«Անպարտելիությունը ամփոփված է մեր մեջ, հաղթելու հավանականությունը՝ հակառակորդի». փաստաբան Քրիստինա Ղուկասյան

«Անպարտելիությունը ամփոփված է մեր մեջ, հաղթելու հավանականությունը՝ հակառակորդի». փաստաբան Քրիստինա Ղուկասյան

«Անպարտելիությունը ամփոփված է մեր մեջ, հաղթելու հավանականությունը՝ հակառակորդի». այս կարգախոսով է առաջնորդվում փաստաբան Քրիստինա Ղուկասյանը, ում հետ զրուցել ենք «Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի շրջանակում:

-Ինչքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք փաստաբանական գործունեությամբ, հասցրե՞լ եք սիրել Ձեր աշխատանքը:

-Փաստաբանական գործունեությամբ զբաղվում եմ 2019 թվականի դեկտեմբերից: Սիրում եմ իմ աշխատանքը: Փաստաբան դառնալու ցանկությունն առաջացել է դեռևս համալասարանի 2-րդ կուրսում սովորելու ժամանակ:

-Ո՞րն է աշխատանքի մեջ ամենահետաքրքիր կողմը:

-Ինչպես բժիշկը, ով բուժում է ոչ թե հիվանդությունները, այլ հիվանդին՝ անհատական վերաբերմունք ցույց տալով յուրաքանչյուրին, այնպես էլ փաստաբանը կոչված է լուծելու իր վստահորդի խնդիրը, այլ ոչ թե պարզապես իրավական գնահատական տալ այս կամ այն խնդրին:

Քննությունները բարեհաջող հանձնելը, օրենքների իմացությունը դեռևս բավարար չէ փաստաբան դառնալու համար: Շատ ավելի կարևոր է բարդ իրավիճակներից ելքը գտնելու ունակությունը, դրական արդյունքի հասնելու համար խելացի մարտավարություն ընտրելու և մի քանի քայլ առաջ մտածելու կարողությունը:

Փաստաբանի կարևորագույն դերը, և կարծում եմ՝ հատկապես քրեական գործերով, կայանում է նրանում, որ ամբողջությամբ բացահայտի անձի սուբյեկտիվ դիրքորոշումը, շարժառիթները և նպատակները՝ հասնելով նրան, որ վերջինիս նկատմամբ օրենքները կիրառվեն անհատականացման սկզբունքով՝ առաջնորդվելով արդարությամբ և խղճով, արդյունքում ավելի լավ հասարակություն ստեղծելու բարձր մղումով:

Ի՞նչ խնդիրների եք հանդիպում մեր օրենսդրական դաշտում:

-Օրենսդրական դաշտում խնդիրները մշտական երևույթ են: Դրանք թվելը երկար կտևի: Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ընկալել իրավունքի և արդարադատության բուն էությունը՝ օրենսդրական բացերի դեպքում ողջամիտ որոշումներ կայացնելու համար:

-Ո՞ր օրենքը կցանկանայիք փոխել:

-Օրենքների փոփոխությամբ զբաղվում է օրենսդիր մարմինը : Իմ խնդիրը՝ որպես փաստաբան, օրենսդրական դաշտում առաջացող խնդիրների մասին բարձրաձայնելն է և գործող իրավական նորմերը իրավունքի և բարոյական սկզբունքներին համահունչ կիրառելն է: Չկա որևէ օրենք, որը հիմնովին ենթակա է փոփոխման, պարզապես պետք է վեր հանել ժամանակի ընթացքում ծագող խնդիրները՝ համապատասխանեցնելով հասարակության օրինական պահանջներին:

-Ո՞րն է լավագույն փաստաբանը Ձեր պատկերացմամբ:

-Դժվարանում եմ տալ «լավագույն փաստաբան»-ի սահմանումը: Փաստաբանը պետք է լինի ազնիվ, պատասխանատու և աշխատասեր, օժտված լինի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ՝ իր գործը ծառայեցնելով վստահորդների շահերի պաշտպանությանը՝ թե՛ խախտված իրավունքները վերականգնելու և թե՛ հնարավոր խախտումների վտանգից ազատելու եղանակով: Փաստաբանը առաջին հերթին վստահելի խորհրդատու է, ով պատասխանատվություն է կրում իր խորհուրդների համար:

-Եթե չլինեիք իրավաբան, ապա…

-Երևի կդառնայի տնտեսագետ կամ բժիշկ՝ գիտակցելով այս երկու մասնագիտությունների կարևորագույն դերը:

-Բնավորության ի՞նչ գծեր եք ձեռք բերել մասնագիտական գործունեությամբ պայմանավորված։

-Իրավագիտությունը զարգացրել է իմ մեջ այնպիսի որակներ, ինչպիսիք են խորաթափանցությունը, խնդիրները համալիր և ամբողջական վերլուծելու ունակությունը, հիմնավորվածությունը որոշումներում և վճռականությունը՝ գործողությունների մեջ: Իրավագիտության մեջ առկա գործիքները և մեթոդները օգտագործելով կյանքում որևէ երևույթ ուսումնասիրելիս՝ հնարավորություն ենք ունենում ստանալ ամբողջական և օբյեկտիվ պատկերացում ուսումնասիրվող առարկայի վերաբերյալ՝ հասկանալով դրա իրական էությունը և հատկանիշները:

-Հաջողության Ձեր բանաձևը:

-Անպարտելիությունը ամփոփված է մեր մեջ, հաղթելու հավանականությունը՝ հակառակորդի:

-Փաստաբանը սխալվելու իրավունք ունի՞:

-Յուրաքանչյուր անձ կարող է սխալվել: Կարևոր է սխալից բխող հետևանքների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնելը:

-Եղել է որևէ դեպք, իրադարձություն, որ շրջադարձային է եղել մասնագիտական առումով:

-Դեռևս ոչ:

-Ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք:

-Հետաքրքրությունները բավականին շատ են և բազմաբնույթ: Դաշնակահարի մասնագիտությունը չեմ ընտրել, բայց սիրում եմ նվագել:

-Ի՞նչը երբեք չի ների իրավաբան Քրիստինան:

-Գրեթե չկա այնպիսի բան, որ հնարավոր չէ ներել, հատկապես, եթե խոսում ենք գործնական հարաբերություններից: Կյանքն անկանխատեսելի է, իսկ մարդու ընկալումները՝ սուբյեկտիվ: Այն, ինչ ներում ենք ոմանց, չենք ների ուրիշներին: Այն, ինչ մեզ համար սկզբունքային էր առաջ, հետո կարող է դառնալ անկարևոր: Ներման միջոցով մենք բաց ենք թողնում իրավիճակը, այլ խնդիր է՝ կվերականգնվե՞ն նախկին հարաբերությունները ներումից հետո: Բնականաբար, եթե կորցրել եմ որևէ մեկի հանդեպ վստահությունը, այլևս չեմ կարող համագործակցել:

-Ձեր ընտրած մասնագիտությունն ընտանեկան, անձնական կյանքին չի՞ խանգարում:

-Ինձ բացարձակապես չի խանգարում: Հույս ունեմ, որ ընտանիքիս և հարազատներիս՝ նույնպես:

-Կա՞ն, արդյոք, որոշակի հատկանիշներ, որոնցով իրավաբան կանայք տարբերվում են իրավաբան տղամարդկանցից:

-Կարծում եմ՝ մասնագիտությունը սեռ չի ճանաչում, քանի որ մենք առաջնորդվում ենք իրավունքի նույն սկզբունքներով: Իհարկե, յուրաքանչյուր իրավաբան ունի իրեն հատուկ գործելաոճը՝ ինչը պայմանավորվում է աշխարհայացքով, գիտելիքով, փորձով, անձնական հատկանիշներով, որոշակի դեպքերում նաև՝ սեռով: Անձամբ ես իմ պատկերացման մեջ չունեմ «կին-իրավաբան»-ի և «տղամարդ-իրավաբան»-ի որոշակի հստակ կերպարներ:

-Ձեր խորհուրդը նրանց, ովքեր պատրաստվում են իրավաբան դառնալ:

-Ինչքան հնարավոր է շատ կարդալ մասնագիտական գրականություն և առանձնակի ուշադրություն դարձնել «պետության և իրավունքի տեսություն» առարկային: Խորքային հետազոտել, այս կամ այն իրավական հարցերը, համակարգային ուսումնասիրել տարբեր տեսությունները, նախկին և առկա փորձը, պատճառները և հետևանքները: Իրավաբան դառնալու ընթացքում երբեք չսահմանափակվել օրենքի տառով, լայն մտածել, լինել ստեղծարար:

Զրուցեց` Արշալույս Ադամյանը

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով