«Իրական կյանքի կրիմինալի հանդեպ հետաքրքրությունն ինձ ստիպեց ընտրել իրավաբան-կրիմինոլոգի մասնագիտությունը»

«Իրական կյանքի կրիմինալի հանդեպ հետաքրքրությունն ինձ ստիպեց  ընտրել իրավաբան-կրիմինոլոգի մասնագիտությունը»
GPnews.am-ի «Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի այսօրվա հյուրը իրավաբան Անահիտ Վարդանյանն է։Աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում։

— Ձեզ համար իրավաբանությունն աշխատա՞նք է, թե՞ ապրելակերպ:

Աշխատանք, որը ժամանակի ընթացքում դարձել է ապրելակերպ:

— Ինչո՞վ էր Ձեզ գրավում իրավաբանի մասնագիտությունը:

Անկեղծ ասած՝ երբեք չէի պատկերացնում, որ իրավաբան կդառնամ: Մանկուց կինոման եմ եղել (հատկապես
սիրել եմ կրիմինալ ժանրի ֆիլմեր դիտել) և միշտ կարծում էի, որ այդ ոլորտում եմ աշխատելու: Ամեն ինչ
փոխվեց, երբ ես բացահայտեցի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի աշխարհը: Այդ պահից սկսած
որոշեցի իրական կյանքի «կրիմինալն» ուսումնասիրել: Իրավաբան-կրիմինոլոգի մասնագիտությունը
հնարավորություն է տալիս բացահայտել հանցավորության արտաքին պայմաններն ու ներքին պատճառները,
ուսումնասիրել հանցանք կատարած անձին, ինչպես նաև մշակել հանցավորության կանխարգելմանն
ուղղված տարաբնույթ միջոցառումներ։

— Լավ իրավաբան լինելու համար ի՞նչ որակներ են անհրաժեշտ:

Ըստ էության, կարծում եմ, որ յուրաքանչյուր իրավաբան իր սեփական «բաղադրատոմսն» ունի այս
հարցում… Այնուհանդերձ, կառանձնացնեմ ճկուն մտածելակերպը,
կոմունիկացիոն հմտությունները, ըստ իրադրության արագ կողմնորոշվելու կարողությունը և
մշտապես կատարելագործվելու ցանկությունը:

— Ձեր աշխատանքի ամենահետաքրքիր և դժվար կողմը:

Աշխատանքիս ամենահետաքրքիր կողմն է տարաբնույթ մարդկանց հետ շփվելը, յուրաքանչյուր դեպքի համար
անհատական լուծում մշակելը, ինչպես նաև
աշխատանքի մոբիլ բնույթը: Դժվար կողմն էլ այն է, որ երբեմն անձին օգնելը քո ուժերից վեր է, չկան բավականաչափ միջոցներ։

— Ի՞նչ սկզբունք ունեք, որը երբեք չեք խախտի:

Թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում չեմ հանդուրժի անարդարությունը և խտրականությունը։

— Ի՞նչ խնդիրների եք հանդիպում, որոնք համընդհանուր են:

Պետական համակարգի ծանրաբեռնվածությունը, միևնույն առաքելությանը կոչված կառույցների միջև
համագործակցության բացակայութկունը։

— Ինչպիսի՞ն եք առօրյայում, ունե՞ք հետաքրքիր զբաղմունքներ:

Ներկայումս գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և ամբողջ օրն անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Եթե ժամանակս ներում է, երբեմն գեղարվեստական ֆիլմեր եմ դիտում, զբաղվում եմ կավագործությամբ։

— Ձեր խորհուրդը քաղաքացիներին առավել պաշտպանված լինելու համար:

Քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրենց իրավունքերի և պարտականությունների մասին:
Անհրաժեշտ է բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, լինել առավել իրազեկված։

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով