Երբ գրում էի «Անատոլիական պատմություն»-ը, չգիտեի՝ այն ինչպես կավարտվի. Մարկ Արեն

Երբ գրում էի «Անատոլիական պատմություն»-ը, չգիտեի՝ այն ինչպես կավարտվի. Մարկ Արեն

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

Ժամանակակից հայ արձակագիր, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ անատոլիական պատմություն» վեպի հեղինակ Մարկ Արենի հետ զրուցել ենք նրա ստեղծած կերպարների, սիրո, կյանքի իմաստի և երջանկության մասին:

Ես երբեք չեմ հորինում իմ կերպարների կյանքը…

-Ուղղակի հետեւում եմ նրանց կյանքին եւ գրում եմ այն, ինչ տեղի է ունենում նրանց հետ։ Ես իմ կերպարներին չեմ թելադրում, թե ինչ պետք է անեն․ նրանք են թելադրում ինձ, թե ես ինչ պետք է գրեմ։ Նրանք ապրում են իրենց կյանքով, եւ ես գրում եմ իրենց կյանքը։ Դա է իմ հիմնական տարբերությունն այն բոլոր գրողներից, որոնց ընթերցել եմ։ Ես չգիտեմ իմ հերոսների հետ ինչ է տեղի ունենալու վաղը, նույնիսկ իրենք էլ չգիտեն, ես ուղղակի գրի եմ առնում այն, ինչ իրենց հետ տեղի է ունենում։

Երբ գրում էի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը, չգիտեի, որ այն այդպես պետք է ավարտվի։

-Ես չէի նախատեսում այդպիսի ավարտ, հերոսները բերեցին  պատմությունն այդպիսի ավարտի։ Պատմությունն այնպես զարգացավ, հերոսներն այնպես ապրեցին այդ ժամանակաշրջանը, որ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց։

Հայաստանում սիրում եմ ստեղծագործել, այստեղ ամենուր իմ սիրած վայրերն են։

Զբոսնում եմ Երեւանով, հիշում եմ իմ մանկությունը, երիտասարդ տարիները։ Երբ, որ վերանորոգում էի այն բնակարանը, որտեղ մեծացել եմ, ամեն ինչ վերանորոգեցի՝ բացի հատակից․ այն թողեցի այնպես, ինչպես կար։ Երբ երիտասարդ ժամանակ երեկոյան ուշ գիշերով վերադառնում էի տուն, երբ բոլորն արդեն քնած էին, աշխատում էի այնպես շարժվել, որ հանկարծ հատակն ինձ չմատնի, գիտեի, թե որտեղ ինչպես  է ճռճռում հատակը։ Երբ վերադառնում եմ Երեւան,  քայլում եմ այդ հատակի վրայով, միշտ հիշում եմ իմ երիտասրդ տարիները։ Երբ Երեւանում ինչ-որ տեղ եմ գնում, աշխատում եմ այնպես գնալ, որ մեր դպրոցի կողքով անցնեմ, վերհիշեմ իմ մանկությունը։

Մարդկանց ծերացնում է հույսի եւ հավատի բացակայությունը․․․

-Շատերին թվում է, որ մեզ ծերացնում են մեր կնճիռները, մեր սպիտակած մազերը, ո՛չ մեզ ծերացնում է հույսի եւ հավատի  բացակայությունը։ Շատերին թվում է, երբ որ մենք ծերանում ենք, մենք դադարում ենք սիրել․ հակառակն է տեղի ունենում․ մենք դադարում ենք սիրել եւ ծերանում ենք։

Սերը, հույսը, հավատը, դրանք այն զգացումներն են, որոնք պետք է միշտ լինեն մարդու մեջ․ դա է մեզ օգնում ապրել, ստեղծագործել եւ զգալ, հասկանալ կյանքի բոլոր հաճույքները, որովհետեւ այս աշխարհում ամենամեծ նվերը կյանքն է։ Պետք  է կարողանանք այն ճիշտ ապրել եւ վայելել, որն առանց հույսի, առանց սիրո հնարավոր չէ։

Մարկ Արենը (իրական անունը Կարեն Մարգարյան), ժամանակակից հայ արձակագիր է։ Այժմ բնակվում է Մոսկվայում։ Նրա առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.-ին։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով 2008 թ․-ին։ Այն երեւանյան գրախանութներում գեղարվեստական գրականության բեստսելլեր է դարձել։ 

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով