Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

ՀՀ Սահմանադրությունը, որը երկրի իրավական համակարգի հիմքն է՝ հիմնական օրենքը, և որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը, ընդունվեց ՀՀ անկախության վերականգնումից հետո՝ 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

ՀՀ Սահմանադրությունն ընդունումից հետո ենթարկվեց փոփոխությունների: Առաջին փոփոխությունն իրականացվեց 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, երկրորդը՝ սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։

Հայաստանում 2020 թվականին նախատեսված էր սահմանադրական հանրաքվե, որը պետք է անցկացվեր ապրիլի 5-ին: Փետրվարի 6-ին խորհրդարանն ընդունել էր սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշում: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:

Քարոզարշավը մեկնարկը տրվել էր փետրվարի 17-ին, որը տևեց մինչև մարտի 12-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կորոնավիրուսի հանաճարակի պատճառով ընդհատեց քարոզարշավը: Հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝  մարտի 17-ին: Հունիսի 30-ին էլ խորհրդարանն ուժը կորցրած ճանաչեց փետրվարի 6-ի իր որոշումը՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին:

Ազգային ժողովում հունիսի 20-ին շրջանառության մեջ դրվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որն ընդունվեց հունիսի 22-ին:

Ընդունված փոփոխությամբ դադարեցվեցին ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք 12 և ավելի տարի այդ պաշտոնում էին. դադարեցվեց նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրվի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների՝ թափուր տեղերի համալրումից հետո: Փոփոխությունների հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով