Ես պարզապես հավատացել եմ, որ կարող եմ, իսկ սերն աշխատանքի հանդեպ միշտ առաջ է մղում. Մարգարիտա Ղազարյան

Ես պարզապես հավատացել եմ, որ կարող եմ, իսկ սերն աշխատանքի հանդեպ միշտ առաջ է մղում. Մարգարիտա Ղազարյան

GPnews.am-ը «Երազանքից իրականություն» շարքի շրջանակում այս անգամ զրուցել է լրագրող, արվեստաբան Մարգարիտա Ղազարյանի հետ: Վերջինիս բազմազբաղ գործունեությունից դժվար է հասկանալ, թե իրականում որ ոլորտի ներկայացուցիչ է Մարգարիտան: Սակայն մեկ բան հստակ է՝ տարբեր ոլորտներում մասնագիտացման հիմքում աշխատանքի հանդեպ սերն ու մարդկային պատմություններն են: Այս ամենի մասին և ոչ միայն կպատմի ինքը՝ Մարգարիտան:

Լրագրող դառնալու հստակ որոշում…

Դպրոցում սովորելու վերջին տարիներին արդեն հստակ որոշել էի՝ պետք է լրագրող դառնամ: Գուցե մասնագիտության ընտրությունը կապված էր իմ՝ մարդկային պատմությունների նկատմամբ հետաքրությունից: Մասնագիտության ընտրության հարցում ազատ եմ եղել: Ընտանիքս որևէ կերպ չի ազդել կամ չի խոչընդոտել, այլ հակառակը՝ փորձել է աջակցել, սատարել և ոգևորել:

Ի վերջո՝ ընդունվեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Երկրորդ մասնագիտության ընտրություն և կտրուկ փոփոխում…

Ավարտեցի Ժուռնալիստիկայի բակալավրը և մագիստրատուրան որոշեցի շարունակել ԵՊՀ քաղաքագիտության բաժնում: Բայց ընթացքում հասկացա, որ այլ ոլորտում եմ ուզում շարունակել ուսումս:

Քանի որ փոքր տարիքից հետաքրքրվում էի արվեստով, ընդունվեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին:

2013-2015թթ. ուսանելով մագիստրատուրայում, հասկացա, որ չեմ սխալվել, երբ որոշում կայացրի քաղաքագիտության ուսումնառությունս կիսատ թողնել և ընդունվել արվեստաբանության բաժին:

Արվեստաբանության ֆակուլտետում սովորելու տարիներին արվեստով տարվեցի աննկարագրելի ձևով:

Այդ ընթացքում շատ էի կարդում, ուսումնասիրում տարբեր ժամանակաշրջանի զարդեր, տարազներ, գործվածքներ, կարատեսակներ…

Հետաքրքրված էի նաև մետաղագործությամբ: Դասընթացների մասնակցեցի նաև «Թումո» ստուդիայում:

Այդտեղ խորացված ասեղնագործություն և մետաղագործություն եմ սովորել, ուսումնասիրել: Շուտով նաև կլինի աշխատանքների վաճառք:

Հետաքննող լրագրող Մարգարիտան…

Հետաքննությունն ուղիղ կապ ունի մարդկային պատմությունների հետ: Ուստի անցումն ինքնաբերաբար եղավ:

Հիմա հետաքրքրքրվում եմ նաև մուլտիմեդիա լրագրությամբ: Դրանք հոդվածներն առավել գրավիչ, մատչելի և հետաքրքիր են դարձնում:

Արվեստի հանդեպ սերը…

Գուցե գեներն էլ իրենց դերն ունեցան այս հարցում: Տատիկս խորհրդային տարիներին գորգագործությամբ է զբաղվել, ընդ որում՝ հայտնի աշխատանքներ է ունեցել, որոնք և՛ վաճառվել են, և՛ ցուցադրվել տարբեր թանգարաններում:

Մայրական կողմս (տատիկները) զբաղվել է տարբեր արհեստներով՝ ձեռագործությամբ, կարպետագործությամբ, գորգագործությամբ: Բացի այդ, քեռիս դարբին է, պապիկս՝ շինարար, զբաղվել է քարի մշակմամբ:Կարճ ասած՝ մեր ընտանիքում յուրաքանչյուրը որևէ արհեստի տիրապետում է:

Միջավայրը որտեղ մեծանում ես՝ ինքնին ձևավորում է քո հետաքրքրություններն ու նախասիրությունները:  Դպրոցական տարիներին ես արդեն շյուղերով գործում էի, ինչպես նաև ասեղնագործում:

Երբ լուսանկարի միջոցով ներկայացնում ես պատմություն…

Փոքր ժամանակվա երազանքներս հիմա, կարելի է ասել, իրականություն են դարձել: Լուսանկարվելը ևս բացառություն չէ:

2013թ. «Ատեքս» նորաձևության կենտրոնում դասերի էի հաճախում: Դասերի շրջանակում մի քանի ցուցադրության եմ մասնակցել: Հրավերներ էի ստանում ֆոտոսեսիաների մասնակցելու:

Եթե անկեղծ՝ ապա լուսանկարվելը ևս ունի իր դժվարությունները:

Լուսանկարն ինքնին պատմություն է, որը ինքդ ես կերտում և հենց քեզնից է կախված, թե ինչ պատմություն ի վերջո կստացվի:

Կերպարային առումով կարողանում եմ ստանալ ցանկալի կադրեր:

Գաղափարներ, որոնք ինքնանպատակ չեն…

Հիմա ես ինքս փորձում եմ ֆեյսբուքյան իմ էջերի միջոցով ոչ միայն տարածել աշխատանքներս, այլ նաև տեղեկատվություն փոխանցել մարդկանց: Իրերի բազմակի օգտագործման գաղափարին հիմք դրեցի, որն ինքնանպատակ չէ:

Սրանով ուզում եմ ասել, որ հին իրերն ու հագուստները ամենևին էլ պարտադիր չէ նետել, այլ կարելի է մշակել և մի փոքր երևակայության արդյունքում անհավանական արդյունքի հասնել:

Աշխատանքներս ժամանակագրություն չունեն. ամեն բան կիրառում եմ: Ես պատրաստում և կրում եմ զարդեր, որոնք ունեն պատմություն: Սա ըստ իս շատ կարևոր է: Դրանք չեն ծնվում ուղղակի…

Դրանք անցյալի ու ներկայի միջնամասում են գտնվում: Առաջիկայում նպատակներ կան նաև փորձը կիսելու:

Աշխատանքում հաջողության հասնելու համար կարևոր

Առաջինը թերևս սերը, սերն այն գործի հանդեպ, որով զբաղվում ես: Սերն էլ մղում է աշխատասիրության:

Ամեն գործում սերը կարևոր է: Այն օգնում է ճիշտ լուծումներ գտնել, առաջ է մղում…

Անկումներ, որոնք սթափեցնում են…

Անկումներ միշտ լինում են: Գուցե զարմանալի թվա, բայց դրական եմ վերաբերվում: Առանց անկումների հնարավոր չէ: Անկումները երբեմն սթափեցնող դեր ունեն:

Դրանք նորի սկիզբ են: Անկումները կյանքի կողմից տրված անվճար դասեր են:

Առհասակարկ կյանքում նյութական կորուստները կամ պլանների ձախողումները ամենևին էլ վերջը չեն:

Երազանքից իրականություն…

Երազել եմ միշտ ու նպատակային: Չի եղել այնպես, որ անիմաստ երազեմ: Շատերն անգամ ասում էին, որ այսինչ կամ այնինչ բանը հնարավոր չէ, բայց ես սրտի խորքում համոզված էի, որ երազանքներն իրականանում են: Երբեք որևէ մեկին որևէ բան ապացուցելու միտում չեմ ունեցել և ոչ էլ հետ եմ կանգնել իմ քայլից.  պարզապես հավատացել եմ, որ կարող եմ:

 

Գայանե Մելիքյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով