Լրատվամիջոցները կենթարկվեն խիստ պատասխանատվության ռազմական դրության ժամանակ գործող կանոնները խախտելու դեպքում. ի՞նչ է նախատեսված օրենքի նոր փոփոխություններով

Լրատվամիջոցները կենթարկվեն խիստ պատասխանատվության ռազմական դրության ժամանակ գործող կանոնները խախտելու դեպքում. ի՞նչ է նախատեսված օրենքի նոր փոփոխություններով

Ռազմական դրության առկայությունն ունի հատուկ նշանակություն ինչպես որոշակի վարքագծի կանոններ սահմանելու տեսանկյունից, այնպես էլ՝ սովորական պայմաններում որպես իրավախախտում դիտարկվող արարքների հետևանքով վրա հասնող պատասխանատվության ծանրության տեսանկյունից: Այս առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 09.10.2020թ.-ին ավելացվել է նոր 182.5-րդ հոդվածը, որը սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցների շրջանակը, որոնք անհամեմատ խիստ են, ինչը բխում է վարչական տույժի նպատակներից՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրության ռեժիմը:

Նոր ավելացված 182.5-րդ հոդվածում հատուկ ուշադրության է արժանանում լրատվական միջոցների գործունեության կանոնների խախտումը, մասնավորապես հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելն առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Այսինքն, եթե, օրինակ, արտակարգ դրության պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոններ են խախտվում, ապա վերջինս կարող է ենթարկվել պատասխանատվության նույն օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 8-րդ մասով համապատասխանաբար 150.000-ից 300.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ, եթե նույն խախտումը կատարվում է երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ապա լրատվական գործունեություն իրականացնողը կարող է վարչական տույժի ենթարկվել 700.000 ՀՀ դրամից մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Հարկ է նշել, որ մեջբերված 182.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ոչ թե ՀՀ ոստիկանությունը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Արման Ստեփանյան

 <<Ղազարյան ընդ Փարթնըրս>> փաստաբանական գրասենյակի փաստաբան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով