Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, գրեթե, միշտ ապրում են արտակարգ դրության պայմաններում. Սերյոժա Օհանջանյան

Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, գրեթե, միշտ ապրում են արտակարգ դրության պայմաններում. Սերյոժա Օհանջանյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

Ինչքանով է ազդել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության սահմանումը հաշմանդամություն ունեցող անձանց վրա, ինչ դժվարությունների են հանդիպում նրանք: Այս և այլ հարցերի շուրջ GPnews.am-ը զրուցել է «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ։

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված:

-Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, գրեթե, միշտ ապրում են արտակարգ դրության պայմաններում. եթե խոսքը, օրինակ, տրանսպորտ չլինելու, կրթությունը ոչ հասանելի լինելու կամ այլ սահմանափակումների մասին է, ապա դրանք եղել են նաև մինչև կարանտինը։ Հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը, ինչպես այսօր, այնպես էլ՝ երեկ, հնարավորություն չունեն իրացնելու իրենց պարզ սահմանադրական իրավունքները, քանի որ կյանքի բոլոր ոլորտներում կա խտրականություն և ոչ մատչելի ու ոչ հավասար պայմաններ։ Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, միևնույն է, չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ դրանք հարմարեցված չեն, կրթությունից, քանի որ այն անհասանելի է: Իսկ կարանտինի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևոր խնդիրներից մեկը մնում է սոցիալական-առողջապահական ծառայությունների անմատչելիությունը։ Հատկապես համավարակի օրերին, երբ սոցիալական հեռավորությունը կարևոր կանխարգելիչ գործոններից մեկն է, առավել ցայտուն դրսևորվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու, հասանելի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումը, որը, ավաղ, հնարավոր չէ մեր երկրում։ Հայաստանում չկան այնպիսի պայմաններ, որ, օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխան կամ մեծահասակը պոլիկլինիկա հաճախի իր սայլակով, քայլակով, քանի որ շենքային պայմանները թույլ չեն տալիս։ Փոխարենը, երեխաներին գրկած են բերում կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մեծահասակները միշտ կախված են ուղեկցողից։ Այսինքն, այս ոչ մատչելի միջավայրի պատճառով սոցիալական տարածություն պահպանելը հնարավոր չէ։ Կրթության բնագավառում գլխացավանք է դարձել հեռավար կրթությունը, ավելի կոնկրետ դրա ոչ պատշաճ կազմակերպումը, քանի որ դասերը պարզապես մի քանի անգամ ավելի դժվար են, անհարմար են դարձել տեսողության և լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։

-Ի՞նչ փոփոխություններ է բերել Ձեր աշխատանքի մեջ կարանտինը:

-Կարանտինի ընթացքում մեր կազմակերպությունը չի դադարել աշխատել, իհարկե, պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները։ Փոփոխությունները, որոնք կարող եմ հստակ նշել, կապված են հիմնականում մեր թեժ գծի գործունեության հետ, որովհետև կառավարության աջակցության ծրագրերը դժվարըմբռնելի են հասարակության համար, թերի կազմակերպված, և մեր թեժ գիծը գերծանրաբեռնված է աշխատում՝ պատասխանելով քաղաքացիների հեռախոսազանգերին ։ Քաղաքացիները չեն կարողանում կապվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին, նրանց խնդիրները մնում են չլուծված, հարցերն էլ ՝ անպատասխան։ Հարյուր- հազարավոր զանգեր ենք ստացել, ներկայացրել ենք պարզաբանումներ։

-Կա՞ որևէ բան, որ սկսել եք անել կարանտինի շրջանում և կշարունակեք զբաղվել նաև դրանից հետո:

-Անկեղծ ասած, սկսել եմ աշխատել որոշ նոր ծրագրերի մշակման ուղղությամբ և ստեղծագործական բնույթի որոշ աշխատանքներ եմ կատարում։

-Ինչո՞վ եք լցնում Ձեր օրը արտակարգ դրության ժամանակ։

-Հիմնականում աշխատանք, ընթերցանություն։ Պակասել են գործնական հանդիպումները, բայց հեռավար կոնֆերանսներն ու քննարկումները փոխարինում են դրանց:

Արշալույս Ադամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով