Զարդերի ստեղծման թեմա կարող է դառնալ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ. Լուսինե Հարությունյան

Զարդերի ստեղծման թեմա կարող է դառնալ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ. Լուսինե Հարությունյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պարբերաբար, հանդես է գալիս հայկական արտադրության հագուստով և զարդերով՝ գովազդելով տեղական արտադրանքը: Օրերս նա Շուշիի գորգերի թանգարանից լուսանկարներ էր հրապարակել, որտեղ կրկին հայկական արտադրության հագուստով և զարդերով էր:

Լուսանկարներից դժվար չէր նկատել նրա յուրօրինակ ականջօղերը, որի հեղինակը  «Լուսինե Հարությունյան» զարդերի բրենդի հիմնադիր Լուսինե Հարությունյանն է:

Gpnews.am-ի  «Երազանքից իրականություն» խորագրի շրջանակում Լուսինե Հարությունյանի հետ զրուցել ենք վարչապետի տիկնոջ կողմից իր զարդերի նախընտրության, անցած ճանապարհի և բիզնեսում հաջողություններ գրանցելու մասին:

Ունե՞ք հատուկ թեմատիկա, որին, անպայման, պետք է հավակնեն Ձեր կողմից ստեղծված զարդերը:

-Զարդերի ստեղծման թեմա կարող է դառնալ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ։ Կին, գեղեցիկ կին, արարող կին, վերջապես, գեղեցիկը գնահատող կին, և այն ամենը, ինչ կարող է կապ ունենալ կնոջ հետ, իսկ կա՞ մի բան, որ կապ չունենա կնոջ հետ, մենք ամենուր ենք, չավարտվող թեմա է…

Վերջերս նկատեցի, որ վարչապետի տիկինը նույնպես Ձեր պատրաստած զարդերից է կրում: Ըստ Ձեզ ինչի՞ համար է նախընտրությունը տրվել հենց Ձեր զարդերին:

-Ինձ թվում է գեղեցիկը սիրող և գնահատող յուրաքանչյուր կին անտարբեր չի կարող լինել նրբաճաշակ զարդերի նկատմամբ , կարծում եմ, որ տիկին Հակոբյանը նույնպես գնահատեց իմ աշխատանքը, ինչը շատ հաճելի է:

«Լուսինե Հարությունյան» զարդերը որտե՞ղ կարելի է գտնել:

-Զարդերը վաճառվում են և՛ արտասահմանում, և՛ Հայաստանում, բայց հիմնական և գլխավորը «Երևան մոլլ»-ի և Կոմիտասի «Երևան Սիթի»-ի տաղավարն է։ Բոլոր վաճառասրահներում պահպանված են իմ ապրանքանիշին բնորոշ ամեն մանրուք:

Միայն զարդեր եք պատրաստում, թե այլ իրեր ևս հանդիպում են Ձեր բրենդում:

-Երբ նոր էի սկսել զբաղվել զարդագործությամբ, 2004 թվական էր, այդ ժամանակ աշխատում էի կավով, բացի զարդերից՝ պատրաստել եմ այն ամենը, ինչն ինձ հետաքրքիր էր, նաև հուշանվերներ։ Հիմա նույնպես պատրաստում եմ ինչ-որ տվյալ պահին ցանկանում եմ, վերջին փորձը եղավ ժամացույցը , որը շատ գնահատվեց ,սակայն զարդ ստեղծելը միշտ մնում է առաջին տեղում:

-Մինչև պատրաստի աշխատանք ունենալը՝ ի՞նչ գործընթաց եք անցնում, ստեղծագործելու համար ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:

-Մինչ պատրաստի աշխատանք ունենալը պետք է միտքդ արթուն պահես, հետո միայն մտքի, խելքի տարիներով ձեռք բերած հմտությունների և ենթարկվող ձեռքերի օգնությամբ կատարես առաջադրանքը  , իսկ հետագա նմուշները կարող են ստեղծվել առաջադրանքը ավարտին հասցնելուց հետո, այսինքն՝ միշտ պետք է աշխատել:

Աղջիկները զարդեր ընտրելիս ամենակարևորն ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն:

Զարդը ընտրելիս պետք է նայեն, թե այն իրենց մասին ինչ է պատմելու կամ ինչ են ուզում, որ պատմի։ Այո, զարդերը խոսում են, վստահ եղեք, դարեր առաջ էլ խոսել են:

Երբ նոր էիք սկսում բիզնեսը, երբևէ կպատկերացնեիք, որ այն կկրի Հայաստանի առաջին տիկինը:

-Գիտեք, երբ ստեղծում ես, մի ուրիշ զգացում է, ես՝ ինքս, ուրախ էի , որ կարողանում եմ ստեղծել ու կրել, այո՛, ես հպարտանում էի ինձնով, հետո երբ ուրիշներն են կրում, պատասխանատվությունն է գումարվում։ Կա գնորդ, ուրեմն՝ դառնում է բիզնես , այն ինչ վաճառվում է, բիզնես է, ուրախանում ես  ,որ  կարող ես գումար վաստակել, այսինքն գնահատում են քեզ , քո աշխատանքը որպես մարդ ,որպես արվեստագետ: Երբ տիկին Հակոբյանը սկսեց ներկայացնել հայ արվեստագետին՝ նախապատվությունը տալով հայ ստեղծագործ մտքին , այո՛, կար հույս, որ երկար տարիների լավ և որակով արված աշխատանքը նույնպես կգնահատվի։

՞նչ դժվարությունների եք հանդիպել հաջողության հասնելու ճանապարհին:

-Եթե ասեմ դժվարություններ չեմ ունեցել, չեք հավատա, բայց, այո, չեմ ունեցել , իմ ընտանիքը միշտ ինձ օգնել է , ընկերները նույնպես, ովքեր սկսեցին գնել և կրել, արդեն կար քիչ, բայց փաստացի եկամուտ , եթե կա եկամուտ, իրավունք չունես ծուլանալու, պետք է աշխատել , իսկ աշխատանքն ինձ այսօր դարձրեց այն, ինչ կամ։ Իսկ այն աշխատանքը, որը սիրով ես անում, դժվար չէ:

Երազանքները իրականանալու հատկություն ունե՞ն:

Ինձ թվում է երազանքը փոքր տարիքում է լինում , այն քեզ հետ մեծանում է դառնում է նպատակ, իսկ հետո պիտի չթողնես քեզ հետ ծերանա, այլ հասուն տարիքում պիտի իրագործես , եթե իրագործես, ուրեմն կատարվում է, այսինքն՝ միայն մեր միջամտությամբ ու ցանկությամբ:

Ձեր խորհուրդը երիտասարդ գործարարներին:

-Խորհուրդ չգիտեմ կարող եմ տալ, թե՝ ոչ ,բայց ամեն ազնիվ, շատ ազնիվ գործի ետևում է կանգնած հաջողությունը:

 

Հրաչուհի Ալմաստյան

Լուսանկարների հեղինակ՝ Գևորգ Պերկուպերկյան

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով