Լևոն Սարգսյանը պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով

Լևոն Սարգսյանը պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով

«Միայն Մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված օլիգարխների հայտնի ցուցակը բավարար է, որպեսզի գոնե Լևոն Սարգսյանի մասով քննություն իրականացվի, պարզվի, թե, օրինակ, Լևոն Սարգսյանը ինչ առարկայական մասնակցություն է ունեցել 2008-ի մարտի 1-ի դեպքերին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի մեղադրանքին ու կալանավորմանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8-ին վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի  միջնորդությունը բավարարել և վերահաստատել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» խափանման միջոցը կալանավորումն է:

ԱԱԾ-ն դեռևս 2018 թվականին էր տեղեկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը՝ որպես պատվիրատու, խմբի կազմում մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Լևոն Սարգսյանը  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք նաև, որ Փաստահավաք խմբի կողմից հրապարակված «բաշխված իրային ունեցվածքի» ցուցակում բազմաթիվ օլիգարխների անուններ էին գրված, և այդ անունների դիմաց նշված էր այն իրերի քանակը, որը նրանք ստացել էին մարտի 1-ի ցույցերի ժամանակ։ Բայց առ այսօր օլիգարխների այդ ցուցակի վերաբերյալ դեռևս առարկայական ոչինչ չկա, չգիտենք՝ նրանք հարցաքննվե՞լ են այս գործով, թե՞ ոչ, և առհասարակ հարցաքննվելո՞ւ են։ «2018 թվականից հետո, այն պահից, երբ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, մեղադրանքը հաստատվեց ու գնաց դատարան, դրանից հետո, ըստ էության, Մարտի 1-ի գործի քննությամբ առաջընթաց չունենք։ Ոչ մի տեղեկություն չկա ոչ միայն Լևոն Սարգսյանի, այլև ցուցակում նշված այլ անձերի վերաբերյալ։ Մենք դեռ չենք տեսնում, չգիտենք՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ, և այդ անձինք այդ գործով ինչ կարգավիճակ ունեն։ Եթե քննություն գնա, պարզվի այդ ցուցակի հետ կապված ամբողջ տեղեկությունը, ապա ապացույցների համակցությամբ նրանց պետք է մեղադրանք առաջադրվի Մարտի 1-ին առնչություն ունենալու համար»,- ասաց Խաչատրյանը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս համոզված է, որ Լևոն Սարգսյանը պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով։ Սաֆարյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործով կան ցուցմունքներ, որոնցում նշվում են, որ Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իր թիկնապահներին համազգեստ և զենք է մատակարարել, հետևաբար նա պետք է առերեսվի ցուցմունք տված վկաների հետ: Ըստ այդ ցուցմունքների՝ Լևոն Սարգսյանը մարտիմեկյան իրադարձություններից հետո զենքեր է դրել սեղանին և ասել, որ դրանք պատմական զենքեր են: Փաստաբանի խոսքով՝ Լևոն Սարգսյանը նաև մշտական կապ է պահպանել Հովիկ Աբրահամյանի հետ և նրան զեկուցել է իրավիճակը, հետևաբար այս հանգամանքը ևս պետք է պարզաբանվի։ Հանցաքննվել է հենց այդ զենք ստացած օլիգարխների թիկնապահներից որոշ խումբ, և եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ, այո, ստացել են զենք, առերես պնդումներ են եղել այս կապակցությամբ:

Արմեն Խաչատրյանի համար տարակուսելի է, որ մինչև հիմա Մարտի 1-ի մայր գործով քննությունը նման դանդաղ  ընթացքում է։ Առաջընթացները միայն դետալային են, որը չի գոհացնում: «Ես կարծում եմ, որ մարտի 1-ի թեմայով մենք պետք է ունենայինք ավելի մեծ ծավալով աշխատանք։ Մարտի 1-ը մեր աչքի առաջ է եղել, մենք գիտենք, որ Մարտի 1-ի ոճրագործությունը չի իրականացվել ընդամենը այսօր դատարանում հայտնված 5 հոգու պատճառով։ Մեղավորների թիվը շատ ավելի մեծ  է, և տրամաբանական կլիներ, որ Մարտի 1-ի գործով շատ ավելի  մեծ թվով մարդկանց նկատմամբ այսօր քրեական հետապնդում իրականացվեր՝ սկսած կազմակերպիչներից, վերջացրած Մարտի 1-ի գործով ապօրինի մեղադրական դատավճիռներ կայացրած դատավորներով»,- եզրափակեց Խաչատրյանը։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով