ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ և 140-րդ հոդվածի 4-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ և 140-րդ հոդվածի 4-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

GPnews.am իրավական-լրատվական կայքը շարունակում է իր նոր շարքը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումների լուսաբանմանը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը, (այսուհետ՝ նաև ՍԴ),  2019 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴՈ-1464 որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք),  169-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, եզրահանգել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո», իսկ 140-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»:

Մասնավորապես՝ ՍԴ-ի առջև սույն հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը բարձրացվել էր հետևյալ պատճառաբանությամբ՝ «Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 140-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում են Սահմանադրությանը, քանի որ չեն ապահովում անձի արդյունավետ դատական պաշտպանության և գործը ողջամիտ ժամկետում քննելու հիմնական իրավունքների էությանը համարժեք օրենսդրական կարգավորում»։

ՍԴ-ն, անդրադառնալով նախևառաջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 140-րդ հոդվածին, նշել էր, որ «հակընդդեմ հայցի» կառուցակարգի կիրառումն ունի իրավունքի պաշտպանության նպատակ, որի իրացման արդյունավետությունն օրենսդիրը կարևորել է հատկապես նախնական դատական նիստի շրջանակներում և դրանով պայմանավորված՝ հայցից պաշտպանվելու դատավարական նման միջոցից պատասխանողի օգտվելու սահմանափակ հնարավորություն է նախատեսել։ Մասնավորապես՝ այդ նպատակին են ուղղված Օրենսգրքի 140-րդ հոդվածում նախատեսված իրավակարգավորումները, համաձայն որոնց՝ պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման կայացումը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ այն համատեղ քննելու համար: Բացի այդ, Օրենսդիրը հակընդդեմ հայց չներկայացնելու որոշակի դեպքերում սահմանափակել է պատասխանողի կողմից իր իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելու հետագա հնարավորությունը, բացառությամբ, երբ նա հիմնավորում է սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառների հիմքով։ Այսինքն՝ օրենսդիրը համարժեք երաշխիքներ է նախատեսել քաղաքացիական գործով հայցը և հակընդդեմ հայցը հավասար իրավապայմանների շրջանակներում քննության ընդունելու, ապացույցները ներկայացնելու, դրանք հետազոտելու, գնահատելու և դատաքննության արդյունքներով գործով ըստ էության որոշում կայացնելու համար։

Անդրադառնալով Օրենսգրքի վիճարկվող 169-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման սահմանադրականության խնդրին, ՍԴ-ն  նշել է, որ թեև հակընդդեմ հայցվորի կողմից բողոք ներկայացնելու փաստով սկզբնական հայցով հայցվորի գործի արագ և արդյունավետ լուծման հնարավորությունը որոշակի ժամանակահատվածով հետաձգվում է, Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական միջոցներն ինքնին պիտանի և անհրաժեշտ են նախանշված նպատակին հասնելու համար, քանի որ քաղաքացիական տվյալ գործի քննության շրջանակներում միտված են երաշխավորելու ինչպես հայցվորի (հակընդդեմ պատասխանողի), այնպես էլ պատասխանողի (հակընդդեմ հայցվորի) իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը։  ՍԴ-ի մատնանշած նպատակները հետևյալն են՝  1) հակընդդեմ հայցվորը  հնարավորություն է ստանում նյութաիրավական իմաստով պաշտպանել իր իրավունքները, 2) գործին մասնակցող անձանց համար կոնկրետ գործով որոշակի և կանխատեսելի են դառնում ապացուցման սահմանները, 3) ապահովվում է գործի առավել արդյունավետ քննությունը:

Միաժամանակ ՍԴ-ն, հաշվի առնելով հակընդդեմ հայցի ընդունման հետ կապված դատական որոշումների բողոքարկման առկա ընդհանուր ընթացակարգերը և հատկապես ժամկետային կարգավորումները, հորդորել է Կառավարությանը և Ազգային ժողովին ամրագրել արդյունավետ կառուցակարգեր՝ Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում գործի քննությունը ողջամիտ ժամկետում ապահովելու համար, քանի որ բողոքարկման իրավունքի իրացմամբ չեն կարող շրջանցվել արդար դատաքննության ողջամիտ ժամկետները, հետևաբար՝ խախտվել դատական պաշտպանության դիմած անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի խնդիրն է սույն գործով վիճարկվող և հատկապես փոխկապակցված իրավակարգավորումների շրջանակներում նախատեսել արդյունավետ այնպիսի ընթացակարգեր, որոնք կերաշխավորեն հակընդդեմ հայցի շրջանակներում սկզբնական հայցով հայցվորի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Մանե Դավթյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով