշեց նա։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով