Առաջին բանը, որ անելու եմ, գրկելու եմ ծնողներիս ու քույրիկիս. Նորայր Շողիկյան

Առաջին բանը, որ անելու եմ, գրկելու եմ ծնողներիս ու քույրիկիս. Նորայր Շողիկյան

Օրերս ֆեյսբուքյան իր էջում Armenpress֊ի լրագրող Նորայր Շողիկյանն հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ GPnews.am֊ը զրուցել է լրագրողի հետ, փորձել պարզել ի՞նչ է փոխել իր կյանքում կորոնավիրուսն ու այլ հարցերի պատասխաններ ևս։

֊ Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ կորոնավիրուսով վարակված ես։

֊Կորոնավիրուսի թեստը հանձնելուց առաջ մի քանի օր շարունակ բարձր ջերմություն, չոր հազ ու այլ ախտանշաններ ունեի, և, երբ թեստ հանձնելու ցուցում եղավ, արդեն հոգեբանորեն պատրաստ էի, որ թեստի պատասխանը կարող է նաև դրական լինել։ Երբ զանգահարեցին պարետատնից ու ասացին, որ դրական է, առաջին մի քանի վայրկյանը հեշտ անցավ, հետո, երևի թե, կամաց-կամաց սկսեցի գիտակցել, որ այդ ամենը իրական է ու մինչև կտեղափոխվեի հիվանդանոց, մի փոքր հոգեբանական դժվարություններ առաջացան, բայց որոշ ժամանակ հետո հաղթահարեցի։ Ի վերջո, կորոնավիրուսը դատավճիռ չէ։

֊Ինչպե՞ս էիր պատկերացնում հիվանդությունը մինչ այս պահը։

֊Տարվա սկզբից, երբ վիրուսը դեռ Հայաստանից շատ հեռու էր, հարցազրույցներ եմ վերցրել մեր այն հայրենակիցներից մի քանիսից, որոնք այն ժամանակ գտնվում էին Չինաստանում։ Իրենց հետ զրույցներից ու աշխարհում վարակակիրների թվի աճից հասկանում էի հիվանդության ու իրավիճակի լրջությունը։ Երբ վարակը հասավ Հայաստան, հայտարարվեց արտակարգ դրություն ու սկսեցինք տնից աշխատել, փորձում էի առավելագույնս պահել հակահամաճարակային կանոնները։

֊Շատերը կյանքը բաժանում են երկու հատվածի՝ կորոնավիրուսից առաջ ու հետո, քո կյանքում ի՞նչ փոխեց կորոնավիրուսը։

֊Կորոնավիրուսը որոշ չափով փոխեց աշխարհայացքս։ Մեկուսացման մեջ ապրելով սկսեցի ավելի շատ գնահատել այն ժամանակը, որն ունեմ, և այն մարդկանց, որոնք կողքիս էին այս օրերին իրենց նամակներով, զանգերով և մեծ աջակցությամբ։ Համոզված եմ, որ կփոխի նաև ապրելակերպս ու տուն վերադառնալուց հետո էլ ավելի ուշադիր կլինեմ առողջությանս ու դիմացինիս առողջության նկատմամբ։

֊Առաջին բանը, որ անելու՞ ես տուն վերադառնալուն պես։

֊Գրկելու եմ ծնողներիս ու քույրիկիս, որովհետև տնից դուրս գալուց նրանց, հասկանալի պատճառներով, գրկախառնությամբ հրաժեշտ չեմ տվել։ Նույն օրը տեսնելու եմ նաև մյուս հարազատներիս, ընկերուհուս ու ընկերներիս, որոնց անսահման կարոտել եմ։

֊Իսկ բացի մարդկանցից, ի՞նչն ես ամենաշատը կարոտել։

֊Աշխատանքս եմ շատ կարոտել։ Այս օրերին գրում եմ <<Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից>> հոդվածաշարը, հետևում եմ նորություններին, բայց չեմ կարողանում զբաղվել ակտիվ լրագրությամբ։ Երբ ամբողջովին ապաքինվեմ, էլ ավելի մեծ եռանդով եմ աշխատելու։

֊Քանի որ դու այս պահին հիվանդության կրողն ես ու մյուս լրագրողներից առանձնանում ես նրանով, որ անձամբ գիտես ի՞նչ է վիրուսը, ինչերի միջով են անցնում վարակակիրները, ինչի՞ մասին կուզեիր չգրեին մեր գործընկերները։

֊Այլ վարակակիրների հետ շփում չեմ ունենում։ Հնարավորություն ունեմ գրելու միայն այն ամենի մասին, ինչն ինձ հետ է կատարվում։ Բոլոր վարակակիրները, անկախ իրենց առողջական վիճակից, ստանում են հիվանդանոցային բուժում, որն ամենահաճելի երևույթներից մեկը չէ, իհարկե։ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի վարակակիրը հեշտությամբ հաղթահարի վիրուսը, բուժանձնակազմն էլ շատ պատրաստակամ ու պրոֆեսիոնալ է։ Միակ բանը, որ պետք չէ գրել, կարծում եմ, դա չճշտված տեղեկությունն է կորոնավիրուսի վերաբերյալ։

Մերի Մանուկյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով