ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

GPnews.am իրավական-լրատվական կայքը սկսում է նոր շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումների լուսաբանմանը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը, (այսուհետ՝ նաև ՍԴ)  2019 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1495 որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, եզրահանգել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները», իսկ 2-րդ մասի համաձայն՝ «Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին»:

Մասնավորապես՝ ՍԴ-ի առջև բարձրացվել էր ժառանգատուի պարտատերերի կողմից վերջինիս ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար բարենպաստ պայմանների օրենսդրական կարգավորումների բացակայության հարցը, ինչն արտահայտվել էր պարտատերերի կողմից սահմանված ժամկետում ժառանգներին պահանջներ չներկայացնելու դեպքում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու կամ վերականգնելու անհնարինությամբ:

ՍԴ-ն առաջին հերթին արձանագրել է, որ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ, և միջամտությունն այդ իրավունքին պետք է լինի օրինական, նպատակ ունենա պաշտպանել հանրային շահը կամ այլոց իրավունքները և ազատությունները և լինի համաչափ։ Ուստի պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ կանխել անորոշությունն ու

Նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով, մասնավորապես, ընդգծելով, որ «Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում ժառանգը հնարավորություն ունենա որոշել ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, կամ օրինակ՝ պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե՝ ոչ: Յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ»:

Սահմանադրական դատարանը նշել է, որ քաղաքացիական օրենսդրությունը չի պարտավորեցնում ժառանգներին փնտրել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման մասին տեղյակ պահելու նպատակով։ Ժառանգը կարող է տարբեր օբյեկտիվ պատճառներով չիմանալ ժառանգատուի պարտքերի մասին և պարտատերերին տեղյակ պահել, կամ տեղյակ լինել մահացած ժառանգատուի պարտքերի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չտեղեկացնել (այդ թվում՝ չարամիտ դիտավորություն ունենալով) ժառանգության բացման մասին:

Դեռ ավելին, պարտքերի վերադարձման հարցում շահագրգիռ կողմ է միայն պարտատերը, որն էլ պետք է նախաձեռնի օրենքով չարգելված այնպիսի ակտիվ գործողություններ, որոնք ուղղված կլինեն իր իրավունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կախված կոնկրետ իրավիճակից՝ պարտատերերը սկսած ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց պահանջները ժառանգներին ինչպես ժառանգության վկայագիր ստանալուց առաջ, այնպես էլ հետո: Իսկ պարտքերի փաստացի հատուցումը հնարավոր է ժառանգների կողմից նշված վկայագիր ստանալուց հետո, երբ ժառանգներն արդեն կողմնորոշված կլինեն ժառանգությունն ընդունել-չընդունելու հարցում:

Մանե Դավթյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով