Օրենսդրական նոր կարգավորումները բարենպաստ միջավայր կստեղծեն նաև կառուցապատողների համար. Լիլիթ Պետրոսյան

Օրենսդրական նոր կարգավորումները բարենպաստ միջավայր կստեղծեն նաև կառուցապատողների համար. Լիլիթ Պետրոսյան

2020թ. հունիսի 24-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենապաստ վարչական ակտը վիճարկելու դեպքում՝ այդ ակտի կասեցումը վերապահել դատարանի հայեցողությանը՝ ապահովելով հավասարակշռությունը հանրային և մասնավոր շահերի միջև:

Նախագծերի, դրանց կարևորության, սպասվող փոփոխությունների մասին առավել մանրամասն զրուցել ենք ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային իրավունքի ոլորտի փորձագետ Լիլիթ Պետրոսյանի հետ:

-Ի՞նչ կարգավորումներ են նախատեսված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նախագծերով:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով` նախատեսվել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ` ներառյալ զուգորդվող վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում, վարչական ակտի կատարումը` հայցադիմումը վարույթ ընդունելու ուժով չի կասեցվում:

Ամրագրվել է, որ մինչև այժմ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով վարույթ ընդունված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները համարվում են վերացած։ Ինչը, հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չի խոչընդոտում գործի քննության ժամանակ հայցվորի միջնորդությամբ կասեցնելու այս վարչական ակտերի կատարումը: Ընդ որում, նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

-Ի՞նչ խնդիրներ են առաջանում օրենքի հետ կապված, որը պատճառ դարձավ նոր փոփոխությունների համար:

-Ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված է մի կառուցակարգ, որի համաձայն` վարչական ակտի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման` բացառությամբ այդ հոդվածով թվարկված դեպքերի: Ընդ որում, այդ բացառությունների մեջ չի մտնում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտը վիճարկելը` այդ թվում շինարարական թույլտվությունների վիճարկումը, ինչը թույլ է տալիս վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց կողմից դրանք վիճարկելու պարագայում շինարարական աշխատանքների կասեցում:

Արդյունքում, վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ կառուցապատման շուրջ 60 թույլտվություններ այժմ գտնվում են կասեցված վիճակում, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները դադարեցված են:

Միաժամանակ, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ այդպիսի հայցերը հիմնականում մերժվում են: Ստացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրեսգրքի 83-րդ հոդվածի կիրառումը մի շարք դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների չարաշահման, իսկ վարչական ակտի հասցեատիրոջ համար տվյալ դեպքում առկա չէ իրավունքների պաշտպանության որևէ միջոց, վերջինս չի կարող միջնորդել կասեցումը վերացնելու կամ այլ գործողություններ ձեռնարկելու:

-Նոր փոփոխություններով ո՞ր խնդիրները կհամարենք լուծված:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը վիճարկելու դեպքում՝ այդ ակտի կասեցումը վերապահել դատարանի հայեցողությանը՝ ապահովելով հավասարակշռությունը հանրային և մասնավոր շահերի միջև: Դա հնարավորություն կտա խուսափելու բողոքարկման իրավունքի չարաշահումներից, որոնք անորոշ ժամկետով արգելակում են այլ անձանց համար բարենպաստ վարչական ակտերի կատարումը և հաճախ անդառնալի բացասական հետևանքներ թողնում անձանց գործունեության վրա։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաև ապահովելու ներդրումների և ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:

-Արդյո՞ք երաշխավորվում է նաև այն անձանց իրավունքների պաշտպանությունը, ովքեր դիմել էին վարչական ակտի վիճարկման պահանջով և վարչական ակտը կասեցվել էր:

-Այո, թեև այս նախագծի ընդունմամբ վարչական ակտի կասեցումը համարվում է վերացած, հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հնարավորություն ունի գործի քննության ժամանակ միջնորդելու կասեցնել այս վարչական ակտերի կատարումը:

Հրաչուհի Ալմաստյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով