Դատախազության աշխատանքի որակից է կախված ժողովրդից թալանվածը վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը. վարչապետ

Դատախազության աշխատանքի որակից է կախված ժողովրդից թալանվածը վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:

Ստորև ներկայացնում ենք ուղերձը.

«Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում:

Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է դատախազության աշխատանքից: Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետեւ հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձեւակերպեն որպես մեղադրանք եւ դրանք պաշտպանեն դատարանում:

Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված և ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը:

Առաջիկայում դատախազությունը կստանձնի ևս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, և օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից:

Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,

Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ: Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձևակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն և ասելիքը պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը:

Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, և բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչեւ վերջ գնալու կարողություն եւ վճռականություն:

Եվ, իհարկե, առողջություն, երջանկություն ու համբերություն բոլորիդ ընտանիքներին:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով