Ինչ չափանիշներ և պայմաններ են հաշվի առնվում հանցագործություն կատարած անձին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար

Ինչ չափանիշներ և պայմաններ են հաշվի առնվում հանցագործություն կատարած անձին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար

Վերլուծելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ  քրեաիրավական նորմերը՝ Վճռաբեկ դատարանը թիվ ՇԴ/0014/12/17 գործով 2019 թվականի ապրիլի 11-ին կայացված որոշմամբ, արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ՝

1) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը.

2) օրենքով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության քննարկման արդյունքում դատարանը հանգի հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Ընդ որում, վերը նշված երկրորդ պայմանի հետ կապված՝ օրենսդիրը սահմանել է այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է գալ եզրահանգման դատապարտյալի՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինելը:

Դեռ ավելին, օրենսդիրը ոչ միայն սահմանել է պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հիմնական չափանիշները, այլև մանրամասնել է այն հանգամանքները, որոնք դատարանը պարտավոր է պատշաճ վերլուծության ենթարկել այդ չափանիշներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին՝ օրինական և հիմնավորված եզրահանգում անելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), ինչը ենթադրում է, որ պատժի նպատակները, ներառյալ՝ անձի ուղղումը, դեռ լիովին իրականացած չեն: Հետևաբար, պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է այն դատապարտյալը, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին: Այլ խոսքով՝ դատարանը պետք է համոզվի, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում՝ անձի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի օրենքով սահմանված պայմանների և չափանիշների ու դրանցից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա՝ իր մեջ չընդգրկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին:

Դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի, ի թիվս այլնի, նաև հանցագործության արդյունքում դատապարտյալի կողմից տուժողին պատճառած վնասի առկայությունը, առկայության դեպքում այն հարթելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Վերջին հանգամանքն ունի էական նշանակություն պատժի նպատակներից մեկի՝ սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելու մասին դրույթի` քրեական դատավարության ընթացքում կենսագործման իրավաչափ եղանակը վնաս կրած անձանց կողմից քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի ներկայացումն է կամ համապատասխան պահանջով քաղաքացիական դատավարության կարգով խախտված իրավունքի պաշտպանության ուղղությամբ օրենքով սահմանված գործողությունների կատարումը: Ընդ որում, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու պայմանի վերաբերյալ վերը վկայակոչված քրեաիրավական կարգավորման բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնին հանցագործությամբ պատճառված, սակայն չհատուցված կամ չհարթված վնասի առկայությունն անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու բացարձակ հիմք չէ, քանի որ այն անձի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը որոշելու համար գնահատման ենթակա հանգամանքներից միայն մեկն է: Դեռ ավելին, նշված օրենսդրական նորմից բխում է, որ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը կարող է պայմանավորվել նաև պատճառած վնասը ապագայում հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելով:

Ըստ էության, այս մոտեցումն առկա է նաև Եվրոպայի խորհրդի՝ վերը հիշատակված թիվ Rec (2003) 22 հանձնարարականում, համաձայն որի արդեն իսկ պայմանականորեն ազատված անձի վրա կարող է տուժողներին պատճառված վնասի համար փոխհատուցում վճարելու կամ հատուցում տրամադրելու պարտականություն դրվել:

Երեմ Դավթյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով