ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 183-րդ հոդվածի 8-րդ մասը, 203-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 183-րդ հոդվածի 8-րդ մասը, 203-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը

GPnews.am իրավական-լրատվական կայքը շարունակում է իր շարքը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումների լուսաբանմանը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը,  2020 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1515 որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 183-րդ հոդվածի 8-րդ մասը, 203-րդ հոդվածը, եզրահանգել է,  որ դրանք համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՍԴ-ի առջև սույն հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը բարձրացվել էր հետևյալ պատճառաբանությամբ՝ «Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք է սահմանում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով առանց բացառության բոլոր, այդ թվում՝ ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերը: Օրենքի ուժով անձի վրա դրվում է խիստ անհամաչափ բացասական բեռ, երբ հայցվորն ընդամենը հարցն արտադատական կարգով լուծելու նկատառումներով գործի քննության սկզբնական փուլում կամ դեռևս նախնական դատական նիստ չհրավիրված հրաժարվում է հայցից, սակայն հետագայում արտադատական կարգով հարցը չի լուծվում, և վերջինս այլևս զրկվում է դատարան դիմելու իրավունքից»։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել էին հետևյալ իրավական հարցերը.

— ի՞նչ նպատակներ է հետապնդում հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը, և արդյոք այն սահմանափակում է անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքները և համաչափ է հետապնդվող նպատակներին,

— արդյո՞ք հայցից հրաժարվելու հիմքով վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը հավասարապես վերաբերում է նաև ալիմենտի բռնագանձման պահանջներին, և այդ պարագայում արդյոք երեխայի լավագույն շահերի դատական պաշտպանությունն իրացնելու համար օրենքով սահմանված են անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

ՍԴ-ն, անդրադառնալով իր առջև բարձրացված առաջին հարցին, նշել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի՝ դատարանի կողմից կրկնակի քննության արգելքը նպատակ ունի նախ երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը՝ ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը: Երկրորդ՝ նույն հարցի կրկնակի քննության արգելքը կոչված է ապահովելու արդյունավետ արդարադատության իրականացումը՝ թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը: Ի վերջո, այդ արգելքի նպատակն է նաև բացառել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը: Սահմանադրական դատարանը գտնել է, որ հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու դեպքում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման նշված նպատակներն իրավաչափ են և չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը:

Ավելին, ՍԴ-ն ընդգծել է, որ անկախ գործի քննության փուլից հայցից հրաժարվելու հայցվորի որոշումը կամավոր է և պետք է լինի կշռադատված ու մտածված, pro et contra բոլոր հանգամանքների հաշվառմամբ: Հետևաբար, հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը, լինելով անձի կամահայտնության դատավարական հետևանք, ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքին։

Դատարանն անդրադառնալով քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ընտանեկան վեճերով գործի քննության առանձնահատկությունները» վերտառությամբ 203-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, օրենսդիրը, երեխայի լավագույն շահերն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ընտանեկան վեճերի քննության համար նախատեսել է բացառություններ, քանի որ նման գործերով պետությունն ունի առաքելություն՝ ապահովելու, երաշխավորելու ու պաշտպանելու երեխայի լավագույն շահերը՝ անկախ մրցակցային դատավարության պայմաններում ծնողների հայեցողությամբ իրացվող իրավունքներից ու պարտականություններից: Չնայած նշված հոդվածը նույնական հայցով դատարան դիմելու համար ուղղակիորեն բացառություն չի նախատեսում, սակայն դրա 2-րդ մասը, երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, սահմանում է դատարանի պարտականությունը՝ գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով չսահմանափակվելու գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար:

Անդրադառնալով ալիմենտային իրավահարաբերությունների բնույթին՝ ՍԴ-ն նշել է, որ դրանք շարունակական են և ժամանակի ընթացքում կարող են, կողմերի վարքագծով կամ գույքային հնարավորություններով պայմանավորված, որոշակի փոփոխությունների ենթարկվել: Օրենսդիրը հնարավոր է համարել անգամ, որ փոփոխվի դատարանի եզրափակիչ վճռով արդեն սահմանված ալիմենտի չափը, եթե փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը (Ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդված)։

Դեռ ավելին, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ, 107-րդ և 203-րդ հոդվածների իրավակարգավորումների պայմաններում դատարանը պարտավոր է հաշվի առնել հայցից հրաժարվելու հիմքով ալիմենտի պահանջի մասին գործի վարույթի կարճման որոշումից հետո կողմերի վարքագծի, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխությունները և նույն կողմերի միջև նոր հայց ներկայացվելու դեպքում այն ըստ էության քննության առնել:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով