Փեսայի թաղման օրը սպանել են տղային․ ինչ է իրականում կատարվել Մարմաշենում

Փեսայի թաղման օրը սպանել են տղային․ ինչ է իրականում կատարվել Մարմաշենում

Մարմաշենում սպանված Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանն, այսօր Aravot.am-ին մանրամասներ ներկայացրեց եղբոր սպանության դեպքից՝ նշելով, որ մամուլը երկու օր է ՝ ապատեղեկատվություն է տարածում՝ հղում անելով համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։ Հեղինե Մանուկյանը պատմեց, որ իր եղբայրը չի մասնակցել Մարմաշեն ու Վահրամաբերդ համայնքների երիտասարդների միջև տեղի ունեցող ֆուտբոլի խաղին, ինչպես փորձում են ներկայացնել շահագրգիռ անձինք։

Նրան Մարմաշեն են կանչել՝ հեռախոսին SMS ուղարկելով ու տեղեկացնելով, որ վիճաբանություն է սկսվել ընկերոջ ու մարմաշենցիների միջև։ Ըստ Հեղինե Մանուկյանի, մեկ շաբաթ է՝ իրենց ընտանիքը սգի մեջ է․ այսօր Հայաստան են տեղափոխել ու հուղարկավորել քրոջ 31-ամյա ամուսնուն։ Նա մեկ շաբաթ առաջ շմոլ գազից խեղդամահ էր եղել Ղազախստանում, ու իրենք սպասում էին, որ դին պիտի տեղափոխեն Հայաստան։ Եղբայրը յոթ օր շարունակ տնից դուրս չի եկել, դեպքից մի քանի ժամ առաջ վերցրել է քրոջ երեխային ու հարևանի ավտոմեքենայով գնացել է Մարմաշենի վանք՝ մոմ վառելու։ Այդ ժամանակ էլ նրա հեռախոսին հաղորդագրություն են ուղարկել, թե կռիվ է՝ արի։

Զարզանդը զանգահարել է ընկերոջը՝ Գևորգին, հարցնելով՝՞ ինչ կռիվ է, Գևորգը պատասխանել․ «Իմ հետ է կապված, հասի»։ Նա քրոջ փոքրիկին տուն է բերել ու իր մյուս ընկերոջ՝ Արմանի հետ նրա մեքենայով հասել Մարմաշեն։ Կարդացեք նաև Մարմաշենում անչափահասի են ձերբակալել․ նա կասկածվում է ֆուտբոլի դաշտում 20-ամյա երիտասարդի սպանության մեջ 2003-2018թթ. կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ԱԱԾ պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ Որսորդական հրացանով կրակել և սպանել է 29-ամյա բնակչին, դիմել փախուստի «Մենք մի շաբաթ է՝ վշտի մեջ ենք, Ղազախստանում 31 տարեկանում հասակում մահացել է քրոջս ամուսինը, այսօր նոր դին բերել են ու հուղարկավորել ենք։ Մենք 7 օր շարունակ լաց ու կոծի մեջ ենք, եղբայրս տնից ընդհանրապես դուրս չէր գալիս, քույրս ու իր երկու փոքրիկ երեխաները հայրական տանն էին։

Եղբայրս դեպքի օրը՝ ամիս 27-ին, ժամը 18․00-ին վերցրեց քրոջս որդուն՝ Արսենին, ասաց՝ գնանք, մի հատ մաքուր օդ շնչենք ու գանք։ Հարևանի տղայի ավտոմեքենայով գնացել էին Մարմաշենի վանք՝ մոմ վառելու։ Ժամը 19․00-19․30-ն ընկած սահմանում եկավ տուն, երեխուն բերեց տվեց ինձ ու ասաց ՝ շտապ գործ ունեմ, արագ գնամ ու կգամ։ Ասացի՝ հաց կեր նոր, ասաց՝ չէ, շուտ կգամ, ես էլ խնդրեցի՝ շատ չուշանա, ինքն էլ այնքան լսող, շնորհքով տղա է․․․ Գնաց, ես քիչ անց սեղան գցեցի ու զանգեցի իրեն, ժամը 20․30-ից զանգել եմ, զգում էի, որ մի բան այն չէ․ ժամը 20․30-21․00-ի սահմանում քավորիս աղջիկը եկավ, ասաց՝ գյուղի բոլոր տղամարդիկ անհետացել են։

Դուրս ելանք, հեռախոսը վերցրեցի ու սկսեցի նորից եղբորս զանգել ու անկախ ինձանից՝ ընկա գետին ու եղբորս անունը տալով՝ գոռում էի, բայց չգիտեի, թե ինչ է եղել, ուղղակի փեսայից մահվան դեպքից հետո վատ զգացողություն ունեինք, մի տեսակ վախեցած էինք։ Զանգեցի մորաքրոջս տղային, լաց էր լինում, ասի՝ ինձ մի բան ասա՝ շնչո՞ւմ է, թե՞ չէ, ասաց՝ բերանդ խերով բաց։ Իմացա, որ Գյումրի բժշկական կենտրոնում են, պապայիս խաբեցի, թե ոտքն է ջարդվել, պապաս էլ փեսայիս դեպքից սգի մեջ է, սիրտը՝ վատ, գնացինք հիվանդանոց։ Ես զանգեցի հիվանդանոցի փոխտնօրենին, խնդրեցի տեր լինեն, մինչև հասնենք, երբ նա հետ զանգեց ու ասաց, որ ընդունարանից չեն պատասխանում, թե ինչ է եղել, ես գլխի ընկա․․․

Դեռ գյուղից չէինք շարժվել հիվանդանոց, մորաքրոջս տղան զանգեց, թե Զարզանդին հետ են բերում հիվանդանոցից։ Ինձ զսպեցի, քանի որ հայրս էր ղեկին, հասանք հիվանդանոց, մեր ամբողջ ազգությունը հիվանդանոցում էր։ Երբ ներս տարան, բժիշկն ասաց՝ ձեռքերը ու դեմքը կապտած բերել են, ձեռքերին ու դեմքին ընդհանրապես վերքեր չեն եղել, մարմնի վրա վերքեր չեն նկատել։ Երբ ճչում էի՝ բա ինչ է եղել, մեր բարեկամը քաշեց կողքի ու ասաց՝ կոկորդին են խփել, միանգամից խեղդել է, ասաց էդ խփողի բոյն էլ կարճ է, մտածեցի՝ էդ ինչպե՞ս, եղբայրս շատ բոյով է, հետո ասին՝ գլխին են հարվածել, տարբեր վարկածներ էին ասում։ Հետո պարզեցի, որ գցել են գետին, գլխին են հարվածել հետևի կողմից, ողնաշարից անջատվել, արյան զեղում է տվել», -ասաց Հեղինե Մանուկյանը։

Նա պատմեց նաև դեպքից մանրամասներ, այն, ինչ լսել էր եղբոր ընկերներից։ «Ինչպես պատմում են ընկերները, երբ հասել են, կռիվն արդեն ավարտված է եղել՝ իրար ծեծած են եղել, բայց հաշիվ պարզելը շարունակվել է։ Եղբայրս բնավորությամբ հաշտարար էր, կռվասեր չէր, տեսնում է, որ Մարմաշենից 17 տարեկան տղան նորից է խփում իր ընկերոջը, հարցրել ՝ ինչո՞ւ ես խփում, որին ի պատասխան՝ այդ 17 տարեկանը հրել է եղբորս։ Եղբայրս ասել ՝ մի հրի, կանգնել ենք, տղամարդու պես խոսում ենք։ Երբ մի քիչ հեռացել են, Մարմաշենի տղաները խմբով եղբորս ու իր ընկերներին հետապնդած են եղել։ Եղբորս ընկերները Գևորգով են զբաղվել, Գևորգը ընկած է եղել, Մարմաշենի տղաները հետևներից են գնացել, բայց եղբայրս չի էլ նկատել, խոսեցրել են, հրել են, թե խփել, հիմա ստույգ չեմ կարող ասել, թեև արմունկին էլ վերք կար, գցել են վայր եղբորս, ու 17 տարեկան այդ տղան հետևից գլխին է խփել, Զարզանդի մահը վրա է հասել հենց այդ պահին։ Մարմաշենցի երիտասարդները թողել, փախել են, իր ընկերները ջուր են բերել, շտապօգնություն կանչել, բայց ինքն արդեն մահացել է։

Փաստորեն եղբայրս հասավ, որ ընկերոջը օգնի, անմեղ տեղը զոհ դարձավ»։ Հեղինե Մանուկյանը պնդում է, որ խմբակային սպանություն է եղել, մեկ հոգին չէր կարողանա իր եղբոր պես բարձրահասակ, թիկնեղ, սպորտով պարապած տղային վայր գցել։ Լրագրողի համոզմամբ, սպանությունը ոչ թե մեկ անձ է կատարել, ինչպես որ նշված է քրգործում, այլ խմբակային է։ Նա պահանջում է, որ մյուսները ևս պատասխան տան։ «Հիմա փորձում են ջրել այս գործը, հստակ տեղեկություն ունեմ, որ այնտեղի տեսանկարահանող սարքերն են փորձել հանել, որ թաքցնեն հանցանքը, բայց ոստիկանները թույլ չեն տվել։ Իրենք նաև թիկունք ունեն, կապեր ունեն, մեծ թվով փաստաբաններ են վարձել։ Իհարկե, մենք ևս փաստաբան ենք վարձել, հասնելու ենք նրան, որ պատասխան տան բոլորը։ Մոտավորապես բոլորն իրար հետ 15 հոգի են եղել, վեճ է եղել, կռիվ, բայց վեճը ծագել է ֆուտբոլից, որի հետ իմ եղբայրը ընդհանրապես կապ չի ունեցել, ուղղակի ֆուտբոլի ժամանակ իր ընկերոջ վրա ձեռք են բարձրացրել։ Ու մեկ էլ վարկածներ ես կարդում՝ պատահաբար ընկել է, գլուխը քարին է կպել, մահացել է․․․

Չկա նման բան, կոնկրետ գլխին ինչ-որ առարկայով խփել են, ենթադրում եմ, որ ձեռքի հարված չի եղել, ու մի անգամ չեն խփել, եթե մի անգամ ընկած տեղը խփել եք, էլ ինչի՞ եք խփել։ Իրեն խփել են ֆուտբոլի դաշտից հեռու, դաշտից հեռու են հաշիվներ պարզել։ Ես չէի ուզում այս պահին խոսել, երբ եղբորս չենք էլ հուղարկավորել, բայց տեսա, որ բազմաթիվ կայքեր, հղում տալով մեր համայնքի ղեկավարին՝ Կարեն Արշակյանին, անիմաստ բաներ են գրում, որից և մենք վրդովված ենք։ Ասեմ, որ մենք բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիք ենք։ Իմ եղբայրը շատ լավ ծառայեց Արարատում, վերադարձավ՝ բազմաթիվ պատվոգրերով, եկավ բանակից, անմիջապես ընդունվեց Շիրակի պետական համալսարանի ռազմական ֆակուլտետում։ Հավանած աղջիկ ուներ, շաբաթ օրը գնալու էինք խնամախոս, երկուշաբթի էլ արդեն աշխատանքի պիտի գնար զորամասերից մեկում »։ Հեղինե Մանուկյանն ասաց, որ եղբայրը իրենց ազգի միակ տղա զավակն էր։ «Ոչնչացրեցին Մանուկյանների ազգը», -ողբում էր քույրը։

Նա նաև նշեց, որ սպանության կասկածանքով կալանավորված երիտասարդը սպորտսմեն էր, լուրեր են շրջանառվում, որ փորձում են նրան հոգեկան հիվանդ ձևակերպել։ Հեղինե Մանուկյանն ասաց, որ մինչև վերջ պայքարելու են բոլոր մեղավորներին պատժելու համար։ «Եթե զգացինք կարիքը կա, դին հողին չենք հանձնի այնքան ժամանակ, մինչև որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակեն»,-ասաց Հեղինե Մանուկյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aravot.am-ին տեղեկացրել էին, որ երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով, գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական հանձնարարությամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և կասկածվող անձը վարույթն իրականացնող քննիչի կողմից արդեն իսկ ձերբակալվել է։ Նա այժմ կալանավորված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով