«Պետք է բացառել հույզերը. փաստեր և միայն փաստեր». Տիգրան Գրիգորյան

«Պետք է բացառել հույզերը. փաստեր և միայն փաստեր». Տիգրան Գրիգորյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանն է:

 -Պարո՛ն Գրիգորյան, իրավաբանությունն ինչո՞վ էր հետաքրքիր, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

-Մասնագիտության ընտրության հարցում ինձ ուղղորդել է պապս, որը փոխանցել է ինձ իր պատկերացումները և հետաքրքրություն առաջացրել՝ վերջնական դեր խաղալով իմ՝ իրավաբանի մասնագիտության ընտրության հարցում։ Իհարկե, այդ հարցում քիչ չէր նաև անարդարության հանդեպ իմ ընդգծված անհանդուրժողականության գործոնը։ Թեև դպրոցն ավարտելուց հետո հանգամանքների պարտադրմամբ ընդունվել էի բուհ՝ այլ մասնագիտությամբ, սակայն իրավաբան դառնալու երազանքն այդպես էլ չմարեց, և, ի վերջո, ստացա նաև այդ կրթությունը։

Անհնար է պատկերացնել մեր իրականության մեջ մի ոլորտ, ուր չլինի իրավաբանություն կամ որևէ իրավական հարաբերություն։ Այդպիսով մեր մասնագիտությունն ապահովում է մասնակցություն զանազան գործընթացների տարբեր ոլորտներում՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով մասնագիտական գործունեությունը։

-Կա՞ բնավորության յուրահատուկ գիծ, որ ձեռք եք բերել աշխատելու ընթացքում:

-Անշուշտ, ցանկացած մասնագիտություն ազդում է մարդու բնավորության վրա՝ ընդգծելով կամ զարգացնելով այս կամ այն հատկությունը։ Իրավաբանության շնորհիվ ես կոփել եմ իմ համբերությունը, զարգացրել դիմացինին լսելու ունակությունը։ Մարդիկ տարբեր խնդիրներով են դիմում իրավաբանի կամ փաստաբանի՝ երբեմն չպատկերացնելով իրենց խնդրի բնույթը կամ առնչությունն իրավաբանության հետ։ Անգամ, եթե թվա, թե դիմացինը գործի հետ էապես չառնչվող խնդիր է բարձրաձայնում, միևնույնն է, պետք է համբերատար, մինչև վերջ լսել նրան, այնուհետև պարզաբանել խնդրի էությունը։

-Իրավաբանության մեջ հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:

Ազնվություն, բարձր պատասխանատվության զգացում, աշխատասիրություն և, իհարկե, համարձակություն։

-Փաստաբան-վստահորդ հարաբերություններում կա որևէ նորմ, որ օրենքով կիրառելի է, բայց ըստ Ձեզ հակասում է բարոյականությանը:

 -Կարծում եմ՝ ոչ։

-Հասարակության մեջ կարծրատիպ կա՝ երբեմն փաստաբանին նույնացնում են վստահորդի հետ, այդ դեպքերում ի՞նչ եք անում:

Նման դեպքերն ավելի բնորոշ են քրեական գործերին։ Սա թյուրըմբռնման հետևանք է, քանի որ մարդիկ հաճախ շփոթում են իրավունքների պաշտպանությունն արդարացման հետ։ Էստեղ առավել պատկերավոր կլինի համեմատությունը բժշկի մասնագիտության հետ. բժիշկը հիվանդին բուժելիս իրավունք չունի առաջնորդվել վերջինիս բարոյականությամբ։ Այդպես էլ՝ փաստաբանն է, մենք ոչ թե արդարացնում ենք մեղավորին, այլ ապահովում ենք մեր վստահորդի հանդեպ տարբեր մարմինների ոչ իրավաչափ գործողություններից։ Ես երբեք խույս չեմ տալիս մարդկանց հետ զրուցելուց և այս ամենը պարզաբանելուց։ Շատ դեպքերում հաջողվում է փոխել նրանց պատկերացումները, սակայն լինում են նաև բացառություններ։

-Կա՞ սկզբունք, որ երբևէ չեք խախտի:

-Անշուշտ, կան սկզբունքներ՝ երբեք չգնալ գործարքի հակառակ կողմի հետ, ինչպես նաև երբեք ապազգային կամ հակապետական գործարքի չգնալ։

-Պատկերացրեք մի դեպք, երբ, օրինակ՝ դատարանի թերի քննության և Ձեր մասնագիտական հմտության արդյունքում հանցագործն ազատվում է պատասխանատվությունից, այդ դեպքում ինչ եք զգում, հաղթանա՞կ, թե՞ խղճի խայթ:

-Որպես փաստաբան ստանձնելով անձի իրավունքների պաշտպանությունը՝ պարտավոր ես մասնագիտական ողջ պաշարդ ուղղել ի շահ պաշտպանյալի իրավունքների արդար իրացմանը (էստեղ նորից կարևոր է չշփոթել արդարացման հետ), անգամ եթե նա մեղավոր է։ Այլ հարց է, թե մեղադրող կողմը որքանով կկարողանա ապացուցել իր առաջադրած մեղադրանքը, կամ դատարանը որքանով ի վիճակի կլինի արդարացիորեն քննել ու արդար դատավճիռ կայացնել։ Ես պարտավոր եմ այս խնդրին մոտենալ բացառապես մասնագիտական տեսանկյունից։ Եթե ընտրել ես իրավաբանի (առավել ևս փաստաբանի) մասնագիտությունը, ապա պետք է բացառես հույզերը փաստեր և միայն փաստեր։

-Հումորային դեպք կարող եք հիշել Ձեր մասնագիտական պրակտիկայից:

-Շատ են լինում նման դեպքեր, բոլորն այս պահին չեմ հիշի։ Մի երկուսը մտքիս եկան։

Վարչական դատարանում քննվում է հարկային մարմնի դեմ ներկայացված բողոքը, և որպես վկա հրավիրված հարկային տեսուչը դատավորի հարցերից մեկին, թե՝ որտեղ են հսկիչ գնման ժամանակ գնված կոշիկները, պատասխանեց.«Այսօր դրանք չեմ հագել, բայց հաջորդ նիստին դրանցով կգամ»։

Մեկ այլ դեպք պատմեմ՝ նախարարություններից մեկը մի կազմակերպությունում ամբողջ ծավալով ստուգումներ իրականացնելիս վարչական պատասխանատվության էին ենթարկել կազմակերպության տնօրենի կնոջը, որը իրավաբանորեն ոչ մի կապ չուներ կազմակերպության հետ, պարզապես ստուգման պահին ներկայացել էր որպես տնօրեն, իսկ նախարարության պատասխանատուներն անգամ չէին ստուգել այդ փաստը։ Եվ երբ բողոքարկման լսումների ընթացքում բացահայտեցինք այդ հանգամանքը, ամբողջ սենյակը թնդում էր բարձր ծիծաղից։

Ի՞նչ հետարքրքություններ ունեք մասնագիտությունից դուրս:

-Սիրում եմ լինել բնության գրկում, զբոսնել։ Հայաստանում այնքան շատ են գողտրիկ անկյունները, որոնք դեռ բացահայտված չեն։ Մեր բնությունից մեծ ուժ ու էներգիա եմ ստանում, էլ չեմ խոսում մեր շրջանների բնակիչների մասին, որոնց հետ շփումից չես հագենում և հասկանում ես գյուղի կարևորությունը։ Սիրում եմ կարդալ. սա էլ մի ուրիշ էներգիայի աղբյուր է։ Առանց գրքերի չեմ պատկերացնում իմ աշխարհը։

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով