Այսօրվա ազատածին ռադիոն ավելի շատ եմ սիրում. Զառա Արամյան

Այսօրվա ազատածին ռադիոն ավելի շատ եմ սիրում. Զառա Արամյան

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

Այսօր՝ մայիսի 7-ին, նշում են Ռադիոյի օրը: Տոնական օրվա հետ կապված զրուցել ենք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստառադիոհաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանի հետ։

-Տիկի՛ն Արամյան, ի՞նչ տեղ ունի ռադիոն Ձեր կյանքում:

-Ռադիոն շատ կարևոր դեր ունի իմ կյանքում. ռադիոյում են իմ առաջին քայլերը եղել՝ երեք տարեկանից սկսած, մանկական հաղորդումներում լսվող նորածնի ձայնը, փոքրիկ երեխայի ոտքերի թփթփոցը, իմ ոտքերի ձայներն են եղել։ Ռադիոյի պահոցում, անգամ, առաջին ճիչս կա։

-Ի՞նչն եք կարոտում այն ժամանակվա ռադիոեթերից:

-Եթե շատ անկեղծ լինեմ, և թող ինձ ներեն ռադիոյի հնաբնակները, այսօրվա ռադիոն ավելի շատ եմ սիրում, որովհետև ժամանակին, լինելով բաժնի վարիչ՝ առաջին իսկ օրվանից եթերում կոտրում էի կարծրատիպերը, որով հաղորդակցվում էին հաղորդավարները. շատ սառը, անսիրտ անհոգի էին խոսում, և ես, ընդհակառակը,  խոսքի մեջ բերեցի ժպիտ, միմիկաներ, որոնք չէին երևում, բայց ձայնիս միջոցով ավելի էին ջերմացնում ունկնդիրների ականջը։ Նաև լսելի դարձրի թղթերի շրխկոցը, ակնոցի հանել-դնելը սեղանին, սա մի քիչ ծիծաղելի է թվում, բայց իմ սկզբնական գործունեության ընթացքում շատ խիստ էր, և չնայած շատ հետաքրքիր հաղորդում կարող էր լինել՝ գերխորհուրդը հանում էր՝ ինչ է թե լսվեց թղթի շրխկոցը, իսկ ես, հակառակը, փորձում էի ավելի ժամանակակից երանգներ տալ եթերին: Այսօր, երբ լսում եմ, թե ինչպիսի հաղորդումներ են եթեր հեռարձակվում՝ ազատածին, չեն մտածում կողքի աղմուկների մասին, ավելին՝ այդ աղմուկներն ավելի «կյանքային» են դարձնում եթերը, շատ եմ ուրախանում։

-Ի՞նչ է պակասում այսօրվա ռադիոյին՝ ավելի լավը դառնալու համար:

-Եթե անկեղծ, կարծում եմ՝ ամեն ինչ արվում է, լսում եմ տարբեր ռադիոկայանների հաղորդումները, մեկը մեկից լավն են, ինձ շատ են դուր գալիս շունչը, մոտեցումը, ազատածնությունը, միայն կուզեի՝ խոսքն ավելի գրագետ լիներ, միշտ այս օրինակն եմ բերում՝  պատկերացնենք «Մենք ենք մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերի հումորային  դրվագները, բացարձակ ոչ մի ժարգոն, կոպիտ բառ չի օգտագործվում, բայց որքան որակով, ծիծաղելի հատվածներ ունեն։ Միակ բանը, որ կուզեի մի փոքր շտկվեր, հայերենի մաքուր իմացությունն է և վերջ, մնացած ամեն ինչ ինձ դուր է գալիս։ Ինձ բոլորն ասում են, որ շատ անհույս լավատես եմ, բայց կարծում եմ՝ ռեալիստ եմ, իրոք, շատ լավն է այժմյան ռադիոն։

-Ի՞նչ զվարճալի դեպքեր եք ունեցել աշխատանքային 15 տարիների գործունեության ընթացքում:

-Մի զվարճալի դեպք եղավ, երբ հովհարային անջատում եղավ, և միացավ ռեզեվրը (դվիժոկ)։ Այն ժամանակ եթերում չեխական գործիքներ էին օգտագործում, որոնք անմիջապես սառչում էին, և երբ ռեզեվրը միացնում էին, որպեսզի մի փոքր տաքանա, դրանք լավ չէին քաշում ժապավենը ու այն ժամանակվա բառերով ասած՝ լղոզում էին, ծամում: Այդ ժամանակ Մայքըլ Ջեքսոնի մասին ուղիղ եթերով հաղորդում էի անում, երգը միացրինք, և ես ականջակալները հանեցի, պատրաստվեցի մյուս եթերիս, հեռախոսազանգ հնչեց, միացրինք և ուղիղ եթերում ասացին՝ «վայ, Զառա ջան, ինչ հաճելի էր այս հաղորդումը, շուտվանից Բարի Վայթին չէինք լսել», փաստորեն, Մայքըլ Ջեքսոնի ձայնը այնքան էր լզողվել, որ եթերում Բարի Վայթի ձայնին էր նմանվել։ Մեկ այլ շատ տպավորիչ դեպք էլ է եղել, որ մինչև այսօր հիշելիս, հուզվում եմ:

Լաչինի դեպքերի ժամանակ մի ռուս կին, ով ամուսնացել էր հայ տղամարդու հետ և ուներ երկու զավակ, աշխատում էր կարի ֆաբրիկայում: Լաչինից փախուստի ժամանակ որդիներից մեկին կորցրել էր, ամուսնուն սպանել էին և կարողացել էր իր մյուս որդու հետ փախչել Կրասնոդար։ Այն ժամանակ չկային բջջային հեռախոսներ, նա հեռաձայնային հաղորդակցության միջոցով դիմում էր հենց ինձ, ասում էր տղայի անուն, ազգանունը և խնդրում էր, որ գտնենք։ Արցախ կոմիտեի տրամադրած ուղղաթիռներով թռչում էինք Արցախ, որոնողական աշխատանքներ էինք իրականացնում, նորից հետ էինք գալիս Երևան։ Եթերով պատասխանում էի կնոջը, երբ նորից ինչ֊որ բան էր գրում, կրկին ուղղաթիռով թռչում էինք Արցախ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու։ Այդպես մի քանի ամիս ձգվեց, բայց մենք, ի ուրախություն բոլորիս, կարողացանք գտնել տղային, հրավիրեցինք մորը Երևան և ուղիղ եթերում որդուն հանձնեցինք նրան։

-Հեռուստատեսությունն եք ավելի շատ սիրում, թե՞ ռադիոն:

-Սա նման է այն հարցին, երբ ասում են՝ բալիկ ջան ու՞մ ես ավելի շատ սիրում՝ մամային թե՞ պապային, դժվարանում եմ պատասխանել, բայց եթե շատ անկեղծ լինեմ, մի փոքր ավելի սիրում եմ հեռուստատեսությունը, որովհետև փոքր տարիքից շատ եմ սիրել հանրության առջև գործունեություն ծավալել, հանդես գալ, ինձ շատ կարևոր է էներգետիկան, որն ավելի շատ է հեռուստատեսությունում, բայց այսօր ռադիոյի օրն է, և ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ և՛ հին, և’ նոր, և’ գալիք ուխտավորներին։

Մերի Մանուկյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով