«Պետք է անկեղծ լինել հեռուստադիտողի ու ինքդ՝ քեզ հետ». Լիլիթ Թանդիլյան

«Պետք է անկեղծ լինել հեռուստադիտողի ու ինքդ՝ քեզ հետ». Լիլիթ Թանդիլյան

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Հեռուստաեթերում մեկնաբանի աշխատանքի առանձնահատկությունների մասին ենք զրուցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան, «Ռադիո Ավրորա»-ի լուրերի հաղորդավար Լիլիթ Թանդիլյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

-Իմ ընտրությունն ինձ հեռացրեց մանկության երազանքիցս, բայց, միևնույն ժամանակ, շատ ավելին տվեց: Մասնագիտությանս ընտրության հարցում օգնեց իմ շատ սիրելի դասախոս և ընկեր Աբել Աբելյանը: Այդ ընթացքում աշխատելով՝  հստակ հասկացա. ահա իմ ապագա մասնագիտությունը, բայց, իհարկե, տարիներ անց էլ ավելի գիտակցաբար մոտեցա մասնագիտությանս նրբություններին: Հեռուստատեսային լրատվական ծրագիրը զգալիորեն տարբերվում է այլ հաղորդումներից` առաջին հերթին լսարանի վրա  ազդեցության առումով: Ինձ գրավում էր իրադարձությունների կենտրոնում հայտնվելու հնարավորությունը, տեղեկացված լինելը՝ մեկ վայրկյան բոլորից շուտ:

Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը հեռուստատեսություն, կպատմե՞ք Ձեր առաջին ուղիղ եթերի մասին։

-Առաջարկ եղավ մասնակցել քասթինգի, սակայն հավանականությունը, որ ես կարող եմ հաղթահարել այդ փորձությունը, չեմ ստի, բավականին քիչ էր: 1-ին փուլ, ապա 2-րդ, և պատասխանը եղավ, որ ես ներգրավված եմ լրատվական մի մեծ թիմում: Հուզմունք, վախ հետո արդեն պատասխանատվություն, վստահություն, որը պետք էր արդարացնել: Հեռուստատեսությունը թիմային աշխատանք է. թիմն աշխատում է՝ դու ներկայացնում: Ինչպես ցանկացած նորմալ մարդ, ես նույնպես կարող էի սխալվել: Առաջին եթերի ժամանակ և՛ սխալվեցի, և՛ հուզվեցի: Իմ հրաշալի գործընկերները, ում հետ մինչև այսօր ընկերներ ենք, իմ կողքին կանգնած՝ օգնում էին հաղթահարել բոլոր դժվարությունները:  Ամենակարևորը, իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ: Սիրում եմ լուրերը, որոնք ամեն օր տարբեր են:

-Մասնագիտական ո՞ր հատկանիշներն եք կարևորում մեկնաբանի աշխատանքում։

-Հեռուստատեսությունը շատ բարդ և պատասխանատու ոլորտ է: Հետևաբար, հաղորդավարը պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակների, որոնք կարող են տեղի ունենալ եթերում, նա պետք է դա հաղթահարի իր գիտելիքներով, արձագանքով և հմտությամբ: Հեռուստադիտողը, ըստ էության, ցանկանում է, որ լրատվությունը լինի հավաստի: Դա նշանակում է, որ մեկնաբանը պետք է լինի քաջատեղյակ երկրում և արտերկրում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահեցնի, որ հասկանում է տեղեկատվության էությունը և եթերում ճիշտ ցույց տա իր օբյեկտիվ վերաբերմունքը կատարվածի նկատմամբ`  ձայնով, ճիշտ ներկայացնելով իր մոտեցումը: Կարևոր է հաշվի առնել հետևյալը. հաղորդավարը դառնում է իր և ամբողջ տեղեկատվական ծրագրի առաջին, հետաքրքրված հեռուստադիտողը:

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են լուրերի մեկնաբանի և լուրերի հաղորդավարի աշխատանքի նմանություններն ու տարբերությունները։

-Հաղորդավարը միայն տեղեկատվություն է կարդում՝ լուսաբանելով իրադարձությունները: Մեկնաբանը, բացի այդ տեղեկատվությունը կարդալուց, մեկնաբանություններ է տալիս, իր տեսակետը հայտնում: Մեկնաբանի և հաղորդավարի տարբերությունը, ըստ էության, այնքան էլ մեծ չէ: Հաղորդավարը եթերում կարդում է արդեն պատրաստված և հաստատված լուրը, մեկնաբանն էլ, գրեթե,  նույնն է անում: Տեսականորեն, հաղորդավարն իրավունք չունի իմպրովիզացիաներ անելու, մեկնաբանն ունի այդպիսի իրավունք:

Այլ հարց է, որ մեկնաբանին պետք է ավելի շատ պարզություն ու անմիջականություն. հեռուստադիտողը պետք է զգա, որ էկրանի այն կողմում գտնվող մարդը հասկանում է, թե ինչ է խոսում: Հեռուստադիտողը հասկանում է, որ հաղորդավարն ինքը նորությունները չի ստացել մոլորակի տարբեր անկյուններից, բայց նաեւ հեռուստադիտողը կարողանում է գնահատել այդ լուրի հմուտ, վստահ և նրբանկատ ներկայացումը:

-Պարտադի՞ր է ունենալ մասնագիտական կրթություն լուրերի մեկնաբան լինելու համար,թե՞ մեկնաբանը պարտադիր չէ, որ լրագրող լինի։

-Սա վիճալի հարց է: Հեռուստատեսային հաղորդման համար շատ ավելի կարևոր են ներքին խարիզմա ասվածը, հումորի զգացումը, իմպրովիզացիայի և հստակ ու գրագետ խոսքն առանց լուրջ թերությունների, գեղեցիկ շարադրելու ունակությունը: Մեկնաբան լինելու համար ցանկալի է ունենալ համապատասխան կրթություն: Ինչպես գիտենք, կշիռ ունեցող հաղորդավարներն ավելի հաճախ աճում են հեռուստածրագրերի խմբագիրներից և հասարակ թղթակիցներից, սակայն հեռուստատեսության աշխարհում շատ հաղորդավարներ ու մեկնաբաններ էլ, գրեթե, պատահական են հայտնվել էկրաններին:  Այլ մասնագիտությամբ մարդկանց համար, իհարկե, դժվարություններն ավելի շատ են, բայց պրակտիկան ու տարիներն օգնում են մասնագիտության ոլորտում մեծ փորձ և օգտակար գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

-Արտասահմանյան հեռուստաընկերություններում չգրված օրենք կա. մեկնաբանը չի կարող 30-35 տարեկանից ցածր լինել և ունենալ մեկ տասնամյակից պակաս լրագրողական աշխատանքային փորձ,  ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

-Տարիների փորձը, իհարկե, կարևոր դեր է խաղում, ավելի հասուն տարիքի հաղորդավարներին ավելի շատ են վստահում: Հեռուստադիտողը կարծում է, որ նրանք ավելի շատ կյանքի փորձ ունեն, քան իրենց երիտասարդ գործընկերները, և նրանք գիտեն, թե ինչի մասին են խոսում: Բայց նաև կարծում եմ, որ տարիքը նշանակություն չունի: Ավելի կարևոր է այն, թե հաղորդավարն իր աշխատանքում ինչպիսին է և այն ինչպես է կատարում: Հաղորդավարը պետք է ունենա որոշակի «կոսմետիկ առավելություններ»` ձայն, լավ տեսք և կարողանա արտացոլել իրական հույզերի համապատասխան քանակը: Վերջապես, հաղորդավարը պետք է լինի «թիմային խաղացող», որը կարող է լրատվական թիմի աշխատանքը մեկտեղել ու մատուցել, որը տարիք չի ճանաչում: Յուրաքանչյուր հաղորդավար ունի իր առանձնահատկությունը, որը գրավում է հեռուստադիտողին: Այս մասնագիտության տեր մարդիկ կամ պրոֆեսիոնալ են և խարիզմատիկ, կամ՝ ոչ:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ուղիղ եթերում աշխատելը մեկնաբանի համար։

-Ուղիղ եթերում ավելի զգոն ես լինում, առավել ուշադիր, պատրաստ անսպասելի իրավիճակների հաղթահարման, առավել ևս, երբ հյուր ունես. զրույցի ինքնաբուխ զարգացման տարբերակները կարող են լինել առավել անսպասելի: Երբ կա ուղիղ հեռարձակում, կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ: Բայց կա թիմ, որում բոլորը շատ տարբեր են, բայց, միևնույն ժամանակ, բոլորը զարմանալիորեն շփվող են ու, այսպես ասած, ապահովագրում են միմյանց, աջակցում: Ուղիղ եթերից առաջ ժամանակ չես ունենում մտածելու, կարծում ես՝ չես անհանգստանա, բայց եթերը սկսվելուն պես՝ հուզմունքը վերադառնում է ու քիչ անց կրկին անհետանում: Պարզապես պետք է անկեղծ լինել հեռուստադիտողի ու ինքդ՝ քեզ հետ, քանի որ էկրանի մյուս կողմում գտնվող մարդիկ ամեն ինչ զգում են:

-Կհիշե՞ք անսպասելի կամ զավեշտալի դեպքեր, որ պատահել են Ձեզ հետ ուղիղ եթերում աշխատելիս, ինչպե՞ս եք կարողացել դուրս գալ այդ իրավիճակից։

-Ամենադժվարը, իմ կարծիքով, իմպրովիզացիայի և արագ արձագանքման ունակությունն է արտակարգ իրավիճակներում, որոնք տեղի են ունենում եթերում: Եղել են տարբեր իրավիճակներ՝ տեխնիկական անսարքություն, ուղիղ կապի ընդհատում, հազի կտրուկ բռնկում կամ հրատապ տեղեկատվություն: Իհարկե, պատասխանատվությունը հեռուստադիտողի առջև, բերում է արագ կողմնորոշման, տարիների փորձից ելնելով՝ գլխումդ արագ իրավիճակից դուրս գալու միտքն է ծագում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի մեկնաբանի իմիջը՝ սկսած հագուստից մինչև եթերային խոսք, ժեստեր, միմիկաներ։

-Եթերում պետք է լինի խիստ տեսակ, բայց, միեւնույն ժամանակ, համեստ հագուստով ու շպարով, որպեսզի չշեղի հեռուստադիտողին ամենակարևորից՝ լուրից, որը ներկայացվելու է: Պետք է փորձի  լինել անկողմնակալ, արդար, անկեղծ, մոռանա ամաչկոտության և երկչոտության մասին: Այս աշխատանքը ներառում է բազմամիլիոնանոց լսարանի հետ հաղորդակցություն և  կաշկանդվածությունը պետք է բացառել:

-Ունեցե՞լ եք հեռուստատեսային նախընտրելի կերպար՝ իդեալ։

Այս պահին հիշեցի 3-ին՝ Եկատերինա Անդրեևա, նրան անվանում են նաեւ «Ձյունե թագուհի»: Այս խոսքերն արդեն ամեն ինչ ասում են. զուսպ, կշիռ ունեցող խոսք, վստահություն ներշնչող:

Էլեն Դեգեներես՝ նրան անընդմեջ հրավիրում էին «Օսկար» մրցանակաբաշխություն վարելու՝ իր զարմանահրաշ հումորի, հանդիսատեսին գրավելու և երբեմն չափից շատ անկեղծ խոսքի համար:

Օփրա Ուինֆրի՝ «Հեռուստատեսային փայլը», այսպես են նրան անվանում: Մեկնաբան, լրագրող, որը պատմության մեջ հայտնի է որպես ամենահաջողակ հաղորդավար, որը ստացավ ամենաբարդ ու պատասխանատու կոչումը՝ հեռուստադիտողների սերն ամբողջ աշխարհում:

Ինչպիսի՞ն եք Դուք եթերում և իրական կյանքում, կա՞ն էական տարբերություններ։

-Իհարկե, միշտ չէ, որ դասական հագուստի մեջ եմ, մազերս էլ՝ հյուսած, ինչպես եթերում է: Միշտ չէ, որ շատ լուրջ եմ լինում ու դեմքի սառը արտահայտությամբ պատմում  երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Սովորական կյանքում այլ է. առօրյա կյանքում ավելի ազատ եմ հագուստի ընտրության հարցում, աշխատում եմ խուսափել դիմահարդարումից, սիրում եմ կատակել և զվարճանալ:

-Ո՞րն է մեկնաբանի աշխատանքի հաջողության բանաձևը։

-Պետք է հավատաք ինքներդ՝ ձեզ: Կարդացեք անընդհատ, ինքնակրթությամբ զբաղվեք: Կարևոր է որոշել լրագրության այն ուղղությունը, որի մեջ ցանկանում եք խորանալ: Հաղորդավարն իր ձայնով պետք է սյուժե նկարի: Նախքան «լրագրողական «ճամփորդությունը» սկսելը՝  կարևոր է անկեղծորեն պատասխանեք ինքներդ՝ ձեզ. ինչու՞ եք մտնում այդ տարածք: Պատասխանը պետք է լինի, որքան հնարավոր է, ազնիվ ու հստակ, եւ այդ ժամանակ հաջողության բանաձևի պատկերն ամբողջական կլինի:

-Ձեր խորհուրդը սկսնակներին, ովքեր դեռ նոր են մուտք գործելու հեռուստատեսային աշխարհ:

-Հաղորդավարն իր խոսքով ամենամեծ ազդեցությունն է ունենում հեռուստադիտողների վրա: Լրագրող կամ հաղորդավար լինելու համար, բավարար չէ «ոսկե գրիչ» ունենալը, ամենակարևորը` հաղորդավարը պետք է անկեղծ լինի, հասկանալի մատուցի այն, ինչ ունի, սիրի իր մասնագիտությունն ու իր հայրենիքը: Ներկայացնողը պետք է ունենա գրավիչ խոսք, ունենա գեղեցիկ ու համեստ տեսք, ինտելեկտ, հաճելի ձայն, ճիշտ արտասանություն: Նաև պետք է հասկանա մարդկանց կյանքը և հոգեբանությունը, կարողանա դուրս գալ ծանր իրավիճակից, որը հաճախ առաջանում է ուղիղ եթերի ժամանակ: Եվ, ամենակարևորը, երբեք չդադարել սովորել ու լսել:

 

Գայանե Հարոյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով