«Խորհուրդ ենք տալիս Արսեն Թորոսյանին հետևել սեփական խորհուրդներին». Մեդիա պաշտպան

«Խորհուրդ ենք տալիս Արսեն Թորոսյանին հետևել սեփական խորհուրդներին». Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտ ամսին՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, շատ կառույցներ իրենց աջակցությունը հայտնեցին իշխանություններին, այդպիսի մի կազմակերպություն էր նաև Hetq.am լրատվականը։ Լրատվականը, հասկանալով պահի լրջությունը, փորձել է տվյալների քարտեզագրված բազա հավաքագրել, որը հետագայում կարող էր հեշտացնել նախարարության աշխատանքը և մոբիլիզացնել հասարակությանը։ Պետք է հավաքագրվեր, թե վարակվածները երբ և որ երկրներից են եկել, որն է եղել ելքի երկիրը, որ ավիաընկերության չվերթով են եկել: Ցանկացել են պարզել նաև տարիքը, սեռը, ավելի ուշ՝ նաև արյան խումբը, բնակության վայրը, մեկուսացման վայրը: Սակայն նախարարությունից նշել են, որ այդ տվյալներն անձնական են ու չեն տրամադրել լրատվականին։ Դրան զուգահեռ, ըստ լրատվականի, նախարարն անհեթեթ է համարել նմանատիպ հարցումները։

Փաստացի, վարակի դեմ պայքարին անլուրջ մոտեցած և հումորներով առաջնորդվող նախարարը լրատվականի մասնագիտական օգնությունը անհեթեթ է համարում։ Հորդորում ենք Արսեն Թորոսյանին ձեռնպահ մնալ նման դրսևորումներից և չփորձել պիտակավորել կայքի աշխատանքը։ Այս պահին, փաստացի, հանրությանը հասանելի չէ որևէ քարտեզ, թե որ տարածաշրջանից քանի հաստատված վարակի դեպք կա, առավել վտանգավոր հիվանդությունների ցանկը տեսակավորված չի հրապարակվել:
Այդպես էլ չի նշվում, թե հարկատուների գումարներից և նվիրաբերություններից հավաքագրված գումարներն ինչպես են ծախսվում։ Թափանցիկությունն այստեղ էլ պահպանված չէ։ Ի վերջո, ո՞ր ընկերություններն են ներգրավված համավարակի դեմ պայքարում՝ ախտահանումից մինչև սնունդի ապահովում։ Ինչպե՞ս են ընտրվել այդ ընկերությունները։ Ի՞նչ եղան այն դիմակները, որոնք պետք է հասնեին Հայաստան, ինչպե՞ս օգտագործվեցին հանրային միջոցներով գնված դիմակները և նմանատիպ այլ հարցեր, որոնք իրենց պատասխանը չունեն։

Հիմա նախարարը հորդորում է լուրջ վերաբերել վարակին և սպառնում է չհաստատված որոշ լուրերի դեպքում դիմել ոստիկանություն։ Նախարար Արսեն Թորոսյանի էջում արդեն իսկ հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ երեխայի բակում խաղալուց հետո վարակը տանն է տարածվում: Տեսահոլովակում քարոզվում է ռետինե ձեռնոցներ կրելը։ Առողջապահության նախարարության սոցիալական գովազդներից մեկի համաձայն՝ պայմանական ընտրված մի կերպար՝ Արմենը, տնից դուրս չէր գալիս, որպեսզի վարակը չտարածվի, բայց նույն օրերին նախարար Թորոսյանին նկատել էին սրճարանում՝ առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների։ Այս օրերին բացվում են մանկապարտեզները, և արդեն իսկ գործարկվել է հանրային տրանսպորտը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորհուրդ է տալիս նախարար Թորոսյանին, խորհուրդներ տալուց և լրատվականներին պիտակավորելուց առաջ, հետևել սեփական խորհուրդներին և վերհիշել իր անլուրջ վերաբերմունքը վիրուսի նկատմամբ և հասարակությունից ներողամտություն հայցել, որ ի սկզբանե լուրջ չի մոտեցել համավարակին»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով