«Եթե կրթության հեռավար ձևաչափը շարունակվի, կորցրած որակը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն». ուսուցիչ

«Եթե կրթության հեռավար ձևաչափը շարունակվի, կորցրած որակը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն». ուսուցիչ

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրակրթական ուսումնական գործընթացին, հայտնեց, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ՀՀ-ում հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն.

«Քանի որ մեծ հավանականություն կա, որ մենք աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու, ուստի ուսումնական գործընթացը պետք է չխաթարվի»,-ասաց նա:

Այս հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ ինչպես «օնլայն», այնպես էլ՝ «օֆլայն» տիրույթում։

Այն, որ դպրոցներում, հնարավոր է, ուսուցումը սեպտեմբերին ևս շարունակվի հեռավար ձևաչափով, վրդովվեցրել է մի շարք ծնողների և ուսուցիչների.

«Հեռավար դասապրոցեսի ընթացքում երեխան չի ստանում այն գիտելիքը, որը կստանար դասարանային պայմաններում: Առարկաներ կան, որ, տեսականորեն, որքան էլ բացատրվում են, միևնույն է, երեխան չի ընկալում: Բացի այդ՝ կա ևս մեկ շատ լուրջ ու կարևոր խնդիր: Երեխաների տեսողությունն է վատանում հեռախոսի և համակարգչի դիմաց երկար անցկացնելու պատճառով»,-ասաց Ալինա Հայրապետյանը:

Արփինե Մանուկյանն էլ կարծում է, որ օնլայն դասերը ծուլացնում են երեխաներին. «Օնլայն դասերը շատ բացասական կողմեր ունեն, նախ՝ երեխաները պարտավորված չեն լինում պատշաճ կատարել տնային աշխատանքները, դժվար են հունի մեջ ընկնում, կենտրոնանում, իսկ ծեծելով չես կարող ստիպել, որպեսզի երեխան պարտավորվի դաս անել»։

Որոշ ծնողներ նշում են նաև ինտերնետի բացակայության փաստը. «Տղաս օնլայն տարբերակով դասերին 3 շաբաթ է մասնակցել։ Դրա պատճառն այն է, որ նորմալ ինտերնետ չունենք»,-ասում է Աննա Կարախանյանը:

Պատմության ուսուցչուհի Գայանե Հայրապետյանը փաստում է, եթե կրթության հեռավար ձևաչափը շարունակվի, կրթության կորցրած որակը ետ բերելը բավական ժամանակատար կլինի.

«Եթե դասապրոցեսը շարունակենք հեռավար կազմակերպել, մեր կրթության որակը կարող է այնպես ընկնել, որ տարիներ պահանջվեն այն կրկին վերականգնելու համար: Որքան ցածր դասարանում է աշակերտը, հեռավարն ավելի արդյունավետ է. բարձր դասարաններում այն մեռած է: Նույնիսկ համակարգիչների ու ինտերնետի առկայությունը բարձր դասարանցիների մեծ մասին չի կարող ստիպել լուրջ վերաբերվել կրթությանը»:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Նավասարդյանն էլ հորդորում է գործել ստեղծված իրավիճակին համահունչ.

«Արդյունավետություն, իհարկե, կա, բայց ոչ այնքան, ինչքան կլիներ դպրոցում: Ամեն դեպքում, երկու տարբերակով էլ սովորողը սովորում է, չսովորողը՝ չի սովորում։ Ուղղակի, հեռավար տարբերակով չես կարողանում բոլորին դասապրոցեսի մեջ ներգրավվել»։

Արշալույս Ադամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով